ԿարևորՀասարակություն

Ովքեր կկարողանան հատել հայ-վրացական սահմանը

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը բացվում է թույլտվություն ունեցող անձանց համար։ Սահմանը հատելու թույլտվություն ունեցողները Սադախլոյի անցակետից զատ այսուհետ կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Վրաստանում մոտ մեկ տարի գործում է սահմանային արգելքի որոշումը, սակայն Հայասանի հետ սահմանը հատելու թույլտվություն Վրաստանի որոշ քաղաքացիների բացառության կարգով տրվում է, օրինակ ուսանողներին։

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը բացվում է նաև թույլտվություն ունեցող անձանց համար։ Վերջիններս Սադախլոյի անցակետից զատ այսուհետ կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Անցակետով բեռնատարների երթևեկը շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով, թույլտվություն ունեցողների համար այն գործելու է ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածը։ Միաժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն պատվաստումից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Վրաստանը կոշտ սահմանափակումների շարքում շուրջ մեկ տարի ազատ տեղաշարժի համար փակ է պահում սահմանները բոլոր հարևանների հետ։ Թեւ Հայաստանն արդեն վերացրել է օտարերկրացիների համար օդային ու ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները, այդուհանդերձ Վրաստանի քաղաքացիներին դեռ չի թույլատրվում հատել հարեւանների, այդ թվում եւ Հայաստանի հետ սահմանը։

Հայաստանի հետ սահմանը հատելու Վրաստանի արտգործնախարարության թույլտվություն  հեշտությամբ ստանում են ուսանողները։ Վրաստանի քաղաքացին, ինչպես նախկինում այսօր ևս ներկայացնելով սահմանը հատելու իր պատճառաբանությունը, հնարավոր է թույլտվություն ստանա։ 

«Այս առումով որեւէ փոփոխություն չկա»,-Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում նշեց, որ Վրաստանի քաղաքացիները թույլտվության դեպքում կարող են հատել վրաց-հայկական հիշյալ երկու սահմանները, որևէ նոր կանոնակարգ չկա։

Սամցխե-Ջավախեթիում վերջերս մի քանի ակցիա տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի հետ սահմանները բացելու պահանջով։ Համավարակի պատճառով շուրջ մեկ տարի ելքի ու մուտքի արգելքներն էլ ավելի են խորացրել հայաշատ շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները։

Շրջանի բնակչությունը սերտ կապված է Հայաստանի հետ, Հայաստան մեկնել ցանկացողների թիվը շատ է։ Սահմանը հատելու ԱԳՆ-ի հատուկ թույլտվության համար նրանք այսուհետ կարող են նաև դիմել իշխող «Վրացական երազանք»-ի տեղի  գրասենյակի միջոցով։

«Ռադիոլուր»-ին կառավարությունից տեղեկացրին, որ միջգերատեսչական հանձնաժողովը աշխատում է ցամաքային սահմանը հատելու ռեժիմի փոփոխության վրա․ «Հնարավոր է մոտ օրերս գործադիրի միջգերատեսչական խորհուրդը փոփոխություն մտցնի ցամաքային սահմաններով ելքի ու մուտքի ռեժիմում»։

Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը դեռեւս  ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն այս պահին հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դեղաչափ) անցնելուց հետո։

Back to top button