ԿարևորՀասարակություն

Հրադադարը խախտվել է Ալիևի այցի ընթացքում․ Արցախի ՆԳՆ խոսնակ

  • Շուշիից և Հադրութից տեղահանվածները կբնակեցվեն Շոշում

Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհն Ադրբեջանին որևէ ձևով վերահսկողության հանձնելու հարց չի քննարկվում: «Ռադիոլուրին» փոխանցում է Արցախի ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Այս պահի դրությամբ պետական մակարդակով նման որոշում չկա։ Շոշը Կարմիր Շուկա-Մարտունի մայրուղու մի հատվածն է։ Այս պահին Շոշում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կառուցվում են բնակարաններ, վերանորոգվում են ավերված բնակարանները, և տեղահանված արցախցիները,

  • Հադրութում ռուս խաղաղապահների տեղակայումը հերքվում է

Հունան Թադևոսյանը հերքում է նաև հրապարակումները, թե Հադրութում ադրբեջանական զինծառայողները մեծաթիվ տներ են վառում, քանի որ, ըստ որոշ լուրերի, Հադրութի տարածքում առաջիկայում տեղակայվելու են ռուս խաղաղապահները։

«Մեր փրկարարական ջոկատները գրեթե ամեն օր անցնում են Հադրութով, գնում են Ջաբրայիլ, Ֆիզուլի, և որևէ մեկը նման բան չի տեսել։  Տներ այրվել են պատերազմի ընթացքում, բայց այս պահին նման տեղեկություններ չկան։

  • Ո՞ր օրերին չեն իրականացվում որոնողափրկարական աշխատանքներ

Արցախի նորաստեղծ ներքին գործերի նախարարությունը ներկայում համակարգում  է ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքները։ Պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախի փրկարարները աշխատել են գերծանարաբեռնված, հիմա  էլ նրանց աշխատանքում ոչինչ չի փոխվել։  Որոնողափրկարական աշխատանքները կատարվում են ամեն օր՝ բացառությամբ այն օրերի, երբ Ադրբեջանը թույլ չի տալիս։

«Դա կապված է լինում հիմնականում հրադադարի ռեժիմի խախտման հետ։ Երկու անգամ եղել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ՝ մեկը Շուշի Ալիևների այցի ժամանակ, մյուսը, երբ Ֆիզուլիում օդանավակայանի շինարարություն էր իրականացվում։  

  • Որտեղի՞ց են դուրս բերվել ամենամեծ թվով աճյունները

Այս ողջ ընթացքում  ամենամեծ թվով աճյունները դուրս են բերվել Շուշիից , ֆիզուլիի ու Ջաբրայիլի շրջաններից։ Մինչ այս պահը հայտնաբերվել է 1357 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձանց մարմիններ են: Զրուցակիցս ինքն էլ մի քանի անգամ մասնակցել է  որոնողափրկարարական աշխատանքներին։

«Դժվար է հոգեբանական առումով մի կողմից լինել քո հայրենիքում, բայց հյուրի կարգավիճակում, երբ քեզ թելադրում են, թե ինչ պետք է անես այնտեղ։ Մյուս կողմից էլ մեր զինծառայողների աճյուններն ենք  հանում։ Դա ամենամեծ ցավն է բոլորի համար»։

  • Արցախի բնակավայրերի շուրջ  80 տոկոսն արդեն ականազերծվել է

Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակը նաև տեղեկացնում է՝ Արցախի բնակավայրերի շուրջ  80 տոկոսն արդեն ականազերծվել է։  Այս պահին  աշխատանքները լեռնային կամ անտառային հատվածներում են։

Back to top button