Համավարակի պարտադրմամբ ստեղծված հայկական հավելվածներ՝ նոր ասելիք աշխարհում


Գիտությանը հատկացվող միջոցները պետք է կտրուկ ավելացվեն․ ներկայիս ՀՆԱ 0,7 տոկոսի փոխարեն 2024 թ․ դրանք պետք է կազմեն գոնե ՀՆԱ–ի 1 կամ պետական բյուջեի 4 տոկոսը։ Անցյալ տարի աշխարհում նորարարական ասելիքով հայտնի դարձած հայ մասնագետները, որոնք նախագծել և կյանքի են կոչել բջջային հավելվածներ, գնահատել են բյուջետային միջոցների սղությունը և պնդում են՝ դրանք անբավարար են։
Ամենահաճախակի իրավիճակներից՝ տանն եք՝ երեխաների կամ շան հետ։ Նրանք աղմկում են, իսկ ձեզ կատարյալ լռություն է պետք՝ շտապ տեսազանգ ունեք։ Լռության ապահովման խնդիրն արդիական դարձավ հատկապես համավարակի ու համատարած «լոքդաունի» ընթացքում։ Տեսազանգերի ժամանակ կողմնակի աղմուկը վերացնող համակարգչային հայկական հավելվածն ամենապահանջվածներից դարձավ Հայաստանում և Հայաստանից դուրս։
Նախագծող «Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը «Ռադիոլուր»–ին պատմում է՝ իրենց առաջարկից օգտվում են աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Գործիքը պահանջարկ ձեռք բերեց, իսկ նախագծող ընկերության արժեքը բազմապատկվեց․ այժմ գնահատվում է շուրջ 120 մլն դոլար։ Նպատակ ունեն այն դարձնել 1 մլրդ դոլար․
«Կրիսպ»-ը մշակվել է արհեստական բանականության հիմքի վրա։ Օգտագործվում են նաև թվային ազդանշանների մշակման տարբեր տեխնոլոգիաներ»,- ասաց Մինասյանը։
«Ֆորբս»-ը հայկական այս ընկերությունը դասեց արհեստական բանականությամբ զբաղվող 2020–ի 50 ամենախոստումնալից ընկերությունների շարքին։ Ընկերության առաջարկը՝ համակարգիչների համար նախատեսված այս ծրագիրը գիտական առաջարկը տնտեսության մեջ հաջողությամբ ներդնելու լավագույն օրինակներից է։ Գիտությունների թեկնածու Արտավազդն աղմուկի վերացման խնդրով 2016-ից է զբաղվում։ Մեկ տարի հետազոտեցին ու գտան տեխնոլոգիան։
Եթե գիտության մեջ գումար ներդրվի, գիտությունը շատ ավելի ադյունք կգրանցի՝ վստահ է Արտավազդը։
Համավարակի պարտադրմամբ ստեղծվեցին հայկական հավելվածներ՝ նորագույն ասելիք աշխարհում։ Գևորգ Սաֆարյանի ստեղծած բջջային հավելվածը դրանց շարքում է․սոցիալական հեռավորության պահպանման պահանջը կարող է կարգավորվել «Early one» հերթերի կառավարման բջջային հավելվածով։ Գևորգը չի բացառում՝ գուցե առաջիկայում նաև ժամադրություններն այդպես կարգավորեն։

«Այս պահին մեր համակարգը ներկայացված է վեց երկում։ Պահանջարկն աճում է։ Սկսում ենք առաջին քայլերն անել ԱՄՆ-ում։ Դուք կարող եք նախապես բժշկի մոտ ժամ վերցնել կամ հենց բժշկական կենտրոնում հերթագրվել։ Հոսքերը այնպես են կառավարվում, որ մարդիկ հերթում երկար չմնան։ Ցանկանում ենք,որ մեր առաջարկը դառնա մարդ-բիզնես հանդիպումների լավագույն հարթակը»,- նշում է Գևորգը։
Նորարարական հավելվածների հեղինակներին, բացի գաղափարներից, միավորել է գիտության ֆինանսավորման պակասն ու պահանջը։ Գիտությանն ուղղվող գումարներն են քիչ՝ արձանագրում է Գևորգ Սաֆարյանը․
«Առաջարկում ենք ոլորտն ավելի գրավիչ դարձնել,որպեսզի կարող երիտասարդները կարողանան գիտությամբ զբաղվել»։
Գիտության ֆինանսավորման հարցում բախվում են միջին ու երիտասարդ սերնդի գիտնականների կարծիքները։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանը, սակայն, «Ռադիոլուր»–ի հետ զրույցում հակառակն է պնդում, ասում է՝ գիտության մեջ փող կա, պարզապես շատ աշխատել է պետք։
«Տարբեր տեղերից հնարավոր է ֆինանս գտնել։ Ֆինանսավորման աղբյուրները տարբեր են։ Վերջին հաշվով՝ Հայաստանում մարդիկ գիտությամբ ամբողջական նվիրումով չեն զբաղվում»։
Երիտասարդները հակադարձում են՝ գումար կա, բայց՝ ոչ սկսնակների համար․
«Այո,գումար կա, սակայն,երիտասարդ գիտնականը պետք է ինչ-որ ճանապարհ անցնի, որ կարողանա ֆինանսավորումից օգտվել։ Իրենք չպետք է մտածեն՝ ինչպես հոգալ իրենց ծախսերը։ Հենց այդ հարցն առաջանում է, շատերը թողնում են գիտությունը»։
2021 թվականի պետբյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորման համար նախատեսված է շուրջ 13 միլիարդ դրամ կամ 25 միլիոն դոլար: Սա բյուջեի 0․77 տոկոսն է։ Գիտության առաջխաղացումն առնվազն պետք է քառապատկվի՝ իրենց հաշվարկներն են ներկայացնում մասնագետները։
Պետբյուջեից այսօր ֆինանսավորվում է 71 գիտական կազմակերպություն, որից 35-ը ԳԱԱ կազմում են, 21-ը՝ ԿԳՄՍ նախարարությանն է պատկանում, այդ թվում՝ 12 բուհ։ Պետական ծրագրերով ֆինանսավորում ստանում է շուրջ 4000 գիտաշխատող, որից գիտական աստիճան ունի 63.5 տոկոսը։