ԿարևորՏնտեսական

Թուրքական ապրանքի արգելքը ՀՀ ինչպե՞ս է ազդում ապրանքի քանակի և գների վրա

Արդեն ամսից ավելի է, ինչ գործում է «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը։ Չնայած սա առաջին հերթին քաղաքական որոշում է, սակայն հիմնված է տնտեսական գործոնների վրա։ Տնտեսական ազդեցությունների մասին, որոշ փորձագետների գնահատմամբ, դեռ վաղ է խոսելը, քանի որ մինչ արգելքը որոշ կուտակումներ եղել են։

Կառավարության որոշմամբ արգելվում է վերջնական ապրանքների սպառման ներմուծումը Թուրքիայից Հայաստան, իսկ հումքի վրա առայժմ արգելք դրված չէ։ Արդյո՞ք գտնվել են հայկական շուկան թուրքականից ազատելու ամենաշահավետ ճանապարհները, և որո՞նք են դրանք։ Ինչպիսի՞ն են այս պահի գնահատականները։

Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում կան շուկաներ, որտեղ թուրքական ապրանքներից ունեցած կախվածությունը բավականին մեծ է։

Տրիկոտաժե ապրանքներից  մինչև սնունդ ու կենցաղային իրեր՝ զգալի մասը ներմուծվում էրԹուրքիայից։ Հայաստանը Թուրքիայից ներմուծում է հիմնականում վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքներ, որոնք կազմում են ներմուծման մոտ 80%-ը, իսկ մնացած 20%-ը միջանկյալ սպառման ապրանքներն են՝ հումքը։

Որքանո՞վ է հաջողվել ներկրողներին՝ հաղթահարել հունվարից թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը և աշխատել այլ երկրների հետ։ Մինչ որոշումն ուժի մեջ կմտներ՝ Մաքսային ծառայության վերլուծությունը ցույց էր տվել, որ ավելի քան 700 անուն ապրանք է ներմուծվում Թուրքիայից։ Դրանց ո՞ր մասն է հաջողվել փոխարինել այլ երկրներից ներմուծմամբ, և ինչպես է ազդել դա գների վրա։ Թուրքիայից Հայաստան ներմուծմամբ զբաղվում է շուրջ չորս հազար տնտեսվարող, որոնք ժամանակավոր դժվարություններ են ունենալու, բայց, փորձագետների «Էքսպորտ Արմենիա»  ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանի գնահատմամբ, այս արգելքից բխող փոփոխությունների ազդեցությունն առայժմ վաղ է հստակ գնահատելը։

«Մեծ հաշվով՝ հունվար, փետրվար, մարտ ամսին մեծ փոփոխություն ներ չեն լինի, որովհետև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինչ-որ մի կուտակումներ եղել են թե՛ հումքի, թե մնացած արտադրանքների մասով»։

Թուրքիայից հիմա ապրանք չի գալիս Հայաստան։ Դրան ընդառաջ,  ըստ որոշ տեղեկությունների, տնտեսվարողները տարեվերջին նախատեսվածից էլ ավելի են ապրանք ներկրել,  կուտակել։ Իսկ թե որ երկրից ներկրմամբ պետք է փոխարինվի թուրքականը՝ ընթացքը ցույց կտա, քանի դեռ թուրքականն է շարունակում սպառվել։

էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանն վստահեցնում է՝ Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական մասը հնարավոր է փոխարինել համարժեք որակներով ապրանքով։  

«Հետազոտությունները ցույց են տվել, որ նույն որակի և տեսակի վերջնական սպառման ապրանքներ կարող են ներմուծվել այլ երկրներից, ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ և այլ երկրներից։ Ինչը շատ կարևոր է՝ նաև կարող են արտադրվել Հայաստանում»։

Ներկրման փոխարեն Հայաստանում ատադրության կազմակերպումը որքանո՞վ է  իրատեսական։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թուրքիայից ներմուծվող ապրանքները, մասնավորապես, տրիկոտաժը, ամբողջությամբ հնարավոր է մեր երկրում արտադրել։ Ժամանակին տրիկոտաժ արտադրողները  հենց այդպիսի խնդիր էին բարձրացնում՝ տեղական արտադրողին պաշտպանելու կոչով.

«Որ պետք է տեղական արտադրողին պաշտպանել՝ ներքին շուկայում ունենա որոշակի առավելություն և կարողանա իր ապրանքը իրացնել։ Ինչ վերաբերում է սննդամթերքին, հատկապես՝ գարնանը լոլիկի ներմուծմանը և այլն, այստեղ, իհարկե, խնդիրը մի փոքր բարդ է այն իմաստով, որ մեր արտադրողները չպիտի օգտվեն իրավիճակից և գները շատ բարձրացնեն»։

Այս պահին՝ կարճ ժամկետում հնարավոր չէ թուրքական ապրանքներն ամբողջությամբ փոխարինել տեղականով, հետևաբար հարկ է գտնել այլընտրանքային երկրներ, որոնցից ներմուծվող ապրանքները որակի ու գնի չափանիշերով մոտ կլինեն թուրքականին։ Այս համատեքստում շատերը նախ շեշտադրում են չինական ապրանքները։ Փորձագետների «Էքսպորտ Արմենիա»  ասոցիացիայի հիմնադիր Էմիլ Ստեփանյանի գնահատմամբ նույնպես՝ 100 տոկոսով իրատեսական է այդ ներմուծումների փոխարինումն այլ երկրների արտադրանքներով։

«Թուրքիան ոչ մի ունիկալ բան չի արտադրում։ Այդ ի՞նչ է արտադրում, որի փոխարինողն աշխարհում չկա։ Այսպես ասեմ՝ մեզ համար Թուրքիան ավելի շատ «հարմարության երկիր է»։ Այսինքն՝ շատ հեշտ էր գնալը ու էժան։ Սա էր։ Թուրքական ապրանքը, միգուցե, ավելի թանկ է, քան, ասենք, չինականը։ Բայց քանի որ գալիս է ավելի արագ և էժան, փոքր խմբաքանակներով կարող էիր բերել, իսկ Չինաստանից ավելի մեծ պարտիաներով ես բերում, որովհետև իմաստ չունի փոքրը, քանի որ ամիսներ շարունակ է»։

Ինչ վերաբերում է գնային հնարավոր փոփոխություններին, ապա, ըստ փորձագետի, նայած ինչ ապրանքի մասին է խոսքը։ Որոշներն այլ երկրից ավելի էժան կբերվեն, որոշներն՝ ավելի թանկ։ Բայց վստահ է՝

«Միանշանակ, կարող եմ ասել, որ ավելի էժան ենք բերելու։ Միգուցե՝ վերջում էլ մի գիծ քաշենք ու պարզվի, որ նույն որակը մենք ձեռք ենք բերում ավելի էժան»։

Էմիլ Ստեփանյանը որպես փոխարինող երկիր ամենաիրատեսականը դիտարկում է Իրանը։ Ներմուծումը երբեմն գները կայունացնող գործոն են, ուստի պետությունը նաև պետք է որոշակի խթանիչ քաղաքականություն իրականացնի որոշակի կարգավորումների հասնելու համար՝ ասաց Վազգեն Սաֆարյանը։

«Որպեսզի նրանք, ովքեր վարկեր են վերցրել, ջերմոցներ են կառուցել և ուզում են շատ արագ վարկը փակել՝ լոլիկը կամ, ասենք, բանջարեղենը գարնանը թանկ վաճառելով… էստեղ պիտի որոշակի պետական կարգավորման էլեմենտներ մտցվեն, որ Թուրքիայից ապրանքի չգալու դեպքում մեզ մոտ գները շատ չբարձրանան»։

էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Նաիրա Կարապետյանն ասում է՝ թուրքական ապրանքի ներկրման արգելքի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով անցումային ժամանակը թույլ է տվել տնտեսվարողին գտնել փոխարինման ճկուն մեխանիզմներ, որոշ ապրանքների մասով էլ հիմնել տեղական արտադրություն։

«Այստեղ բոլոր հնարավոր գործիքակազմով տնտեսվարողին կցուցաբերվի աջակցություն՝ ծագած խնդիրներին առավելագույնս արագ լուծելու նպատակով»։

Մի շարք երկրներ ևս, տարբեր պատճառներով, բոյկոտում են թուրքական ապրանքները։

Back to top button