ԿարևորՀասարակություն

Ի՞նչ արժեցավ 2020թ․ Հայաստանի զբոսաշրջային գրպանին

Պատերազմից հետո Հայաստանը զբոսաշրջության համար ապահով երկրների ցանկից դուրս է եկել և հայտնվել նախազգուշացվող երկրների ցանկում։ Սա՝ ըստ «Խոցելի երկրների ինդեքս» ամենամյա վերլուծական աղյուսակի։ Բայց  նույնիսկ այս պայմաններում Հայաստանը շարունակում է ավելի լավ դիրքերում լինել քան, օրինակ, Ադրբեջանը։

Ամերիկյան համալսարանի դասախոս, հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, պատմությանը հղում անելով, նշում է՝  նման կոնֆլիկտներ ու պատերազմներ տեսած բոլոր այն երկրները, որոնք կարողացել են ճիշտ քաղաքականության վարել, մի քանի տարում վերականգնել են զբոսաշրջությունը։

«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է պետական մակարդակում լուրջ քաղաքական կամք ունենալ՝ հասկանալու, որ զբոսաշրջությունը մակերեսային  գործունեություն չէ զբոսաշրջիկը «շորտիկով» և «մայկայով», ապարատը ձեռքին ինչ–որ անհայտ մարդ չէ։ Զբոսաշրջությունը շատ լուրջ  ազդեցություն ունի մեր տնտեսության, մեր հասարակության վրա և այսպիպի թերի ֆինանսավորմամբ անհնար է ընդամենը էնտուզիազմով հասնել այն արդյունքներին, որոնց մասին ես խոսում եմ»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փոխանցում է իրենց նպատակը՝ 2021-2024թթ կրկնապատկել ներգնա զբոսաշրջային այցերը։ 2019թ Հայաստան շուրջ 1.9 միլիոն ներգնա այցելություն է եղել․սա  պետական բյուջեին  բերել է շուրջ 300 միլիոն դոլարի եկամուտ։ Վերջին տարում զբոսաշրջության ոլորտի անկումը Հայաստանի «գրպանին» արդեն շուրջ 2 միլիարդ դրամ է արժեցել։  

«Այսօր առաջնային անելիքներից պետք է լինի նաև զբոսաշրջության ոլորտին տրամադրվող միջոցների մեծացումը, հատկապես համաշխարհային շուկայում հայկական տուրիզմի մարքեթինգին ուղված միջոցները մեծացնելը՝ գոնե մոտեցնել միջազգային ստանդարտի կեսին։ 2009թ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության տվյալներով զբոսաշրջությունը կարևորող երկրները մարքեթինգին տրամադրում են մեկ զբոսաշրջիկի հաշվարկով 4-6 դոլար, իսկ մեզ մոտ առավելագույն թիվը եղել է 40 ցենտ»։

Մասնագետները խնդրում ու պահանջում են՝ պետական մարմինները զբոսաշրջության միջոցով ստացող եկամուտների գոնե 1%-ը պետք է ուղղեն զբոսաշրջային ոլորտի մարքեթինգին և խթանմանը, որպեսզի հնարավոր լինի աշխարհին նորովի ու նոր բովանդակությամբ ներկայանալ։

«Մենք այսօր հպարտանում ենք, որ աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց դրա մասին գիտենք մենակ մենք։ Ես բազմիցս ուսումնասիրել եմ, թե արդյոք ովքեր են գրում դրա մասին, ինչ տուրեր են կազմակերպվում, և հիմա վստահ եմ, որ այդպես է։ Շատ կարևոր է հատկապես հետպատերազմյան շրջանում խոսել հյուրընկալության և ապահովության մասին, սա  ևս մարքեթինգային քաղաքականության մի մաս է»։

Զբոսաշրջության ոլորտը վերականգնելուց հետո, մասնագետների համոզմամբ, շատ կարևոր է նաև ոլորտի մասնագետների վերապատրաստումը, քանի որ համավարակի ալիքը հաղթահարելուց հետո զբոսաշրջության մեջ կհաղթեն այն երկրները, որոնք առավել ակտիվ և ճիշտ մարքեթինգային քաղաքականություն կվարեն։ Հայաստանը պետք է պատրաստ լինի այս մրցակցությանը։ Այդ նպատակով Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներդնում է  Հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման մագիստրոսական ծրագիր։

«Առաջին երեք տարին շատ լուրջ աջակցություն է ցուցաբերվելու այս կրթական ծրագրին, և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների համար մինչև 90 կսուբսիդավորվի ուսման վճարը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա»։

Ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը հայտնի մարքեթինգային մոտեցումն է մատնանշում՝ եթե ժամանակները լավ են, լավ կլինի, որ գովազդեք, եթե ժամանակները վատ են՝ պարտադիր է, որ գովազդեք։ Գրագետ զբոսաշրջային գովազդի կարիք Հայաստանն ունի, հատկապես, այսօր։

Back to top button