ԿարևորՄշակույթ

«Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդեսը հայ-իրանական մշակութային հարաբերություններին նոր լիցքեր կհաղորդի

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին: Մրցույթի նպատակն էր հայ երեխաներին մոտիկից ծանոթացնել այդ հարուստ մշակույթ ունեցող երկրին և նպաստել հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Մրցանակաբաշխմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Ներկաները շրջել են ճեմասրահում և դիտել հայ երեխաների ստեղծագործությունները՝ նվիրված հարևան Իրանին:

Հանդիսության սկզբում գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ գրադարանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցում է 2006 թվականից և այդ տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ համատեղ կրթամշակութային ծրագրեր՝ միտված երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

«Մեր համագործակցության նպատակը նաև երկու ժողովուրդների մշակույթներին ու պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալն ու բացահայտելն է, և այս մրցույթը ևս միտված է այդ նպատակին: Իրանի մշակույթն ու պատմությունն այնքան խորը, հարուստ և բազմաշերտ են, որ ամեն օր բացահայտելու կարիք ունեն: Այս միջոցառումը երեխաների համար մեր հարևան երկիրը բացահայտելու ևս մեկ հնարավորություն է»,- նշել է տնօրենը և համատեղ գործակցության համար շնորհակալություն հայտնել Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին՝ հույս հայտնելով, որ այդ ծրագիրը շարունակական կլինի:

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ ուրախ է բարեկամական մթնոլորտում ներկա գտնվել միջոցառմանը: «Նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը կարող է արդյունավետ լինել ժողովուրդների միջև կապերը սերտացնելու առումով, այդ թվում՝ նաև Հայաստանի և Իրանի, որը շատ խորը անցյալից է գալիս»,- փաստել է դեսպանը և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծել է, որ հայ-իրանական պատմական կապերը դարերի պատմություն ունեն, սակայն դարերի պատմություն ունի նաև մեր հարգանքը և հիացմունքն իրանական մշակույթի հանդեպ: Բավական է այցելել Մատենադարան, տեսնել իրանական ձեռագրերի չքնաղ հավաքածուն, բավական է ուշադրություն դարձնել մեր երկրում իրանական կոթողներին, և մենք կտեսնենք, թե մեր կապերն իմաստավորելու և խորացնելու ինչպիսի ամուր հիմքեր ունենք:

«Այս կապակցությամբ ուզում եմ ասել, որ նախատեսում ենք Մեղրիում կազմակերպել իրանցի և հայ պատանիների համատեղ մշակութային հանդիպումներ, որոնք, անշուշտ, նոր լիցքեր կհաղորդեն երկկողմ հարաբերություններին»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ գունեղ ու պայծառ այս ցուցահանդեսը ևս այդ լիցքերի մաս է կազմում:

«Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի հաղթողներն են. 1-ին մրցանակ՝ Միլենա Հակոբյան (թիվ 200 դպրոց), 2-րդ մրցանակ՝ Վիկտորյա Մեսրոպյան (136 դպրոց), 3-րդ մրցանակ՝ Լյուսի Եղինյան (թիվ 6 դպրոց), հատուկ մրցանակ՝ Էլենա Հայրապետյան (136 դպրոց):

Back to top button