ԿարևորՀասարակություն

Հոգեբաններն աջակցություն են ցուցաբերում արցախցի երեխաներին

Արմավիրի «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնում ժամանցային ծրագրի միջոցով  հոգեբանական աջակցություն են ցուցաբերում է հակամարտությունից տուժած երեխաներին:  Ծրագիրն իրականացվում է «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության ֆինանսավորմամբ: Հոգեբանական խաղերի ու թեսթերի միջոցով արցախցի երեխաները  հաղթահարում են վախերը:

Պատերազմը ծանր է անդրադարձել ռումբերի պայթյուններից փրկված ու Հայաստանում ապաստանած արցախցի երեխաների հոգեբանության վրա: Ինքնաթիռի, շտապօգնության մեքենայի ձայներից երեխաների ուշադրությունը հաճախ սևեռվում է, սարսափած վեր  են թռչում և վազում մի կողմ: Ամեն մի ուժգին ձայնը նրանք  նմանեցնում են պատերազմի ձայներին:

Հոգեբան Սոֆիկ Մինասյանը համակարգում է Արմավիրի  «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնում «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության կողմից ֆինանսավորովող   «Հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների անվտանգ պաշտպանական միջավայրի ապահովում Հայաստանում» ծրագիրը: Ասում է, որ տարբեր թերապիաների միջոցով օգնում են հաղթահարել վախերը, զարգացնել հմտությունները շտկում են խոսքը,:

Արևածագում հիմա նաև արցախցի երեխաները բարբառային հնչյուններին են  արձագանքում: Տարբեր խառնվածքի երեխաների մոտ հաճախ նկատվում են ագրեսիվության դրսևորումներ: Անհրաժեշտության դեպքում «Արևածագի» մասնագետները երեխաների հետ անհատական զրույցներ են անցկացնում, իսկ հիմնական նպատակը առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելն է, որն իրականացնում են  ժամանցային ծրագրերի միջոցով՝ երեխաներին հաղորդելով  լավ տրամադրություն և թեթևություն:

Խաղերը հետաքրքիր են դարձնում երեխաների առօրյան, նոր ընկերներ են գտնում, շփվում: Էրգոթերապևտ Սյուզաննա  Թորոսյանը հաճախ է ընդառաջ գնում  երեխաների ցանկություններին և օրվա վերջում  թույլ տալիս ազատ լինել խաղասենյակներում, խաղալ  հետաքրքրող խաղալիքներով կամ թավալվել գունավոր ավազանի մեջ:

Ծրագրում ընդգրկված են մինչև 18 տարեկան երեխաները: Դեռահասների ու պատանիների նախասիրություններն այլ են: Հոգեբան Նաիրա Մխիթարյանը նրանց հետ տարբեր թեմաների շուրջ է զրուցում, հետաքրքրաշարժ տեղեկություններ տալիս, զարգացնում ինտելեկտը: Ընթացքում օգտվում են համակարգչից.

«Ավելի շատ քննարկում ենք մասնագիտական կողմնորոշման, կյանքի ուղու ընտրության հարցերը: Էդ առումով այսօր հետաքրքիր վարժություն ենք ունեցել, ծանոթացել ենք նոր ժամանակների մարտահրավերներին: Երբեմն խոսում ենք մեր հույզերից, ապրումներից»:

Եթե սկզբնական շրջանում երեխաները դժվարությամբ են եկել կենտրոն, ծնողներն  անպայման ուղեկցել են նրանց,  ապա հիմա մենակության  վախերը գրեթե հաղթահարված են.  

«Փոխվելա արդեն, առաջ չի ուզեցել գնա դպրոց, հիմի ինքը սիրուն դպրոցա գնում: Ազդեցությունը կա»: Ծնողներն էլ սպասելիս իզուր ժամանակ չեն կորցնում:  Ծրագրի համակարգող Սոֆիկ Մինասյանը նրանց հետ էլ է աշխատում՝ կազմակերպելով ծնողավարման դասընթացներ:

Back to top button