ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ ջրային շոուի տոմսեր գնելը մեր համաքաղաքացիներին հասցրեց ոստիկանություն

Երևանյան համերգների ու ներկայացումների չեղարկումն ու վաճառված տոմսերի գումարը չվերադարձնելը կարծես օրինաչափություն է դարձել։ Նախապես հայտարարվում է համերգների մասին, մեծ թվով տոմսեր արդեն սպառված են լինում, և պաշտոնական հայտարարություն՝ «համերգը չի կայանա»։ Դեռ անցյալ տարվանից  փակ շրջանով պտտվող մի այսպիսի հերթական դեպք՝ մեր տեսադաշտում։ 

«Ուր ուզում եք դիմեք, թեկուզ ոստիկանություն»: Սա քաղաքացիների դժգոհության պատասխանն է։ Արդեն մեկ տարի է՝ անընդհատ հետաձգվում է երեւանցիներին խոստացված ջրային կրկեսը։ Սպառողները պահանջում են վերադարձնել տոմսերի գումարը, բայց ապարդյուն։ Տոմսերի միայն 5 տոկոսն է փոխհատուցվել, ու վերադարձը դադարեցվել է։

«Եթե ոչ մի արդյունքի չհասնենք, կդիմենք դատական մարմիններին»: Ռամազոտիի չեղարկված համերգը ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դեպքն է, երբ համերգը չի կայանում, իսկ տոմսերի վերադարձի պահանջը հասցնում է ոստիկանություն ու դատարան։ Դեռ մեկ տարի առաջ շուքով հայտարարվեց Երևանում ջրային կրկեսի մասին, այն պիտի կայանար մարզահամերգային համալիրում՝ մարտի 6-ին և 7-ին։ 2500-20.000 դրամանոց տոմսերը բավականին արագ գնորդ գտան։ Սակայն միջոցառումը հետաձգվեց նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով։ Մարդիկ շտապեցին վերադարձնել ոչ էժան տոմսերը։ Բայց․․․«Բայցերի» մասին Լիանա Գրիգորյանն է պատմում, որը շոու-ներկայացման  հինգ տոմսի համար վճարել է 20 հազար դրամ:

«Փետրվարի վերջերից tomsarkgh.am-ից տոմսեր պատվիրեցինք, տոմսի արժեքը 4000 դրամ էր։ Անընդհատ ձգձգելով ոչ կարողանում ենք տոմսերը վերադարձնել, ոչ էլ փոխանակել։ Հիմա էլ պատճառաբանում են, թե մայիսին կկայանա միջոցառումը, բայց անգամ դա հաստատ չգիտեն»։

Զրուցակիցս մեկ անգամ չէ, որ դիմել է «Տոմսարկղ․ամ»–ի տոմսերի վաճառքի կազմակերպիչներին, բայց ապարդյուն։ Այստեղից ոչ կազմակերպիչների կոնտակտներն են տրամադրում, ոչ էլ այլ լուծում  առաջարկում՝ դժգոհում է մյուս զրուցակիցս։ Արմինեն էլ 6 տոմս է գնել։

«Ասում են, որ կազմակերպչի մոտ է գումարը։ Իսկ կազմակերպիչը վերադարձ չի կատարում։ Տոմսերի 5 տոկոսի վերադարձ եղել  է դեռ ամենասկզբում։ Դրանից հետո հայտարարեցին, որ դադարեցվել է փոխհատուցումը։ Այլևս չեն վերադարձնում գումարը»։

Այսօրինակ խնդիրներ ծագում են արդեն քանի տարի, ու արդեն քանի տարի հարցը չի կանոնակարգվում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

«Բազմաթիվ համերգային միջոցառումներ են չեղարկվել, որոնց տոմսերի վերադարձի խնդիր է առաջացել»: Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող զրուցակիցս արձանագրում է՝ խնդիրը պետք է ստանա համակարգված կարգավորում, չի կարելի սպառողին իր խնդրի հետ թողնել  մենակ՝ միայն տնտեսվարողի հույսին: Տեսականորեն հնարավոր են ամենատարբեր չարաշահումներ, և պետությունը պետք է ոչ թե սպասի, որպեսզի հետագայում վերացնի չարաշահումը, այլ մշակի գործիքներ՝ չարաշահումները բացառելու: Բաբկեն Պիպոյանը ժամանակին նույնիսկ տարբերակ է հուշել։

«Մենք առաջարկեցինք տարբեր լուծումներ։ Մասնավորապես՝ տոմսերի համար վճարված գումարների սառեցումը մինչև միջոցառման կայանալը։ Այսինքն՝ կազմակերպությունը պարտավորվի ծախսերը հոգալ ոչ տոմսերի վաճառքից գոյացած գումարներից։ Միայն միջոցառումը կայանալուց հետո իրավունք ունենա այդ գումարները ծախսել»։

Այս առաջարկը նույնիսկ ԱԺ-ում սկսեց քննարկվել, բայց այդպես էլ ընթացք չստացավ։ «Չի կարելի ունենալ նման բարձիթողի վիճակ։ Մենք անընդհատ խոսում ենք տեսչական բարեփոխումներից, մինչդեռ դրանք կարծես միտված են ոչ թե սպառողների շահերի, այլ բիզնեսի շահերի պաշտպանությանը, խախտված է բալանսը։ Ի վերջո՝ այսօրվա դրությամբ ՀՀ–ում սպառողների իրավունքների պաշտպանությունը, որպես համակարգ, բացառապես քաղաքացի–բիզնես–դատական համակարգ եռանկյունու շրջանակում է գտնվում»։

Դատարան միանշանակ դիմելու են՝ որոշել են տոմսը գնած քաղաքացիները։ Չգիտեն՝ ինչ արդյունքի կհասնեն, բայց այլևս տոմս չեն գնելու «Տոմսարկղ․ամ»-ի միջոցով։ Մինչ հիասթափված քաղաքացիները վերջինին են մեղադրում, «Տոմսարկղ․ամ» ընկերության մենեջեր Սամվել Մովսեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում իր հերթին է հավաստիացնում՝ իրենք պարզապես միջնորդ  են տվյալ իրավիճակում, ու միջոցառման կայացումն իրենց շահերից էլ է բխում։ Իսկ սպառողի շահերից բխող հիմնական կարգավորման մասին դեռ խոսք չկա։

«Հաճախորդներից շատ ենք ստանում դժգոհություններ, որ տոմսը գնել ենք ձեզանից, դուք էլ պետք է վերադաձնեք տոմսի գումարը։ Բայց մենք համագործակցում ենք գործակալական պայմանագրի հիման վրա և ամսական վաճառում ենք 200-300 միջոցառում։ Բայց մենք այդ միջոցառումների կազմակերպիչը չենք, հաճախորդը մեր միջոցով գումարը փոխանցում է  կազմակերպչին»։

Կազմակերպիչը, ի դեպ, չի հրաժարվում ներկայացումից։ Եթե խանգարող հանգամանքներ չլինեն, գարնանն անպայման կկայանա վաղուց խոստացված ջրային կրկեսը։ «Ուկրաինական կրկեսը հայտարարել է, որ մայիսի ապրիլի 30-ին, մայիսի 1-2–ին գալու է Հայաստան ու դա լավագույն տարբերակն է։ Մի կողմից հասկանում եմ, որ ավելի շատ անհանգստանում ենք հաճախորդի տոմսի վերադարձման համար, բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ իրոք կազմակերպչի մեղքով չի եղել»։

Եթե, այնուամենայնիվ, ներկայացումը տեղի չունենա, կազմակերպիչն արդեն ստիպված կլինի վերադարձնել վաճառված տոմսերի գումարները։ Թեև «Տոմսարկղ․ամ»-ում լավատես են։ Հուսով են՝ այս անգամ ոչինչ չի խոչընդոտի երեխաների կողմից այդքան սպասված շուո–ներկայացմանը։

Back to top button