ԿարևորՀասարակություն

Արցախ. պատերազմը չարգելեց ապրել (լուսանկարներ)

Շոշի ակտիվ շինաշխատանքների ձայնը խլացնում է Շուշիից լսվող նամազը

Շոշ գյուղից երևում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը։ Գյուղի տարանցիկ ճանապարհը բնակիչները կիսում են ադրբեջանցիների հետ։ Տեղացիները հիմնականում վերադարձել են իրենց տներ, որոնք կամ լիովին ավերված են կամ կիսաքանդ։ Վերադարձել են՝ վերականգնելու հինը, շենացնելու նորը։ Շուշի քաղաքից ամեն օր գյուղացիները լսում են նամազի ձայներ, որոնք, սակայն, խլացնում են շինաշխատանքների ձայները։ Գյուղը չի հայաթափվել։ Գյուղը չի հայաթափվելու։

Պատերազմը չարգելեց ապրել․ Աղավնոյում դպրոց ու խաղահրապարակ է կառուցվում

Աղավնո գյուղի անորոշ ճակատագիրը տեղացիների համար վաղուց որոշված է․ գյուղն իրենցն է, իրենց հայրենիքն է, և այն լքել չեն պատրաստվում։ Պատերազմի առաջին իսկ օրերից հին դպրոցի կողքին կառուցում էին նորը։ Գյուղի երեխաները հիմա էլ սիրով հաճախում են դպրոց, այնպես ինչպես կարգն է՝ դասերը լավ սովորած, դպրոցական համազգեստով, պայուսակով  և անհրաժեշտ գրենական պիտույքներով։  

Գյուղապետը, դպրոցի տնօրենը և մյուս համագյուղացիները միաբերան կրկնում են՝ գյուղը լքել չեն պատրաստվում, հակառակը, ամեն բան անելու են, որ վերադառնան բոլոր նրանք, ովքեր պատերազմի օրերին լքել են այն։

Թաղավարդ․ պատերազմի պարտադրած նոր սահմանները՝ մի քանի մետրի վրա

Պատերազմի օրերին Թաղավարդ գյուղում ընթացող թեժ մարտերի արդյունքում գյուղի կեսը՝ շուրջ 140 տուն, մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Տեղացիները հիմնականում չեն լքել գյուղը։ Գյուղի գերեզմանոցը մնացել է հակառակորդի գրաված կողմում։

Տեղացիներից շատերը մասնակցել են նաև 90-ականների կռվին, պատմում են՝ այս անգամ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ էին կռվում, այլ թուրքական, և նրանք անհամեմատ շատ էին։  Գյուղը, սակայն, հերոսաբար պաշտպանել են գյուղի բնակիչներն ու հայ զինվորները, որի արդյունքում էլ հաջողվել է գյուղի կեսը պահել։ Գյուղացիները տխուր են, բայց ոչ հուսահատ, ասում են՝ միայն վատ է այն, որ ընտանիքի անդամի գերեզմանին այլևս մեկ ծաղիկ դնել չեն կարողանում։

Back to top button