ԿարևորՀասարակություն

Արցախում սկսվել է բնակեցման փուլային ծրագիր. Մանե Թանդիլյան

Արցախն սկսել է բնակեցման փուլային ծրագիր՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանի խոսքով՝ եթե ֆինանսական միջոցներով սոցիալական ճգնաժամային խնդիրները լուծված են, ապա բնակեցման հարցը դեռ մնում է խնդիր։

Արցախը կարեւորում է գյուղական վայրերում մարդկանց բնակեցումը եւ վերաբնակեցումը։ Ուստի Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների կիսակառույց, ոչ բարվոք վիճակում գտնվող տները կվերանորոգվեն, կկահավորվեն եւ գյուղատնտեսական միջոցների հետ կհատկացվեն մարդկանց։ Գյուղերում բնակվելու 300-ից ավելի դիմում արդեն ստացվել է, մի շարք ընտանիքներ բնակեցվել են։

«Սոցիալական աջակցության առանձին լուծում է նախատեսվում շուրջ 35 հազար արցախցու՝ բոլոր նրանց համար, ում տունը, բնակության վայրն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում է։ Այստեղ հաշվարկն ընտանիքի ամեն անձի հաշվով է, յուրաքանչյուրին՝ 300 հազար դրամի չափով։ Դիմումներն արդեն ընդունվում են»,- մանրամասնել է Մանե Թանդիլյանը։

Արցախի եւ Հայաստանի կառավարությունները համատեղ սոցաջակցության 15 ծրագիր են իրականացնում՝ ժամանակավոր աշխատատեղեր ապահովելու, դրամական օժանդակություն հատկացնելու, բնակարաններով ապահովելու ուղղություններով։ Կոմունալ ծախսերի փոխհատուցում, առանձին կարիքների գնահատում՝ սա եւս ամենօրյա աշխատանքի մի մասն է՝ բարեգործական կազմակերպությունների լուրջ աջակցությամբ։ 

Թանդիլյանի խոսքով՝ որոշ տեխնիկական խնդիրներ են եղել շուրջ 100 հազար քաղաքացու ֆինանսական աջակցություն տրամադրելիս՝ անձնագրերի տվյալների ստացման պատճառով, բայց դրանք ճշգրտվել են։

250 հազար դրամ աջակցություն է նախատեսվում շուրջ 5 հազար քաղաքացու համար, այն անձանց, որոնց բնակության վայրն Արցախի տարածքում է, սակայն ավերվածության, խիստ սահմանամերձ լինելու կամ այլ պատճառով այս փուլում հնարավոր չէ բնակեցնել։

Նոր տներ եւս կառուցվում են, նախատեսվում են նաեւ ժամանակավոր՝ արագ հավաքվող կացարաններ։

«Փորձում ենք լուծել բոլորի խնդիրները»,- ասել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Back to top button