ԿարևորՀասարակություն

Աշխատանքային միասնական շուկա՝ ԵԱՏՄ-ում

Այսօր Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս տարվա հունվարի 1-ից Ղազախստանն է նախագահում Եվրասիական տնտեսական միությունում։

Ըստ պաշտոնական տեղեկագրի, սկզբում նեղ, այնուհետև ընդլայնված կազմով միության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները։ 

Մասնակիցները ներկայացրել են նաեւ անդամ երկրների մակրոտնտեսական իրավիճակը, անդրադարձել միության ներքին շուկային առնչվող ինտեգրացիոն օրակարգին։ Մինչ նիստը վարչապետը մասնակցել է նաեւ «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին։

Եվրասիական Տնտեսական միության երկրների ներքին շուկայի պաշտպանության հարցը առաջիններից է, որ բարձրացնում է Հայաստանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես, կարևորում է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ Զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը՝ հույս հայտնելով, որ ընթացիկ տարին առավել արդյունավետ կլինի:

«Այս կապակցությամբ կցանկանայի նշել բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում հետագա համագործակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Հայաստանն ավանդաբար ակտիվորեն աջակցում և մասնակցում է Միության թվային օրակարգի իրականացմանը»։

ԵԱՏՄ խորհրդի նիստին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը ուշադրություն հրավիրեցին «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի բջջային հավելվածի պիլոտային նախագծի մեկնարկին: Այս նախագիծը, ըստ վարչապետ Փաշինյանի,  հնարավորություն է տվել փոխընդունելի լուծումներ գտնել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների հարցում։ Ըստ Փաշինյանի՝ սա, սակայն, նախևառաջ Հայաստանի համար էական սոցիալական և տնտեսական նշանակություն ունի։ Ծրագրի կարևորությունը շեշտում է նաեւ Ռուսաստանի վարչապետը․ նախաձեռնությունը հնարավորութուն տվեց գրեթե մեկ տարվա դադարից հետո վերաբացել ՌԴ-ի օդային սահմանը Հայաստանի և Բելառուսի հետ։ 

Հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառման հարցը ևս հայկական կողմը բարձրացնում է օրակարգային հարցերի կողքին․ դրանց վրա ուշադրություն է հրավիրում Փաշինյանը՝ շեշտելով՝ սրանք կարող են հայրենական արտադրողներին պաշտպանել երրորդ երկրներից գնալով աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից։ Միասնական մոտեցումը կհանգեցնի նրան, որ Միության երկրների ապրանքներն առավել մրցունակ կլինեն երրորդ երկրների ապրանքների նկատմամբ։

Ապրանքների սահուն տեղաշարժի կազմակերպումն առաջնահերթորեն կարևորում է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, «որպեսզի 5 երկրների համար միմյանց շուկաներն առավել հասանելի դառնան»։

«Հարկ է խթանել հատկապես թվային նախաձեռնությունները»,- շեշտում է Ղազախստանի վարչապետը։

Այսօր ամփոփվել են նաև համավարակի հետևանքները ԵԱՏՄ «գրպանի» համար։

2020թ.-ին Եվրասիական տնտեսական միության համախառն ներքին արդյունքը, նախնական տվյալներով, նվազել է 3,9 տոկոսով։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Միասնիկովիչը, սակայն, փոխանցում է դրական կանխատեսումներ․ 2021-ին սպասվում է միության ՀՆԱ-ի 3,2 աճ։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում նոր գաղափար էլ կա՝ գործարկել հավելված, որտեղ «միասնական պատուհանում» հասանելի կլինեն տեղեկություններ ԵԱՏՄ ողջ տարածքում թափուր աշխատատեղերի մասին։

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը պետք է գործարկվի եկող տարեսկզբին՝ մանրամասնում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այն կօգնի աշխատանք գտնել «հնգյակի» պետություններում:

«Սա մի ծառայություն է, որից կարելի է օգտվել թափուր աշխատատեղեր գտնելու, անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում նաև բժշկական ապահովագրության ձևակերպման համար, այն կօգնի նաև բնակարանների ընտրության հարցում։ Մենք ակնկալում ենք, որ Միության անդամ երկրներում գործող տեղեկատվական հարթակները կարող են նույնականացվել, եւ մուտք գործելով ծրագիր՝ հնարավոր կլինի փնտրել աշխատանք ԵԱՏՄ տարածքում»,- ասել է Միշուստինը։ 

ԵԱՏՄ շրջանակում գործակցության զարգացման համատեքստում Հայաստանի վարչապետը խոսել է իր երկրի հետ հեռանկարային քայլերից՝ մատնացույց անելով հատկապես թվային տեխնոլոգիաների ոլորտը․ սա երկրի տնտեսության ամենաարագ աճող ճյուղն է, բացառիկներից, որ 2020-ին աճ է արձանագրել, այն էլ 20 տոկոսով։ 

Back to top button