ԿարևորՎերլուծական

Պատերազմ պատերազմից հետո. Ադրբեջանում հողերն են բաժանում

Մինչ քաղաքական որոշ շրջանակներում Ադրբեջանը փոխանակվում է հետպատերազմյան շնորհավորանքներով և հրավերներ ուղարկում՝ այդ տարածքներում ներդրումներ անելու, մյուս կողմից, սակայն, քաղաքական ավելի բարձր մակարդակներում զսպող, զգոնացնող կոչեր են հնչում։

Մասնավորապես, օրերս ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, թե այդ երկրում ԱՄՆ դեսպանն է «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» աթիվ շնորհավորել Ադրբեջանին։

Այս հայտարարության համար կոնգրեսական Բրեդ Շերմանը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ հիշեցնելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ միանգամայն այլ տրամաբանության մեջ արված հայտարարությունը։  

Ի՞նչ են նշանակում ներդրումներ անելու ադրբեջանական հրավերները և ի՞նչ սպասել, մասնավորապես, ԱՄՆ-ից՝  հակադիր հայտարարությունների ֆոնին։ Արդյո՞ք ԱՄՆ նոր վարչակարգից պետք է ակնկալել ԼՂ հարցում առավել նոր ակտիվացում։

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի իշխանությունները մի կողմից ստանում են հետպատերազմյան շնորհավորանքներ և հրավիրում այդ տարածքներում ներդրումներ անելու, մյուս կողմից, սակայն, այդ տարածքների թալանին են լծված ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները, որոնց ագահությունը զսպելու հեռուստակոչ է անում անգամ ինքը՝  Ալիևը։

Մեծ ու փոքր պաշտոնյաները, օլիգարխներն ու հատկապես զինվորականները փորձում են իրար մեջ բաժանել Արցախի գրավյալ բնակավայրերի ունեցվածքը՝ նկատում է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը՝ ՖԲ-ում գրելով.

«Ընդամենը 3 ամսվա ընթացքում թալանչիների ագահությունը հասել է նրան, որ սկսել են իրար նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ սպանություններ են եղել Հադրութը թալանող զինվորականների շրջանում։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի չի կարողանում իր ձեռքում պահել վերահսկողությունը և ստիպված է եղել հեռուստատեսությամբ զգուշացնել, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր կշարունակեն թալանը։ Բայց Ադրբեջանում  լավ են հասկանում՝ ով է գլխավոր թալանչին»։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բավականին իրարամերժ են ու հակասական՝ մեզ հետ զրույցում նկատում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Հաղթանակի էյֆորիայի ներքո, ըստ նրա, Ալիևի հայտարարությունները շեղում են այդ հասարակությանը, որը չի տեսնում՝ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Սառն ուղեղով նայելու դեպքում կտեսնեն, որ իրականությունն այն չէ, ինչ ներկայացվում է՝ ասում է փորձագետը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ իրենց, այսպես ասած, տարածքային ամբողջականությունը վերականգնելու առթիվ օրերս շնորհավորել ու այդ տարածքներում ներդրումներ անելու պատրաստակամության մասին է խոսել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։ Նման հայտարարության համար Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից պատասխաններ է պահանջել կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Նրան միացել են կոնգրեսական մի շարք գործընկերներ՝ պնդելով՝  Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հակասում է ԱՄՆ պետքարտուղարի արտահայտած դիրքորոշմանը։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատում է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել, ըստ էության չհերքելով, որ դեսպանը նման հայտարարություն է արել։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական վերջին գործողությունների առնչությամբ ԱՄՆ նոր ղեկավարությունը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունն ու անհրաժեշտության պարագայում կկասեցնի այն: Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ անհրաժեշտ հանգամանքների պարագայում իրենք պատրաստ են աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարության հետ՝ որոշելու օգնության անհրաժեշտ չափը, որը կբավարարի Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգային կարիքներին:

Նշենք նաև, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության առնչությամբ ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, իսկ Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, քննարկել տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության վերաբերյալ հարցեր:

Այս մասին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից նաև տեղեկանում ենք.

«Գրեգորի Միքսը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև ու կայուն կարգավորման հասնելու նպատակով»։  

Նման հայտարարություններից հետո, քաղաքագետի կարծիքով, մենք կարող ենք ընդհանրապես ԱՄՆ-ի ակտիվությանն առաջիկայում ականատես լինել, քանի որ Բայդենի արտաքին քաղաքականությունն է առավել ակտիվ ու նախաձեռնողական։

Ցուցադրել ավելի
Back to top button