ԿարևորՀասարակություն

Որքան շատ մարդ սկսի տեսակավորել թափոնները, այնքան քիչ աղբ կունենանք

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և էկո Աղբ բնապահպանական ՀԿ-ի գործակցությունն այսօր ամրագրվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումով։

Գործակցության նպատակն է քաղաքացիների էկովարքագծի ձևավորումը և թափոնների տեսակավորման արդյունավետության բարձրացումը, որի համար կլինի՝

  • թափոնների կառավարման ոլորտում փորձի փոխանակում,
  • շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերի իրականացում,
  • տեղեկատվական և հանրային իրազեկման արշավների կազմակերպում:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանի խոսքով քաղաքացիական հասարակության հետ գործակցությունը կարևորագույն քայլերից է։

«Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը կօգնի բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության աստիճանը, արդյունավետ գործել և ձևավորել ավելի մաքուր միջավայր։ Իսկ «Էկո աղբ» ՀԿ-ն այս գործում ունի մեծ փորձ և լավագույնս է պատկերացնում, թե ինչպես և ինչից է պետք սկսել իրազեկման արշավը»։

էկո Աղբ ՀԿ-ն նույնպես պատրաստակամ է և համոզված, որ պետական կառույցների հետ համատեղ ծրագրերը միայն կօգնեն նպաստել էկովարքագծի փոփոխությանը։ Կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի փորձառությունն այս ոլորտում հուշում է, որ հանրային իրազեկումը պետք է սկսել կրթական ծրագրերից։

«Երեխաներն ամենալավն են կարողանում ազդել ընտանիքի բոլոր անդամների վրա, և եթե ուզում ենք, որ մարդիկ աղբը սկսեն տեսակավորել տանը, պետք է երեխային սովորեցնենք՝ ինչպես անել դա»։«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Էկո աղբ» ՀԿ-ի համատեղ ուժերով կմշակվեն կրթական նյութեր, կիրականացվեն իրազեկման ակցիաներ՝ մրցույթներ, շաբաթօրյակներ, մանկավարժների վերապատրաստումներ։

Back to top button