ԿարևորՀասարակություն

Ով կկառավարի բուհը. աղմկահարույց նախագիծն առանց փոփոխության կրկին ԱԺ-ում է

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այսօր շուրջ երկու տարի քննարկված օրենքի վիճահարույց նախագիծը եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները մեկ փաթեթով ընդունելու հարցն էր:

Ամենաաղմկահարույց կետը, թերևս, բուհի կառավարմանն էր վերաբերում, ու այստեղ կարծես որոշակի փոփոխություններ տեղ են գտել, բայց․․․

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի աղմկահարույց նախագիծը կրկին խորհրդարանում է։

Կրթության գերատեսչությունից այն վերադարձել է Ազգային ժողով՝ մի շարք տեխնիկական փոփոխություններով։ Սակայն կրքեր բորբոքած դրույթն այն մասով, որ կառավարման առումով մեծամասնությունը կառավարության ներկայացուցիչներն են լինելու, անփոփոխ է մնացել։ Սա շարունակում է մտահոգիչ մնալ ակադեմիական շրջանակների համար։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ինքն էլ համաձայն չէ աղմկահարույց օրենքի նախագծի որոշ դրույթների հետ, բայց քանի որ օրենքի հրատապ ընդունման անհրաժեշտություն կա, արել է ամենը, որպեսզի նախագիծը մտնի խորհրդարան: Նախագիծը քննարկվում է արդեն շուրջ 2 տարի․ կրքերը բորբոքվել են, որովհետեւ, ըստ դրա ընդդիմախոսների, կրթական նախագիծը քաղաքական շեշտադրումներ է պարունակում։

Նախարարն ասում է՝ ԲՈՒՀ-ական եւ գիտական համակարգը  լրջագույն ճգնաժամի մեջ են, ինչի պատճառներից հիմնականը համակարգի կառավարչական ոչ լիարժեքությունն է: Ամենաանընդունելին, ըստ նրա, այն է, որ իշխանությունը-պետությունը եւ ԲՈՒՀ-ի անձնակազմը դարձել են հակամարտող կողմեր:

«Չի կարող ուսանողը կամ դասախոսը լինել այն մարմնում, որտեղ ինքը պետք է իր վերադասի`ռեկտորի հաշվետվությունը լսի եւ գնահատի. շահերի բախման խնդիր է: Եթե ԲՈՒՀ-ում կա սեփականատեր, դա պետությունն է, պետական ԲՈՒՀ է, պետությունը ֆինանսավորում է, բայց եկեք ու տեսեք, որ եթե կառավարման մասով պետությունն ուզում է իր կամքն արտահայտել, ասում են՝ դուք միջամտում եք մեր ինքնավարությանը, բացարձակապես տրամաբանական չէ»:

Թեեւ իր իսկ վերապահումներին՝ նախարարը կարծում է, որ բուհի կառավարչի ով լինելն այս պարագայում այնքան էլ կարեւոր չէ։ Ինքնավարությունը կանոնադրության շրջանակում գործունեություն ծավալելն է, կառավարիչն ո՞վ կլինի՝ դա պետք է այդքան կարևոր չլինի պրոֆեսիոնալ աշխատանք կատարողի համար, դա պիտի կարևոր լինի հիմնադիրի համար, եթե, իհարկե, կառավարիչը`ռեկտորը, խոչընդոտում է կոլեկտիվի աշխատանքին:

Նախարարը կողմնակից է, որ կառավարման խորհրդում ո՛չ ուսանողներ լինեն, ո՛չ դասախոսներ, բայց հաշվի է նստում այն իրականության հետ, ըստ որի՝ ե՛ւ ուսանողը, ե՛ւ դասախոսը պետք է լինեն խորհրդում, բայց խորհրդի կազմն էապես պետք է կրճատվի։ Եթե մինչ օրս նախագծում ռաջարկվում էր կառավարման խորհրդում ունենալ 12 անդամ, ապա վերանայված նախագծով առաջարկվում է 9 հոգանոց խորհուրդ ձեւավորել։

Փաստորեն որոշակի տեխնիկական փոփոխություններ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել, բայց կառավարման առումով դարձյալ մեծամասնությունը կառավարության ներկայացուցիչներն են լինելու, ինչն ըստ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Արսեն Թավադյանի՝ ռիսկի տակ է դնում բուհերի ինքնավարությունը։

«Վիճակը փաստացի ավելի է վատթարացել, որովհետև քաղաքական իշխանությունը հնարավորություն է ունենալու նշանակել հոգաբարձուների խորհրդի կեսից ավելիին՝ փաստացի ամբողջությամբ վերահսկելով համալսարանների կառավարման խորհուրդը։ Այսինքն սահմանադրական այն նորմը, որը երաշխավորում է, որ համալսարանները  պետք է ակադեմիական ազատություն ունենան, փաստացի  ավելի է խախտվում և համալսարանները ավելի մեծ կախվածության մեջ են ընկնում»։

Վահրամ Դումանյանի մոտեցումն այլ է. ըստ նրա՝ պետական ԲՈՒՀ-ի համար պետությունը պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն եւ այնտեղ, որ տեղ կա պատասխանատվություն, պետք է լինի նաեւ իրավունք: ԵՊՀ-ի մասով օրենքում առանձին ձեւակերպում կա`այն բացառիկ գիտակրթական մշակութային արժեք է, որի կարգավիճակը, ֆինանսավորումը սահմանում է կառավարությունը:

Նախարարն անդրադարձավ նաև աստիճանաշնորհման կարգին, ինչը ևս ոչ պակաս աղմուկի պատճառ է դարձել։

«Աստիճանաշնորհման կարգը չի ստեղծել գիտությունը, այլ ՝ հակառակը։ Առաջ որ չի եղել գիտական աստիճանաշնորհում, մարդիկ պակաս գիտությամբ ե՞ն զբաղվել։ Այդ երկակի աստիճանաշնորհումը Խորհդային միության բարի հիշողություն է, բայց հսկա երկրի համար էր ստեղծված։ Մեր երկրների համար մի փոքր բարդ է։ Այնպես որ ես առանց կաշկանդվածության մեկ աստիճանի համակարգը համարում եմ նորմալ, հատկապես որ մյուս համակարգը չի մերժվում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Հաշվի առնելով մեր երկրում գիտության դերն ու նշանակությունը, Վահրամ Դումանյանը ուղեղների արտահոսքը կանխելու նպատակով գործադիրին խնդրեց վերանայել գիտության ֆինանսավորումը։ Իսկ մինչ ֆինանսավորման հարցը կդառնա օրակարգային, «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագիծն արդեն եկող շաբաթ կգա ԱԺ օրակարգ։

Back to top button