ԿարևորՀասարակություն

Հնգօրյա հեռավա՞ր, թե՞ եռօրյա առկա ուսուցում․ դպրոցը միայն սովորելու վայր չէ

Առաջին դասարանցի Մարին շաբաթը 3 օր գալիս ու պատմում է՝ ինչ է արել դպրոցում։ Շաբաթվա մյուս 4 օրերին դպրոցի մասին առանձնապես չի հիշում։ Ուղղակի գիտի՝ պետք է դասերը սովորի, որ հաջորդ օրը պատրաստ լինի։

Մարին դպրոց գնաց կորոնավիրուսի օրոք։ Դեռ չգիտի՝ ինչ է հեռավար ուսուցումը, բայց վստահ ասել, թե գիտի՝ ինչ է դպրոցը, նույնպես չենք կարող։

«Դպրոցը, բացի կրթություն տալուց երեխայի մեջ զարգացնում է հոգեկան մի շարք որակներ։ Առաջինը, թերևս, ադապտացիան է, ինքնագնահատականի բարձրացումը, կոմունիկացիայի հաստատումը։ Եթե երեխան ուղղակի կրթվում է, օրինակ, տանը կամ ծնողների օգնությամբ, կրթություն ստանում է, բայց չի ունենում այն որակները, որոնք դպրոցի մենթալիտետը կարող է նրան տալ»։

Կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանը վստահ է՝ դպրոցի առաքելությունը միայն կրթություն տալը չէ․ երեխայի անձնային որակները ձևավորվում ու դրսևորվում են հենց այս փուլում։ Աշակերտական կյանքը անձի տեսակ է պայմանավորում, հաղորդակցային որակներ, ինքնագնահատական, ինքնաճանաչում։ Դպրոց չգնալն ազդում է նաև երեխայի մոտիվացիայի վրա, և խոսքը միայն սովորելու մասին չէ․

«Եթե երեխան ձգտում չունի դեպի դպրոցը, որը մի ամբողջական մոդել է, ոչ թե միայն կրթական միջավայր, ապա հետագայում այս կամ այն միջավայրում ունենալու է մոտիվացիայի բացակայություն։ Իրեն այլևս ոչինչ չի հետաքրքրում, կարող եմ այսօր դասը անել, վաղը չանել, այսօր ավելի երկար կքնեմ, վաղը չեմ գնա դասի»։

Բազմաչարչար կրթական համակարգն ու կրթության որակն ամբողջովին ապահովելու հուսահատ փորձերն այս շրջանում ավելի բարդ իրավիճակում են։

Դասապրոցես, ըստ էության, կազմակերպվում է, սակայն․ «Մեր ծրագրերը բնականաբար պլանավորված են 5–օրյա ուսուցման համար։ Եթե մենք 3 օր ենք դաս անում կամ 2–րդ հերթով, բնական է, որ արդեն այս պլանը չի կատարվում, ու բնականաբար աշխատանքի մնացած ծավալն աշակերտն ինքնուրույն պիտի լրացնի։ Եվ եթե հաշվի առնենք, որ մեր աշակերտներն ինքնուրույն սովորել առանձնապես և՛ չեն սիրում և՛ սովոր չեն, կարելի է ասել, որ, իհարկե, շատ բան մենք կորցնում ենք»։

Այս պարագայում ո՞րն է բազմաչարչար կրթական համակարգի հոգսը թեթևացնելու արդյունավետ ճանապարհը․ սովորել հեռավար տարբերակով ամեն օ՞ր, թե՞ առկա տարբերակով՝ 2 օրը մեկ։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան․

«Փոքր երեխաների, ես կասեի՝ մինչև 6-րդ դասարանցիների համար, դպրոց գնալը պարտադիր է, որովհետև այդտեղ հեռավար կրթությունը չի կարող աշխատել։ Այդ երեխաների համար շատ կարևոր է լինել դասարանում, ուսուցչի աչքի առաջ։ 7–րդից սկսած՝ հեռավար կրթությունը որոշ երեխաների դեպքում հնգօրյա տարբերակով ավելի լավ կաշխատի, քան առկա կրթությունը եռօրյա տարբերակով։ Բայց էստեղ էլ մի ուրիշ հարց կա․ շփվելը երբեմն ավելի առաջնային է, քան դաս սովորելը, դրա համար մենք պետք է նաև ինչ–որ իմաստով կշռենք՝ որտեղ կորուստ ունենանք, սոցիալական հարաբերություններու՞մ, թե՞ դասավանդման»։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունում մտածում են հարցը կարգավորելու ուղղությամբ։ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան․

«Մենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք նախարարի հրամանով սահմանված՝ մեկ դասարանում  առավելագույնը 20 սովորողի առկայություն սահմանող դրույթը հանելը։ Կարծում ենք, որ հատկապես կարանտինի ռեժիմը երկարաձգող որոշման տրամաբանության մեջ, որով չի սահմանափակվում հանրային միջոցառումների մասնակիցների թիվը, առավելագույն սովորողների թիվ դասարանում սահմանելը ևս դառնում է ժամանակավրեպ։ Եթե դասարանում կարողանում են ապահովել հեռավորությունը, ապա մենք կարող ենք սովորողների թվի խնդիր չառաջադրել»։

Եթե հանվի միևնույն ժամանակ դասարանում դասին մասնակցող աշակերտների թվի սահմանափակումը, երեխաները դպրոց կգնան ամեն օր։ Բայց թե երբ կկայացվի նման որոշում, դեռ հայտնի չէ:

Back to top button