ԿարևորՀասարակություն

Կարեւոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ այլեւս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է ինքնորոշման իրավունք:

Դեկրետը դեկտեմբերի 2-ին հրապարակվել է Բաքվի «Կոմունիստ» թերթում:

Ավելին, դրանից հետո Ադրբեջանի հեղկոմն ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում են ՀՍԽՀ մասեր»:

Որոշում-դիմումը տպագրվել է Երեւանի «Կոմունիստ» թերթի 1920 թ. դեկտեմբերի 7-ի համարում:

Հետաքրքիր փաստ է նաև, որ ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոն 1921 թ. հունիսի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարությանը հանձնարարել է Հռչակագրով հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելու մասին»:

Բյուրոյի որոշումն ընդունվել է միաձայն, կողմ արտահայտվողների թվում է եղել նաեւ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Back to top button