ԿարևորՀասարակություն

Արցախի գյուղատնտեսությունը խմբագրման կարիք ունի, բայց պատերազմի հետևանքները հաղթահարելի են

Ֆինանսական հստակ գնահատական, թե Արցախի գյուղատնտեսությանը որքան վնաս հասցրեց պատերազմը, չկա։ Փորձագետները, սակայն, մոտավոր հաշվարկներ արել են։ Թշնամուն են անցել նռան, խաղողի ու արքայախնձորի այգիներ, հացահատիկի ցանքատարածություններ ու ժամանակակից գյուղտեխնիկա։ Ընդհանուր առմամբ, փոխվել է Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելու տրամաբանությունը։ Փորձագետները վստահեցնում են՝ բուն Արցախի տարածքում հողային ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքում մի քանի տարին բավարար է ոլորտում ինքնաբավ դառնալու համար։

Մինչ Արցախի երկնքում 2020թ. սեպտեմբերին կպայթեր առաջին արկը, ցորենի ու գարու բերքի մեծ մասը հասցրին հավաքել։ Պատերազմի պատճառով շուրջ 200 հա հացահատիկ մնաց չհնձած։ Արցախցի փորձագետ Բենիկ Բախշյանը հաշվարկել է գյուղատնտեսության ոլորտի մոտավոր կորուստները։ Ընդգծում է՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Արցախում շուրջ 170 հազար հեկտար վարելահողերից մնացել է շուրջ 40 հազար հեկտար։

Արցախը կորցրել է ավելի քան 12 500  բազմամյա տնկարկների այգիներ, 300 հազար արոտավայրից էլ շուրջ 50 հազար հեկտարն է մնացել։ Հողագործությունն ու անասնապահությունը Արցախի հարավային հատվածում էին, որտեղ 11 ամիս հնարավոր էր զբաղվել գյուղատնտեսությամբ։ Այժմ գյուղատնտեսության աշխարհագրությունը փոխվել է, գյուղատնտեսությամբ զբաղվելու կանոնները՝ նույնպես:

«Մենք չենք կարող 10 կամ 11 ամիս զբաղվել գյուղատնտեսությամբ։ Այստեղ կլիման ավելի խիստ ու խոնավ է։ Այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում էինք Աղդամի ու Ջաբրայիլի տարածքում, չեն կարող կիրառվել Ասկերանում, Մարտունիում։ Հարավային հատվածում հողերը հարթ ու թեթև էին, պարտադիր չէր, որ ամեն տարի հերկ անեին։ Բուն Արցախի տարածքում հողը ծանր է, պետք է հերկ կատարեն, մշակաբույսերի ճիշտ տեսակներ ընտրեն, պարարտացնեն հողը»,- ասում է Բենիկ Բախշյանը։

Հատկապես անցած տասը տարիներին Արցախում գյուղատնտեսության ոլորտում լուրջ ներդրումներ են կատարվել, ոլորտը նորագույն տեխնոլոգիաներով էր զարգանում։

Այժմ Արցախի գյուղոլորտը խմբագրելու կարիք կա․ «Իմ հաշվարկներով մոտ 6 հազար տոննա նուռ չի հավաքվել։Մնաց նաև արքայանարինջը։ Թշնամուն ենք թողել նաև անասնագլխաքանակի մեծ մասը։ Հարավային հատվածում մենք ունեինք ձմեռային արոտավայրեր, ուստի անասնապահները անասնակեր չէին կուտակում։ Այժմ արդեն բուն Արցախի տարածքում պետք է անասնակեր ունենա»,- ասում է փորձագետը։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ այս պահին կորուստների մասով հստակ գնահատական դժվար կլինի տալ, սակայն, ընդհանրական վերլուծություն հնարավոր է։ Պետրոսյանը հնարավոր է համարում, որ Գորիսում, Կապանում, Սիսիանում անասնապահության ոլորտում խնդիրներ լինեն։

«Անասնապահները աշխատանքի հնարավորությունից են զրկվել։ Նրանք ստիպված եղան անասնագլխաքանակի մի մասը տեղափոխել, մյուս մասը՝ վաճառել։ Մնացած կենդանիների կերակրման խնդիր կա՝ հատկապես ձմռանը»,-արձանագրում է Գառնիկ Պետրոսյանը։

Արցախից Հայաստան ցորենի ներկրման տարեկան ծավալը շուրջ 60 հազար տոննա էր․ սա նախորդ տարիների վիճակագրությունն է։ Պատերազմը խմբագրել է նաեւ այս վիճակագրությունը՝ հնարավոր դարձնելով հաջորդ տարի հացահատիկի հետ կապված խնդիրները։

Ծանր է, բայց ոչ աղետալի՝ վստահեցնում է փորձագետը․ «Շատ ծիծաղելի է, որ ասում են, թե մարտ-ապրիլ ամիսներին հնարավոր է Հայաստանում սով լինի։ Նման իրավիճակ ես չեմ կարող պատկերացնել, հատկապես, եթե դա կապում են Արցախից Հայաստան ներկրվող ցորենի ծավալի կրճատման հետ»։

Ստեղծված իրավիճակն իր ազդեցություն կունենա ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա։ Սակայն հետևանքները հաղթահարելի են՝ գնահատում է ժամանակին գյուղատնտեսության ոլորտում բարձր պաշտոն զբաղեցրած փորձագետը՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձառությունը։

Մեր երկրում վարելահողերի մոտ 47 տոկոսը չի մշակվում, եթե դրանք ի վերջո մշակվեն, խնդիրներն ենթակա են իրատեսական լուծման առաջիկա մի քանի տարում։

Back to top button