ԿարևորՀասարակություն

ԱԺ պատգամավորը կոչ է արել Եվրոպայի կին առաջնորդներին պարտադրել Ադրբեջանին վերադարձնել Մարալ Նաջարյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է Եվրոպայի կին առաջնորդներին, որպեսզի նրանք պարտադրեն Ադրբեջանին ազատ արձակել գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին և մյուս ռազմագերիներին։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է պատգամավորը։

«Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, Մարալը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:
Մարալն Արցախ էր եկել ապրելու եւ գերեվարվեց կապիտուլյացիայի հաջորդ օրը։

Ես դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, իրավապաշտպան եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, որպեսզի վերջիններս պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին եւ բոլոր մյուս ռազմագերիներին։

Ես դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանանց, որպեսզի իրենց կոչն ուղղեն Ադրբեջանին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում կրող Ալիեւի կնոջը՝ անհապաղ Հայաստան վերադարձնելու Մարալ Նաջարյանին, ով քաղաքացիական անձ է։

Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ով բարի կամքի դեսպանի կոչում է տալիս ռազմական հանցագործ երկրի նախագահի կնոջը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մանդատի շրջանակում ադրբեջանուհի բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել միջազգային մարդասիրական իրավունքի վրա ու հայ ռազմագերիներին եւ Մարալ Նաջարյանին չպահի որպես քաղաքական վալյուտա, եւ համաձայն Ժնեւի 3-րդ կոնվենցիայի՝ բոլոր ռազմագարիներին անհապաղ վերադարձնի Հայաստան»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։

Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում եւ պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը, նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երեւան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։

Back to top button