Հրամանը՝ ապրել

Վերևում արկերի պայթյուն էր, ապաստարանում՝ երեխաների ծիծաղ, առնետ ու ոզնի․ «Հրամանը՝ ապրել»

Տունն ու հիշողությունները կորցնելով անգամ՝ չի մոռանում կատակել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի բեմադրիչ Մարիա Կարապետյանը։ Տասը տարի ապրել է Շուշիում:

Հիշում է, որ ապաստարանում, որտեղ մնացել էին ինքն ու երկու դուստրերը, մի առնետ էր իրենց հետ բնակվում։ Այնքան քաղաքավարի էր, որ աշխատում էր շատ չաղմկել, որպեսզի երեխաներին չանհանգստացներ:

Մարիան իրենց բնակարանի ապաստարանից պատերազմի մեկնարկից մի քանի օր անց տեղափոխվել է մեկ այլ` ավելի ապահով ու մաքուր ապաստարան, բայց ամեն առավոտ արկերի ձայների տակ գնում էր իրենց բակի խանութից տաք հաց գնելու՝ այդպիսով և՛ տան կարոտն առնելու, և՛ երեխաների սիրած հացը տանելու:

Մարիայի ամուսինը զինծառայող է և նա որոշել էր՝ ինչ էլ լինի, չլքել Շուշին՝ մնալով ապաստարանում ինը օր: Բայց իններորդ օրը, երբ վտանգն ահագնացել էր այնքան, որ այլևս անհնար էր որևէ տեղ թաքնվել, Մարիան թողեց իր տունը:

Ասում է, որ իրենց շենքի չորրորդ հարկի պատշգամբից առաջին բարև տվողը Շուշիի բազմերանգ այգաբացն էր, որ ուր էլ գնա, էլ չի կրկնվելու:

Back to top button