ԿարևորՀասարակություն

Տարրական դպրոցում՝ առանց գնահատականների․ հաստատվել է հանրակրթության նոր չափորոշիչը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որով սահմանվում է պետության ակնկալիքը դպրոցից և շրջանավարտներից 12-ամյա կրթության ավարտից հետո։ Փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ շեշտադրում է ոչ թե գիտելիքը, այլ կարողունակությունը։ Պատասխանատուներն ասում են, որ փոփոխության արդյունքում  նվազելու է դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ առանց բովանդակության կրճատման։

Մինչև 5-րդ դասարան աշակերտի առաջադիմությունն այլևս չի որոշվի թվանշանով՝ գնահատականով։ Կառավարության նոր որոշմամբ՝ տարրական դպրոցում կկիրառվեն ավելի խրախուսող և խթանող գնահատման ձևեր, կառավարության նիստում կրթության բարեփոխումների վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց  ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջարկվող փոփոխությամբ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ տարրական դպրոցում մենք առաջարկում ենք հրաժարվել միավորային գնահատման գործող ձևից»

Բայց անգամ գնահատելու դեպքում անբավարար գնահատական դպրոցում այլևս չի լինի: Սա այն փոփոխությունն է, որին տարիներ շարունակ սպասում էր նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

«Գիտելիքների գնահատումը 1-10 միավորով է լինելու և բոլորը՝ դրական։ Այսինքն բացասական գնահատական չի լինելու։  Գիտելիքը չի կարող բացասական լինել։ Անգամ, եթե աշակերտի գիտելիքը մեկ միավորով ես գնահատում, արդեն դրական է։ Օ չի կարող լինել, որովհետև չկա չսովորող աշակերտ։ Յուրաքանչյուր երեխա կարող է իր առանձնահատկություններից ելնելով, իր կարողություններին համապատասխան գիտելիք ստանալ, եթե ինքը սոցիումի մեջ է»։

Չափորոշիչը մինչև ներդրումը դեռ պետք է փորձարկվի։ Նախարարությունը նախատեսում է սկսել փորձարկումները 2021 թվականի սեպտեբերից։ Պետք է իրականացվեն նաև լայնածավալ վերապատրաստումներ,  ուսումնական նյութերի մշակման գործընթաց։ Դրանից հետո միայն՝ 2023 թվականին, լրամշակված չափորոշիչը կներդրվի դպրոցներում։

Քանի որ հանրակրթության նոր չափորոշիչը հիմնված է կոմպետենցիոն կամ կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես կարևորվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը, սահմանվել են վերջնարդյունքներ կրթական 3՝ տարրական, հիմնական և ավագ աստիճանների համար, ինչը սկզբունքորեն նոր մոտեցման հնարավորություն է տալիս։ Նոր չափորոշիչներով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից անցում ենք կատարում ինտեգրված մոտեցմանը՝ նկատեց փոխնախարարը։

«Այս փոփոխության միջոցով մենք նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը, նպատակ ունենալով հասնել ավելի մեծ արդյունքների»։

Միաժամանակ պահպանվել է պետական հստակ քաղաքականությունը 4 պարտադիր առարկաները սահմանելու միջոցով, այն է «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները։ Դրանք երաշխավորված ժամաքանակ ունեն բոլոր դպրոցներում՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։ Ճկունության կարևոր հնարավորություն է անհատական բաղադրիչը, ինչը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի ռեֆորմ իրականացնել։

«Մենք ըստ էության կարողանալու ենք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսուցումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ աշակերտի նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման»:

Կարևորելով համակարգային բարեփոխումները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել բոլոր հարցերը, բայց և չկա որևէ խնդիր, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի՝ քաղաքականությունից մինչև  օրենսդրական համակարգ ու  զինված ուժեր:

«Կրթության չափորոշիչի ընդունումը համարում եմ կարևորագույն ռեֆորմներից մեկը։ Շատ կարևոր եմ համարում, որ ունեցել ենք կամք այս փոփոխությունները հասցնելու այս կետին և կարևոր եմ համարում դրանք շարունակելը: Պարզ է, որ լինելու են քննադատություններ՝ ընդհուպ մինչև ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել, բայց սա համապարփակ ծրագիր է և պետք  է իրականացնել՝ շեշտը դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա»։

Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաև հայ եկեղեցու, հայ պատմության և հայ գրականության առարկաների շուրջ բարձրացված աղմուկին։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այլևս չկա:

Back to top button