ԿարևորՏնտեսական

«Սարտոն» կարի արտադրամասը աշխատանքով է ապահովում շուրջ 350 քաղաքացու

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել է Վանաձորում գործող «Սարտոն» կարի արտադրամաս: Մարզպետի այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Մարզի ղեկավարը շրջել է արտադրամասի տարածքով, ծանոթացել է տեսականուն:

Աշխատակիցները պայմաններից գոհ են. ասել են՝ ամսական միջին աշխատավարձը կազմում է 120.000-ից 150.000 դրամ:

Մարզպետ Արամ Խաչատրյանը նշել է՝ կառավարության և մարզպետարանի որդեգրած քաղաքականության հիմքում աշխատատեղերի ավելացումն է, այդ իսկ պատճառով մարզպետարանը իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի՝ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ.

«Տեքստիլ արդյունաբերությունը մեր մարզում նկատելի աճ է գրանցում. տարեցտարի դա առավել տեսանելի է: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ թե՛ արտադրանքի ծավալն է ավելանում, թե՛ աշխատակիցների թիվը: Լիահաույս եմ, որ առաջընթացի այս տեմպը առաջիկայում ևս պիտի պահպանենք։ Վստահ եղեք, որ մարզային իշխանությունները ձեր թիկունքին են և պատրաստ են աջակից լինել ցանկացած հարցում»  — ասել է մարզի ղեկավարը:

Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկան, կազմավորվելով 1990-ական թվականներին, կարճ ժամանակում արտադրական կապեր է հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ, և արդեն շուրջ 15 տարի է, ինչ աշխատում է իտալական «Մոկլեր» ֆիրմայի հետ: Այժմ արտադրում են միայն մանկական բաճկոններ՝ եվրոպացի սպառողների ճաշակին ու պահանջներին համապատասխան:

Դե իսկ պատերազմական օրերին ընկերությունը քնապարկեր, անձրևանոցներ ու զինվորական հագուստ է կարել առաջնագծում պայքարող տղաների համար, հագուստով ապահովել նաև Լոռու մարզում ապաստանած արցախցիներին:

Back to top button