ԿարևորՀասարակություն

Ո՞վ է կեղծ լուրի պատասխանատուն․ օրենքի նոր նախագիծը՝ վեճի թեմա

Որը կամ ով է լրատվամիջոցի անանուն աղբյուրը՝ սա կսահմանվի «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, իսկ այդ աղբյուրին հղումը կարգելվի նույն օրենքով․ սա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկն է։ Նպատակը ոչ հավաստի տեղեկատվական հոսքերի հնարավորին չափ կարգավորումն է։ Մինչդեռ լրագրողական հանրույթը եւ փորձագետներն արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկում են օրենքի վիճահարույց  նախագիծը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն օրինագծի ընդդիմախոսներից է։

«Այն, ինչ առաջարկվում է, իհարկե, անընդունելի է խոսքի ազատության տեսանկյունից։ Եվ այն մտադրությունը, որ չարաշահումները սրանով կարելի է արմատախիլ անել, ամենևին այդպես չէ»,-ասում է Աշոտ Մելիքյանը։

Օրենքի փոփոխություններով անանուն աղբյուրներին հղում անելն առաջարկվում է արգելել, քանի որ օրինագծի հեղինակները կարծում են, որ այսօր լրատվական գործունեություն իրականացնողները հղումներով կամ ակտիվ հղումներով տարածում ու գովազդում են աղբյուրներ, որոնց ստեղծման մասին ոչինչ հայտնի չէ։ Եվ հարկ եղած  դեպքում հնարավոր չի լինում գտնել տարածվող լուրի պատասխանատու սուբեկտին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջոյանը փորձում է հիմնավորել․

«Երբ հարցը վերաբերում է հատկապես ազգային անվտանգությանը վերաբերող հարցերին, այդտեղ մենք առավել ևս պիտի կարողանանք նույնականացնել  լուրի պատասխանատուին։ Յուրաքանչյուր լուրի հետևում պետք է կանգնած լինի սուբյեկտ, որից հնարավոր կլինի ճշտել, թե տվյալ լուրը որտեղից է հայտնվել, և այդ սուբեկտը պետք է այդ լուրի համար պատասխանատվություն կրի»,-պարզաբանում է Հայկ Կոնջոյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հակադարձում է։ Ավելին՝ պնդում է, որ օրենքում փոփոխություններով պատգամավորները պարզապես ուզում են արգելքների միջոցով որոշ անձնական խնդիրներ լուծել։ Այնինչ հարցի լուծումն ավելի համակարգային քննարկումների կարիք ունի։  Մելիքյանին էլ իր հերթին ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է ընդդիմանում․քաղաքական նպատակների մասին պնդումներին հակադարձում է․

«Երբ խոսք է գնում քաղաքական նպատակների, ինչ-որ աղբյուրների լռեցնելու մասին, մենք պետք է հասկանանք՝ ախր ո՞ւմ ենք լռեցնում, երբ որևէ կերպ չենք արգելում, օրինակ, վերցնել այդ աղբյուրների տեղեկատվությունը և, ինչպես նախկինում էր արվում, այդ տեղեկատվությունը հրապարակել կայքերում՝ կատարելով տեղեկատվության ստուգում»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջոյանը ևս խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ պնդումներն անհիմն է համարում, վստահեցնում է՝ իրենք խոսքի ազատությանը չեն դիպչում։

«Եթե լրատվամիջոցը ստացել է տեղեկություն ինչ-որ բանի մասին, կարող է իր անունից դա գրել և ստանձնել պատասխանատվություն այդ լուրի վերաբերյալ։ Հետո կասի, որ ինքը իր աղբյուրից ստացել է ինֆորմացիա, բայց իր աղբյուրն էլ խնդրել է, որ չբացահայտվի»,-ասում է ԱԺ պատգամավորը։

Իր հերթին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ողջ այս աղմուկի մեջ տպավորություն է ստացել, թե օրենքի նախագծով փորձ է արվում առավելապես տելեգրամյան ալիքներից օգտվելու, դրանց լուրերը տարածելու խնդիրը լուծել։ Դոյդոյանը հակված չէ, տեսակետին, թե սա վերահսկելու կամ արգելելու միակ եւ եզակի ճանապարհը հենց այս նախագիծն է։

«Կարծում եմ՝ արդյունավետ կարող է լինել, եթե խնդիրը թողնենք լրագրողական ինքնակարգավորման մեխանիզմների և դրական դատական նախադեպային իրավունքի շրջանակում հարցի կարգավորմանը։ Եթե կա կոնկրետ դեպք և գտնում ենք, որ այո՛ առկա է ազգային անվտանգության սպառնալիք, ապա շատ հնարավոր է՝ այդ դեպքը լուծումը ստանա դատական նախադեպի շրջանակում։ Դատարանը կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով՝ կարող է որոշում կայացնել, որը լուրջ ու էական նշանակություն կունենա ոլորտի զարգացման վրա»,-ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Խոսքի ազատության պաշտպանության ոլորտի մասնագետները, չնայած հակափաստարկներին, պնդում են՝ օրինագիծը միջամտում է լրատվամիջոցների գործունեությանը, սահմանափակում նրանց՝ սեփական աղբյուրներից օգտվելու հնարավորությունը և ամենակարևորը՝ չի լուծում ապատեղեկատվության տարածման հարցը։ Իսկ օրինագծի հեղինակները պնդում են՝ տեղեկատվության բովանդակությունն առանձին խնդիր է, և դրա հետևից պետք է գնալ առանձին օրենսդրական կարգավորումներով։

Back to top button