Ներքին Խնձորեսկում ամեն ինչ նորմալ է․ Գորիսի քաղաքապետ


Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Ռադիոլուրի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված լուրը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը մտել են Ներքին Խնձորեսկ և ինչ-որ պահանջներ ներկայացրել։
«Համայնքում ամեն ինչ նորմալ է, լուրը չի համապատասխանում իրականությանը, որևէ բան չկա»,-հայտնեց Գորիսի քաղաքապետը։
Սյունիքի մարզի ֆեյսբուքի էջում էլ հրապարակվել է Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հայտարարությունը.
«Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել:
Մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել: Ներքին Խնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք:
Ներքին Խնձորեսկի բնակիչները, զինվորի և հրամանատարության հետ անմիջական և մշտական կապի մեջ լինելով, մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ մեկտեղ հսկելով սահմանը, որտեղ վերջին օրերս տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման խաղաղ աշխատանքներ, իհարկե, գլոբալ տեղորոշման համակարգի՝ GPS-ի միջոցով»,- ասված է գրառման մեջ: