ԿարևորՀասարակություն

Մեղրիի ջրի հարցով ՄԻՊ-ը կդիմի միջազգային կառույցներին, մեղրեցիները միջազգային իրավունքին չեն հավատում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի՝ միջազգայնորեն երաշխավորված իրավունքը խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Ըստ օմբուդսմենի՝ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի՝ սարերից սնուցվող հունի ուղղությունը  դեպի Նախիջևան:

Այդ փաստերի մասին օմբուդսմենին հայտնել են Մեղրի համայնքի բնակիչներն ու համայնքի ղեկավարը։

«Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները մեր վարչական տարածքից մեր ջուրը,  սարի ստորոտով ջրանցք փորելով,  ուղղորդել են դեպի Նախիջևան», — «Ռադիոլուրի»  հետ հեռախոսազրույցում ասաց  Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Ադրբեջանցիների այդ անօրինական գործողության պատճառով Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է:  

«Մեղրիում 13 բնակավայր է՝ Մեղրի, Ագարակ քաղաքները եւ 11 բնակավայր։ Բացի բարձրլեռնային երկու գյուղերից ՝ մյուս  բնակավայրերն իրենց ջրի խնդիրը լուծում են Մեղրի գետի հաշվին՝ եւ խմելու, եւ ոռոգման։ Հունը փոխելու  հետևանքով Մեղրիի բնակիչները  զրկվում են ջրից։ Եթե տարին էլ մի քիչ չորային է, ապա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Մեղրիում ընդհանրապես ջուր չի լինում»,- ասում է Մեղրի համայնքի ղեկավարը  և հավելում, որ գետի ցամաքելն  իր հերթին լուրջ վնասներ է հասցնում համայնքի շրջակա միջավայրին:

Ադրբեջանական կողմից այդ գործողություններն արվում են ուժի սպառնալիքով, քանի որ Մեղրի գետի Զվարագետ վտակի մի  հատվածը ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ է ու հսկվում է նրանց կողմից՝ արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Եվս մեկ մեջբերում.

«Ադրբեջանական զինված ուժերի ու որ նույնն է՝ իշխանության մարմինների այս արարքներով կոպտորեն խախտվում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարևորություն ունեցող ջրի իրավունքը»:

Հայաստանի օմբուդսմենն արձանագրել է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները կոպտորեն խախտում են նաև «Անդրսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր: 

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են Հայաստանի բնակիչների միջազգայնորեն բացարձակ երաշխավորված խմելու և ոռոգման ջրի իրավունքը ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար լրջորեն խախտելու առնչությամբ վերլուծություններն ու գնահատականները, որոնք կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին»:

Թեպետ ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն, Մեղրիում, սակայն, միջազգային ատյաններից մեծ ակնկալիք չունեն։ Համայնքի ղեկավարն իր թերահավատությունը  բացատրում է՝  վկայակոչելով  GPS-ով սահմանանշում իրականացնելու  դառը փորձը։

Back to top button