ԿարևորՏնտեսական

Եվրաբոնդերի թողարկումը՝ հաջողված գործարք․ ի՞նչ է փոխվելու տնտեսության մեջ

Տնտեսական տարին դրական ազդակով է սկսվել․ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է բնորոշել օրերս 750 մլն դոլար արժեքով եվրաբոնդերի թողարկումը։ Դրանք նախատեսվածից ավելի մեծ ծավալով են՝ նպաստավոր պայմաններով ու ցածր տոկոսով։

Փորձագետները խնդիրը դիտարկում են երկու կողմից․ եվրաբոնդերի թողարկումը 750 մլն դոլարով ավելացնելու է պետական պարտքը, միաժամանակ համավարակից ու պատերազմից հետո նվազեցնելու է Հայաստանի տնտեսական ռիսկերը։   Փորձագետները հաջողություն են համարում նաև ցածր տոկոսադրույքը։

10 տարի ժամկետ, 750 մլն դոլար ու 3,6 տոկոս արժեկտրոնային եկամտաբերություն։ Հայաստանը նոր եվրաբոնդեր է թողարկել։ Կառավարությունում գործարքը  հաջողված են համարում ։ Վարչապետն արձանագրում է․

«Շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով։ Սա կարևոր ազդակ է տնտեսության համար։ Նախ՝ մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։ Ըստ էության՝  կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է։ Սա  նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են ունեն  Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,-ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ատոմ Ջանջուղազյանը հիշեցնում է՝ Հայաստանի առաջին մուտքը միջազգային ֆինանսական շուկա 2013 թվականին էր, երբ առաջին անգամ թողարկեցին 700 մլն դոլար արժողությամբ եվրաբոնդերը։ Եկամտաբերությունը 6․25 տոկոս էր։ Վերջին թողարկումը՝  2019 թվականին, 500 մլն դոլար արժեքով, որից  200 մլն դոլարով մարվեց առաջին թողարկումը։ Ֆինանսական  ոլորտի պատասխանատուն տեղեկացնում է՝ եվրաբոնդերի թողարկումը մինչև այժմ վարված համապարփակ քաղաքականության գնահատականն է:  Նոր եվրաբոնդերը, սակայն,  նոր պարտք են ենթադրում․

«Քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը: Բայց սա պատմության մի մասն է, բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում նաև հարկաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար։ Խոսքը` պետական պարտք-Համախառն ներքին արդյունք հարաբերակցության մասին է, որով  բացահայտվում է, թե պետական պարտքը ինչպիսի բեռ է տնտեսության համար»,-արձանագրում է նախարարը։

 «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրում է՝ ըստ էության 750 մլն դոլարով պարտքն ավելանում է։ Ընդգծում է՝ հաջողությունը ցածր տոկոսադրույքն է։ Համավարակից ու պատերազմից հետո օտարերկրյա նեդրողները համարում են, որ Հայաստանի տնտեսական ռիսկը նվազել է․

«Մեծ պահանջարկը մեր կառավարությանը դրդել է մեծացնել տեղաբաշխման ծավալը։ Նախատեսված 500 մլն դոլարի պարտատոմսի փոխարեն՝ տեղաբաշխել են 750 մլն դոլար։ Սա նախ և առաջ ռիսկի գնահատականի նվազման մասին է խոսում»,-ընդգծում է տնտեսագետը։

Պետական պարտքի նպատակը բյուջեի դեֆիցիտը լրացնելն է՝ ասում է Աղաբեկյանը։ Նա ճիշտ չի համարում կապիտալ ծախսերը սահմանափակելը։  Հակառակ մոտեցումը, կարծում է, կհանգեցնի տնտեսության աշխուժացմանը  և կօգնի դուրս գալ ճգնաժամից։

Գումարը կուղղվի բյուջեի ծախսերի կատարմանը՝ ասում է ֆինանսների նախարարը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որոնց։ Ատոմ Ջանջուղազյանը հստակ թվեր չի նշում, սակայն, չի էլ բացառում, որ տարեվերջին պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը։

«Պարտքի բացարձակ թիվը կախված է բազմաթիվ գործոններից, մեկը փոխարժեքն է։ Հայաստանի պարտքի կշռում 75 տոկոսը արտարժույթով պարտքն է։ Եթե կարողանայինք փոխարժեքը գնահատել, ապա ավելի հեշտ կլիներ հաշվարկներ անել։ Այն, ինչ ունենք այսօր, հետևյալն է՝ կառավարության պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը 66 տոկոս է։ Ենթադրվում է, որ պարտքը կմոտենա 8․5 մլրդ դոլարին, 400–500 մլն դոլար էլ  կազմում է Կենտրոնական բանկի պարտքը, ուստի Հայաստանի պարտքը կկազմի մոտ 8․9 մլրդ դոլար»,-ընդգծում է նախարարը։

Արդյո՞ք Հայաստանի տնտեսական զարգացումները կօգնեն, որ Հայաստանի պարտքի բեռը թեթևանա, սպասարկման խնդիր էլ չունենանք։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն իր կանխատեսումներում զուսպ է․

«Հայաստանը գուցե չունենա բավարար տնտեսական աճ, որ  կարողանա դուրս գալ այդ ծախսերի տակից։ Պարտքի բեռը տնտեսության համար  ծանր է լինելու»։

Հայաստանն ամենաշատը պարտք վերցրել է Զարգացման միջազգային ընկերակցությունից, Ասիական զարգացման ու Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկից։ Ներգրավված վարկեր ունենք Աբու Դաբիի զարգացման հիմնադրամից, Չինաստանի արտահանման-ներմուծման բանկից։

Back to top button