Գերեվարված չորս անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 2-ին այցելել են Ադրբեջանում պահվող չորս հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձանց։ Ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Այդ անձանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:
Ամատունին հավելեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նաև նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին:
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է միայն 57 հայ ռազմագերիների առկայությունը, մինչդեռ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։