ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի հետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը, իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործուներություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։

«Մենք կարեւորում ենք համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ, դրա համար կցանկանայինք լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, ծանոթանալ տեղահանված կամ սահմանամերձ համայնքներում բնակվող մարդկանց կարիքներին»,-նշել է Արմեն Քարամյանը։

Մարզպետ Գնել Սանոսյանը խոսել է պատերազմի ընթացքում եւ հետպատերազմական ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ի հայտ եկած հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մի շարք ուղղություններում եւ պահանջում են առաջնահերթ կարգավորումներ։

«Ողջունելի է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Գեղարքունիքի մարզում։Մենք պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի հետ, ու վստահ եմ, որ այս համագործակցությունը ևս արդյունավետ ընթացք կունենա։ Մեր մարզում պատերազմի հետեւանքների մեղմման կամ վերացման նպատակով տրամադրվող աջակցության կարիքները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների՝ աշխատանք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, Արցախից տեղահանվածների եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել՝ ենթակառուցվածքների կարգավորման ուղղությամբ, սակայն դեռևս անելիքներ կան»,-ներկայացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Այնուհետև մարզպետն ըստ ոլորտների ներկայացրել է իրավիճակը, մասնավորապես անդրադառնալով այն խնդիրներին, որոնք ի հայտ են եկել պատերազմի հետևանքով և անմիջապես առնչվում են առավել խոցելի խմբերի հետ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ Ինսկե Վանդորմայլը եւ Միքայել Ռիեպլը հետաքրքրվել են աջակցության հետ կապված առաջնահերթ խնդիրներով եւ անելիքներով, միաժամանակ շեշտելով, որ իրենք ցանկանում են մարզպետարանի հետ համատեղ գնահատել բոլոր կարիքները եւ տարբեր ծրագրերի իրականացմամբ սկսել աջակցության գործընթացը։

«Մենք նյութական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերենք նաեւ դատաբժշկական ոլորտում։ Անհետ կորածների հարցերով կաջակցենք ոչ միայն Արցախյան վերջին, այլ նաեւ առաջին պատերազմի ժամանակ տուժած ընտանիքներին։ Դրա համար ցանկանում ենք անձամբ խոսել պատերազմից տուժած ընտանիքների հետ, մոտիկից ծանոթանալ բոլոր առկա հիմնախնդիրներին ու փորձել դրանք կարգավորել։ Մեզ նաեւ հետաքրքրում է, թե որքանով են ինտեգրվում Գեղարքունիքի մարզում Արցախից տեղահանված ընտանիքները»,-նշել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Գնել Սանոսյանը է հույս հայտնել, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի համագործակցությունը կտա ցանկալի ու տեսանելի արդյուքներ։

«Մենք պետք է լինենք մշտական շփումների մեջ, ոլորտ առ ոլորտ վեր հանենք ու համաձայնեցնենք կարիքների գնահատման ու կարգավորման առաջնահերթությունները։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Գեղարքունիքի մարզում մեծապես կնպաստի հետպատերազմական ժամանակահատվածի խնդիրների կարգավորմանը», -եզրափակել է Գեղարքունիքի մարզպետը:

Back to top button