ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս երեխային կտրել համակարգչից

Հառավար ուսուցումն ավելի սերտ է դարձրել երեխաների ու համակարգիչների կապը։ Դասերը պատրաստելու, հանձնարարությունները կատարելու համար առցանց տեխնոլոգիաները, մի կողմից անհրաժեշտություն են, մյուս կողմից՝ համակարգչային կախվածությունն ավելի խորացնող  իրական վտանգ։ Ինչպե՞ս գտնել  անհրաժեշտի ու վտանգավորի սահմանագիծը, ինչպե՞ս պաշտպանել երեխաներին համակարգչային կախվածությունից ու ինչո՞վ փոխարինել համակարգիչը։

Հեռախոսային, համակարգչային խաղերով երեխաների՝ հատկապես դեռահասների տարվելը, պետք է սթափեցնող լինի յուրաքանչյուր ծնողի համար։  Այն, որ երեխան բակում խաղալու փոխարեն տանն է՝ ծնողի աչքի առաջ, բայց համակարգչի մոտ, չի նշանակում, որ անվտանգ միջավայրում  է՝ ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանն ու շեշտում, որ  հենց աչքի առաջ գտնվող  և համակարգչից կախվածություն ունեցող   երեխան  հետագայում կարող է  լուրջ  խնդիրներ ունենալ։  

«Երեխային համակարգչի առջև մենակ թողնելը նույնն է, թե  նրան մութ անտառում մենակ թողնես։ Ինչքան առաջանա,  այնքան վտանգների կհանդիպի»։

Ի՞նչն է պատճառը, որ երեխաները տարվում են խաղերով։ Կապը  սկսվում է դեռ փոքր հասակից, երբ երեխաներին կերակրելու կամ զբաղեցնելու համար ծնողներ դիմում են  հեռախոսի ու մուլտֆիլմերի օգնությանը։ Երեխաներին այս տարիքից ենք տանում համակարգչային աշխարհ՝ ասում է հոգեբանն ու այս հարցում նորից մեղադրում մեծերին՝ հեռախոսից կախվածությունը հաղթահարել չկարողանալու, երբեմն նաև դրան ընդհանրապես չընդդիմանալու մեջ։

«Երբեմն ծնողները պայքարում են, երբեմն էլ ասում են, որ ոչինչ երեխա է, թող խաղա։ Դա ստացվում է, որ մենք ենք երեխային բերում այդ դաշտ, որը որ երեխային  բերեցինք այդ դաշտ»։

Խաղերը, հատկապես վտանգավոր խաղերը վտանգավոր են  դեռահասության տարիքում։ Հոգեբանական խնդիրներ չունեցող  դեռահասները նույնպես կարող են ակամա հայտնվել դրանց  թակարդում։

«Նա չունի հոգեբանական խնդիր, սակայն ընկերն առաջարկում է միանալ իրենց խաղին։ Ու երեխան առանց հասկանալու հայտնվի դրա մեջ։ Սա նման է ատոմային ռումբի նման վնասակար բանի»։

Սակայն առավել խոցելի են կոնֆլիկտային ընտանիքներում մեծացող  երեխաները, որոնք իրենց հետաքրքրությունները փորձում են գտնել համակարգչի կամ հեռախոսի մեջ։ Վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար հոգեբանի խորհուրդն է ապահովել երեխայի ամենժամյա զբաղվածությունը։ Որքան շատ պարապմունքների հաճախի երեխան, այնքան ծնողի ու երեխայի շահերից է բխելու, ասում է հոգեբանը։

«Երբեք պետք չէ խղճալ երեխաներին շատ ծանրաբեռնելու համար»։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի դիտարկումները գրեթե նույնն են․ պետք է ապահովել երեխաների բազմազբաղությունը։ Որպես օրինակ նշում է  իրենց կրթահամալիրը, որտեղ համակարգիչները երեխաների առօրյայի մաս են կազմում, բայց ալտերնատիվ այլ տարբերակներով փորձում են կտրել երեխա–համակարգիչ կապը։

«Օրինակ՝  նույն ձմեռային շրջանը մենք օգտագործեցինք ձմեռային  սպորտաձևերը զարգացնելով։ Եվ երեխաներին կարողացանք կտրել ինչ-որ ձևով։ Սա առօրյայի մի ձև է․ դպրոցը կամ  ծնողը պետք  է կարողանան  երեխային համակարգչից ինչ-որ ձևով հեռու պահել»։

Տեղեկատվական անվտանգության հարցերով  փորձագետ  Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ծնողներին ուշադիր լինել երեխաների վարքագծային փոփոխությունների նկատմամբ։ Կասկածների դեպքում  ծնող-երեխա մտերմիկ ու ընկերական զրույցը չպետք է ուշանա։

«Խոսե՛ք ձեր երեխեքի հետ, սակայն ոչ  թե վախացնելով, այլ՝ որպես ընկեր։ Եվ պետք չէ արգելել ինտերնետ մտնելը, քանի որ մեկա երեխան մտնելու է ու արգելելու դեպքում ավելի վտանգավոր է լինելու»։

Բացատրել ու այս մեթոդով հասնել հաջողությունների, ոլորտի մասնագետների հորդորն է։ Հակառակ դեպքում՝ արգելված պտուղն ավելի քաղցր է։

Back to top button