ԿարևորՀասարակություն

Օրակարգից դուրս․ ԱԺ-ում վիճում են պատասխանատվության մասին

Կառավարության առաջարկած օրակարգով այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում արցախյան թեմային առնչվող հարցեր չեն եղել, բայց ողջ քննարկումը ծավալվել է հենց այդ թեմայի շուրջ։ Օրակարգային հարցերից մեկով փոփոխություն է առաջարկվել Դատական օրենսգրքում, որով նախատեսվում է  ավելացնել դատավորների թիվը, թեթևացնել նրանց ծանրաբեռնվածությունը։ Օրակարգային մյուս հարցը վերաբերել է  սոցիալական ոլորտին։ ԱԺ նիստերի դահլիճում  առանցքայինը եղել է արցախյան թեման, քննարկումները վերածվել են փոխադարձ մեղադրանքների։ Նիստն ուղեկցվել է խորհրդարանի շենքի մոտ ընթացող  բողոքի ակցիայով։

Վարչապետի և պատգամավորների հրաժարականը պահանջող ցուցարարները թռուցիկներ և ուսապարկեր էին նետում էին ԱԺ–ի բակ՝ ոստիկանական պատնեշից և ճաղերից այն կողմ։ Վանկարկումներ, ոստիկանության հետ վեճեր, բերման ենթարկվածներ:

Այս ամենը տեղի էր ունենում հենց այն պահին, երբ խորհրդարանում ընթանում էր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը։ Գործադիրի առաջարկած օրակարգային հարցերը, սակայն, հիմնովին քննարկել չհաջողվեց։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, նաև անկախ պատգամավորներն էին դժգոհում օրակարգում Արցախին առնչվող հարցերի բացակայությունից։

Տարոն Սիմոնյան. «Եթե դուք բերեիք, ասենք՝ նախագիծ Արցախի օկուպացված տարածքի դեօկուպացիայի մասին, ես կհասկանայի, բերեիք «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ՝ էլի կհասկանայի, բերեիք նախագիծ բանակաշինության բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու մասին, կհասկանայի։ Որովհետև առաջնահերթը անվտանգային խնդիրն է»։

Գոռ Գևորգյան . «Անցյալը փակված չէ։ Հարգելի գործընկերներ, իշխող մեծամասնություն, այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ի՞նչ եք ուզում, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք ակնկալում։ Ո՞ւր ենք այսպես գնում, տղերք»։

Օրակարգի բերումով ԱԺ եկած արդարադատության և աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարները ստիպված էին պարզաբանումներ ներկայացնել հետպատերազմական շրջանում Արցախում արված աշխատանքների մասին։ Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը սրտնեղում է, երբ ընդդիմադիր պատգամավորները վկայակոչում են գրաված տարածքներում Ադրբեջանի կողմից արդեն սկսված շինարարական աշխատանքերը։

«Տեղյա՞կ եք, որ մինչև այսօր Շուշի քաղաքում Ադրբեջանը չի կարողանում հոսանք քաշել։ Եվ Շուշիի զինվորականությունը այն փոքր բնակչությունը, որ կա պատերազմից հետո ամբողջովին մթի մեջ են։ Իսկ ամբողջ Արցախում, երբ պատերազմից հետո էլեկտրամատակարարումը ամբողջովին ավերված էր, «Արցախէներգո»–ն ռմբակոծված էր, բոլոր ենթակայանները ռմբակոծված էին, Արցախի տարածքում 24 ժամ հոսանք է ապահովված։ Դուք անընդհատ առանձնացնում եք, մեզ համար ՀՀ–ի և Արցախի Հանրապետության սոցիալական քաղաքականության միջև որևէ տարբերություն չկա և այն, ինչ արվում է Արցախում, արվում է համատեղ ջանքերով, այդ թվում՝  համատեղ ֆինանսավորմամբ։ Արցախում այս պահին մինչև հազար բնակարաններ են վերակառուցվում, որոնք տրամադրվելու են մշտական բնակության։ Դա առաջին փուլն է։ Երկրորդ փուլում, որ այս պահին քննարկվում է, կան մի քանի բազմաբնակարան շենքեր, որոնք կիսակառույց են, դրանք նույնպես պետք է կառուցվեն»։

Իրավական տեսանկյունից Հայաստանը ձեռքերը ծալած չի նստել, հավաստիացնում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հետպատերազմական շրջանի մյուս հետևանքը արտագաղթն է, ինչի վրա ուշադրությունը կենտրոնացրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Իշխանական թևից արձագանքեցին թվերով․

Հայկ Գևորգյան . «Այն 10 տարիների ընթացքում, երբ ԲՀԿ–ն եղել է կոալիցիայի անդամ և կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը,  Հայաստանից, ինչպես մեր գործընկերը նշում է, «փախել» է 372 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 41 հազար մարդ»։

Արման Աբովյան . «Գնանք միասին օդանավակայան, գալի՞ս եք։ Գնանք հարցնենք՝  ինչու են գնում։ Եվ այո, մեղավորը դուք եք ու չհամարձակվեք սրանից հետո ձեր մեղքերը մեր վզով փաթաթել»։

Ալեն Սիմոնյան . «Այստեղ մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ․ 30 տարի իշխանություն եղած մարդիկ մեզ մեղադրում են այս երկու տարվա մեջ ինչ–որ բան չանելու մեջ։ Այո, չարեցինք։ Որոշ մարդկանց «բենթլիները», դղյակները չհասցրեցինք 2 տարվա մեջ սարքենք ԱԹՍ–ներ։ Այո, մեղավոր ենք, կուղղենք, դա էլ կուղղենք, կհասցնենք վստահ եմ»։

Արագացված՝ 24–ժամյա ռեժիմով, միանգամից երկու ընթերցումով խորհրդարան  բերված երկու նախագծերից մեկը վերաբերում է հենց «Դատական օրենսգրքին»։ Նախարար Բադասյանն ասում է՝ թեթևացնում են դատարանների ծանրաբեռնվածությունը և վերականգնում համակարգի հանդեպ վստահությունը։ Ընդդիմադիրները կասկածում են, որ կան  թաքնված նպատակներ։

Անի Սամսոնյան . «Դուք շարունակում եք զբաղվել դատական բարեփոխումների կարկատաններով։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ գործողությունները բխում են ոչ թե ռազմավարությունից այլ՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից»։

Նաիրա Զոհրաբյան . «Դուք անընդհատ փորձում եք բերել կեղծ օրակարգեր։ Այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը»։

Ռուստամ Բադասյան . «Մեր բոլոր գործողությունները բխում են ռազմավարության տրամաբանությունից և նշված գործողությունների ծրագրից։ Մենք ասել ենք, որ դատական համակարգում բացի բարեվարքության մեխանիզմները, խնդիր է նաև դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, մեծ խնդիր ունենք հանրային վստահությունը բարձրացնել դատական համակարգի նկատմամբ և այնտեղ նախանշված են բոլոր գործողությունները, որոնք մենք անելու ենք։ Այսինքն՝ սա որևէ մեկի համար անակնկալ և բացահայտում չէ»։

Սոցիալական փաթեթը, որը ներկայացվել էր խորհրդարանին ենթադրում է 4 կառույցների միավորմամբ միասնական սոցիալական ծառայության մարմին ստեղծելու նախագիծ։

Back to top button