ԿարևորՄշակույթ

Պայքար «մշակութային ֆաշիզմ»–ի դեմ․ ո՞րն է իրավական ճանապարհը

Առնվազն 1456 հայկական նշանավոր անշարժ հուշարձան՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնավայրեր ու բերդեր, ամրոցներ ու սրբավայրեր, Ադրբեջանի վերահսկողության տակ են։

Այսուհետ մեզնից հեռու են նաև 8 պետական թանգարաններ՝ 19 հազարից ավելի ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Մշակութային այս արժեքները թշնամու վերահսկողության տակ անցնելուց զատ` նաև անցնում են նրա՝ հայկական արժեքները ոտնահարելու պատրաստ ձեռքի տակով: Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյան․

«Իրականում տեղի ունեցածը սովորական մշակութային ֆաշիզմ է, որովհետև սա ոչ թե անհատների վերաբերմունք է հայկական մշակույթի հանդեպ, այլ պետական ապարատի կողմից նախապես կազմակերպված գործողություն»։

Արթուր Գրիգորյանը վստահ է՝ հայկական մշակութային արժեքների դեմ կատարվողը ոչ թե անհատների ցանկություն է, այլ նպատակադրված գործընթաց, որն իրականացվում է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Վազգեն Սարգսյանի արձանի հետ տեղի ունեցածն էլ դրա ապացույցն է․ սկզբում այն պղծվեց, օրեր անց փոխարինվեց երեք մարդահասակ դիմաքանդակներով։ Ադրբեջանում արժեքներ ոտնահարելու համար բավական է, որ այդ արժեքը հայկական լինի․

«Քանի որ այնուամենայնիվ Ադրբեջամնում գիտակցում են, որ այս ամբողջը ենթադրում է պատասխանատվություն, նոյեմբերի վերջերին արդեն Ադրբեջանի համապատասխան մարմինները արեցին մի քայլ, որով բավականին դժվարացրել են պրոցեսը։ Նրանք հայտարարեցին, որ 3-4 զինվորներ դատապարտվում են հուշարձանները վնասելու համար։ Ինչու՞ սա արվեց․ համացանց էր սողոսկում բավականաչափ ինֆորմացիա, թե ինչպես են ոչնչացնում խաչքարերը, կրակում մեծ հայրենականիհուշարձանների վրա, և էդ ամբողջը ենթադրելու էր իրավական հիմքեր։ Հայտարարեի, որ մի քանի հոգու դատում են, որպեսզի մարդիկ զգուշանան ինտերնետում տեղադրել իրենց արածները»։

Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրենը գործընթաց է նախաձեռնել, որի նպատակը  հուշարձանբների պաշտպանության պայքարը իրավական հարթություն տեղափոխելն է։

«Մենք հավաքել ենք ինֆոևրմացիա, ունենք արդեն բավականաչափ (բայց դա դեռ ամբողջը չէ)։ Որից հետո ներկայացնելու ենք կառավարություն, ստեղծվելու է անկախ հանձնաժողով, որը կգնահատի ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական վնասի չափը, որից հետո դիմելու ենք միջազգային դատարաններից մեկին և աշխատելու ենք մեր հայցը պնդել ու տանել առաջ մինչև ավարտ»։

1954 թվականին ստորագրվել է Հաագայի կոնվենցիան, որով սահմանվում են   զինված ընդհարման  դեպքում մշակութային արժեքների պաշտպանությունը նախատեսող  բազմաթիվ նորմեր։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ փորձում ենք պարզել՝ հնարավո՞ր է արդոք, ապավինելով այս փաստաթղթին, արդյունքի հասնել։

«Ընդհանուր կարգով տալիս է հնարավորություն, բայց այլ բան է, որ այն դատական ատյանը, որն աշխատում է այդ փաստաթղթով, ընդհանրապես Հայաստանում հասանելի չէ։ Խոսքը Միջազգային քրեական դատարանի մասին է։ Բայց էդ հարցը կարելի է բարձրացնել նաև մարդու իրավունքների կոնտեքստում։ Միջազգային քրեական դատարանում հումանիտար իրավունքի ներքո հնարավոր չէ, որովհետև ընդհանրապես այդ դատարանի լիազորությունը մենք չենք ճանաչում»։

Ղազարյանը կարծում է, որ  այս հարցի լուծումը պարտադիր չէ փնտրել միայն դատական համակարգում։ Որպես տարբերակ՝ կարելի է դիտարկել նաև ՄԱԿ–ի մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով զբաղվող մոնիթորինգային մարմինները։

Մշակույթը չափելի հարստություն է, ասում է Արթուր Գևորգյանը։ Եթե ամենահամեստ հաշվարկներով չափել 90-ականներից հասցված վնասը, միլիարդավոր դոլարների մասին կխոսենք․

«Պատկերացրեք մեկ հայկական եկեղեցու արժեքը և այդ ամբողջը վերածեք թվերի ու փորձեք երևակայել ամենափոքր թիվը, դուք կունենաք ահռելի թիվ։ Այո, պրոցեսսը կարող է շատ երկար տևել, բայց ես կարծում եմ, որ մեր վճռականությունը բավարար է խնդիրն անընդհատ ակնառու դաշտում պահելու, զարգացնելու ու ավելի կոնկրետացնելու, հստակեցնելու համար»։

Հնարավոր կլինի՞ այս երկարատև պրոցեսցը ցանկալի ու արդար հանգուցալուծման հասցնել՝ ժամանակը ցույց կտա։ Մինչ այդ խնդրով անհանգստացածները հորդորում են՝ չտրվել ընկճվածությանը, չկորցնել լավատեսությունն ու պայքարել «մշակութային ֆաշիզմի» դեմ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով բոլոր հնարավորություններին՝ ամենօրյա քայլերից մինչև միջազգային ամենաբարձր ատյաններ։

Back to top button