Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է, որ համապատասխան բանաձևն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում:
Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են դրա օգտին: