ԿարևորՄշակույթ

«Կայթ» խումբը դարակներից հանել ու «փոշուց մաքրել» է ազգային երգերը

«Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում». փետրվարի 2-ից 8-ը կոնսերվատորիայում կանցկացվի այս խորագրով առաջին փառատոնը։ Նպատակը  Հայաստանում մշակութային կյանքն ակտիվացնելն է։  Փառատոնը մեկնարկել է փետրվարի 2-ին «Կայթ» խմբի մենահամերգով։ Խմբի երաժիշտներն ասում են՝ դարակներից հանել ու փոշուց ազատել են ազգային մոռացված երգերը։

Ճանաչված երաժիշտներն ու երաժշտախմբերը համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ակտիվացնել մշակութային կյանքը,  հատկապես երաժշտությամբ խաղաղեցնել ունկնդրի հոգեկան աշխարհը։ Կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոնա Խաչատրյանը նշում է, որ գաղափարը  ծնվել է պատերազմից հետո: «Մարդկանց հոգիները մշակույթով լցնելու, տրամադրությունները բարձրացնելու, երաժշտասերներին սփոփելու խիստ անհրաժեշտություն կա»:

Փառատոնի բացման պատիվը «Կայթ» խմբին էր։ Խմբի մեներգիչ Կորյուն Դավթյանն ասում է, որ այսպիսի  փառատոնները նաև նպաստում են լավ երաժշտության հանրայնացմանը։ Հնարավորություն են տալիս նորովի ընկալել բազմաժանր երաժշտությունն ու հասկանալ, թե որն է ավելի հոգեհարազատ:

«Արվեստում էլ պետք է մարդկանց ընդհանուր մակարդակը բարձրացնել, որ կարողանան լավն ու որակովը տարանջատել վատից: Ինչքան էլ ասվի, որ սա աստվածային է, իսկ նա «քըխ», օգուտ չունի: Մարդն ինքը պետք է կարողանա զանազանել լավն ու վատը, իսկ դրա համար կրթել է պետք: Կոնսերվատորիայի ու գիտությունների ակադեմիայի արխիվներում պահվում են շուրջ քառասուն հազար ազգային երգեր՝ սկսած Կոմիտասից, սակայն այսօր, այսպես ասենք, շրջանառության մեջ են շատ քիչ նմուշներ: Եվ մեր խումբը առաքելություն վերցրեց տնտղել այդ երգերը, գործիքավորել ու կատարել»։

«Կայթ» խմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Քարտաշյանը նշում  է, որ պատերազմից հետո խումբն առաջին անգամ է ելույթ ունենում: Ասում է՝ օդի ու ջրի  նման համերգի անհրաժեշտություն կար։

«Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ դժվար չէ, քանի որ ծարավ էինք ելույթների: Այն երաժիշտները, որոնց ճանաչում եմ, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո գործունեություն են ծավալում, որովհետև կարծում են, որ երաժշտությունը կարևոր դերակատարություն ունի մարդկանց կյանքում և կարող է ինչ-որ բան փոխել։ Իսկ մեր ծրագրում ընդգրկված են այնպիսի երգեր, որոնք մնացել են գրքերում, ամբիոններում, դարակներում և փոշին նստել է վրա։ Ծրագրի 90 տոկոսը փոշուց ազատագրած  երգեր են»։

«Կայթ» խմբից բացի՝ հանդես կգան Dave Geodakyan Sextet-ը, Silent Duo-ն, Արմեն Մանուկյանը, Personal Opinion-ը, Նորայր Քարտաշյանը և «Մենուա»-ն, Arm Strong Dixie-ն:  Համերգները տեղի կունենան  ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում։ Փառատոնի մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։ 

Back to top button