

2020 թվականին մեկնարկած գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը կշարունակվի նաև այս տարի։ Նախատեսվում է ընդլայնել ապահովագրվող մշակաբույսերի ցանկը․ ծիրանին, խնձորին, դեղձին, խաղողին, ցորենին, գարուն, վարսակին կավելանան նաև կարտոֆիլը, սալորը, ձմերուկը և սեխը։ Գյուղացիները ծրագրից գոհ են, սակայն, առաջարկներ ունեն՝ ապահովագրել ոչ թե վնասը, այլ՝ բերքը, նաև՝ ռիսկերի ցանկում ներառել անձրևը։
Կարկուտ, ցրտահարություն ու հրդեհ․ գյուղատնտեսության համար այս երևույթներն արդեն մեկ տարի ռիսկային չեն։ Ոլորտում ներդրված նոր «մշակույթը» չեզոքացրեց ռիսկերը։ 2020-ին առաջին անգամ KFW բանկի, ԿԲ-ի ու կառավարության աջակցությամբ գյուղապահովագրության պիլոտային ծրագիր իրականացվեց։ Սկսվեց խաղողի ու ծիրանի ապահովագրությունը։ Ապահովագրում են մի քանի ռիսկից՝ գարնանային ցրտահարություն, կարկուտ և հրդեհ։ Արարատի մարզի Նոր ուղի համայնքի ֆերմեր Արսեն Սահակյանը 100 ծիրանի ծառ ունի։ Անցյալ տարի ակնկալվող վնասն ապահովագրել է առկա բոլոր ռիսկերից։
«Երկու հազար մետր հող ունեմ, ապահովագրել եմ ծիրանի ծառերը։ Վերցրել եմ հրդեհ, կարկուտ ու ցրտահարություն ռիսկերը։ Ացայլ տարի առաջին անգամ էր, որ ապահովագրեցի»,-նշում է ֆերմերը։
Արսեն Սահակյանը տարվա ընթացքում այդպես էլ չհասկացավ՝ բերքը ցրտահարվե՞լ է, թե՞ ոչ։ Ուստի փոխհատուցման համար չդիմեց։ «Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ Ռուստամ Պետրոսյանը, Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչ է։ Նա ոչ միայն ապահովագրել է բերքը, այլ նաև փոխհատուցում է ստացել։ Ցրտահարությունից ու կարկուտից ծիրանի այգին է ապահովագրել։
«Եթե չեմ սխալվում 100 հա-ի հաշվով վճարել եմ 130 հազար դրամ։ Փոխհատուցման կարիք եղավ։ Մեզ մոտ ցրտահարություն էր եղել։ Դիմեցի ու ստացա փոխհատուցումը։ Պայմանագրում նշված էր, որ ցրտահարության դեպքում 24 ժամվա ընթացքում պետք է դիմենք ընկերությանը։ Ցրտահարված բերքի արժեքի տասը տոկոսից բացի՝ մնացածը փոխհատուցել են»,-ասում է Ռուստամ Պետրոսյանը։
Սա ապահովագրության ոլորտում ընդունված պրակտիկա է՝ ասում է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգատգործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը։ Վնասը գնահատվում է երկու անգամ՝ նախ՝ սկզբում, ապա՝ բերքահավաքից առաջ։
«Ենթադրենք՝ այգում տեղի է ունեցել դեպք, որի արդյունքում 70 տոկոսի վնաս է հասցվել։ 70-ի 10 տոկոսը հանվում է, մնացած 60 տոկոսը, ըստ ընտրված գոտու, փոխհատուցվում է»,-պարզաբանում է Փանոսյանը։
Ծախսը հաշվարկվում է՝ ըստ արտադրության ու ռիսկայնության գոտիների։ Փորձագետները հաշվարկել են, թե որքան է կազմում, օրինակ, ծիրանի 1 հա դաշտը մշակելու ծախսը։ Հաշվի առնելով նաև այն, թե այգին որ գոտում է, ձևավորվում է ապահովագրավճարը։
2020-ի արդյունքներից էկոնոմիկայի նախարարությունում գոհ են։ Տարին դժվար էր՝ համավարակ ու պատերազմ, բայց՝ խոստումնալից։ Ապահովագրվել է շուրջ 2500 հեկտար, վաճառվել շուրջ 1500 ապահովագրական պայմանագիր։ Փանոսյանն արձանագրում է՝ ծրագրից գոհ են նաև գյուղացիական տնտեսությունները։
«Գյուղացիները գոհ էին և՛ վնասի գնահատումներից, և՛ ապահովագրական փոխհատուցումներից։ Սա, կարծում եմ, դրական ազդեցություն կթողնի, որպեսզի այս տարի առավել շատ պոլիսներ վաճառվեն»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցնում է Իռա Փանոսյանը։
Փորձնական ծրագիրը սկսվեց վեց մարզից, այսօր ծրագրում ընդգրկված են բոլոր մարզերը։ Նախատեսվում է նաև ընդլայնել գյուղապահովագրման ցանկը․ 2020թ ապահովագրվում էր վեց մշակաբույս, 2021-ին ավելացել է ևս չորսը՝ կարտոֆիլը, ձմերուկը, սեխը, սալորը։
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա Իռա Փանոսյանը գյուղացիներին հորդորում է չխախտել պայմանագրեր կնքելու ժամկետները․
«Խաղողը, դեղձը, ծիրանը գարնանային ցրտահարությունից ապահովագրելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։ Կան ապահովագրական առաջարկներ, որոնց վերջնաժամկետը ավելի երկար է․ օրինակ՝ աշնանացան, գարնանացան ցորեն, գարին ապահովագրելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Կախված ռիսկից ու մշակաբույսից՝ կան առաջարկներ, որոնց ժամկետը ավելի քիչ է․ կարկտահարության ռիսկի դեպքում խաղողը և ծիրանը կարող են ապահովագրել մինչև մարտի 25-ը, նույն մշակաբույսը գարնանային ցրտահարության համար ապահովագրելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։ Կախված ռիսկի տեսակից՝ նույն մշակաբույսն ապահովագրելու ժամկետը տարբեր է»։
Նույն մշակաբույսը երկու ռիսկից ապահովագրելու դեպքում ապահովագրավճարի շուրջ 10 տոկոս զեղչ է կիրառվում։ Պետությունը, համագործակցելով KFW բանկի հետ, կարկուտ և հրդեհ ռիսկի դեպքում սուբսիդավորում է ապահովագրավճարի՝ համապատասխանաբար 50 տոկոսը, գարնանային ցրտահարության՝ ռիսկի դեպքում՝ 60 տոկոսը։ Գյուղապահովագրության ինստիտուտի ներդրմամբ փորձ է արվում կայունացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները։
«Երբ տարերային աղետ՝ ցրտահարություն կամ կարկուտ է լինում, այս ծրագրի օգնությամբ գյուղացին ունենում է որոշակի գումար՝ հաջորդ տարի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար»,-մանրամասնում է Իռա Փանոսյանը։
Անցյալ տարի ավելի ակտիվ էին Արմավիրի, ապա՝ Շիրակի, Լոռվա, Արարատի, Սյունիքի մարզի ֆերմերները։ Ամենաշատն ապահովագրվել է հացահատիկը (շուրջ 1300 հա), խաղողը (մոտ 550հա) և ծիրանը (շուրջ 550) ։ Հատկապես բարձր է համակցված՝ երկու ռիսկից ապահովագրության տոկոսը։ Սա պակաս ռիսկային է ու այսպես ասենք եկամտաբեր։ Այժմ ապահովագրվում է ծախսը, գյուղացիները, սակայն, ցանկանում են բերքի ապահովագրություն ունենալ։ Սա գյուղացիների միակ առաջարկը չէ․ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչ Ռուստամ Պետրոսյանն ու Արարատի մարզի Նոր ուղի համայնքի բնակիչ Արսեն Սահակյանն իրենց առաջարկները «Ռադիոլուր»-ի միջոցով են փոխանցում․
«Ցանկալի կլիներ, որ անձրևի ռիսկից էլ ապահովագրեին, քանի որ անձրևները շատ են գալիս, փոշոտում չի կարատվում, բերք չենք ստանում»։
Նոր ռիսկեր գյուղապահովագրության պայմանագրում կներառվեն, բայց՝ առաջիկայում։