ԿարևորՀասարակություն

Արմավիրի գիշերօթիկում ժամանակավոր ապրող բազմազավակ Միքայելը երկու անգամ կորցրել է տունը

Արմավիր քաղաքի նախկին գիշերօթիկ դպրոցում է ապրում Միքայել Միրզոյանի բազմանդամ ընտանիքը: Պատերազմից հետո բազմանդամ ընտաիքը մի քանի կեցավայր փոխելուց հետո այստեղ վերջապես միասին են: Մի ննջասենյակում ապրում է կնոջ ու 7 երեխայի հետ, որից 4 անչափահաս:

63-ամյա Միքայել Միրզոյանն արդեն 2 անգամ կորցրել  է իր տունն ու բնակավայրը: Ծնունդով Գանձակից է: Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ բռնի  տեղահանվել էր, ունեցվածքը թողել ադրբեջանցիներին: Հեռու չէր գնացել, մի քանի տարի ապրել էր Վարդենիսում, մասնակցել պատերազմին, ապա տուն ու տեղ դրել Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում, նորից թողել թշնամուն ու դուրս եկել:

Միքայելն ասում է սա ճակատագրի հեգնանք է. «Ոչ մեկի հավատը չէր գալի, որ Քարվաճառը հենց-ընենց կվեկալեն ու կտան, առանց ոչ մի բանի:Եթե 100 տարի էլ պատերազմը գնար, Քարվաճառը հնարավոր չէր, էլի, հանձնելը, դիրքերը էն ձև էր, կպահվեր»:

Երկու տուն է ունեցել, հողագործությամբ զբաղվել, անտառի բարիքներից օգտվել, աշխատել ու կերակրել ընտանիքը:

«22 տարի էնտեղ բնակվել եմ, Ճամփի կողքն եմ մի հատ տուն ստացել պետության կողմից, որ 2-րդ երեխես ծնվեց Արկադի Ղուկասյանի կողմից, էն ժամանակ նախագահն էր Ղարաբաղի, մի հատ մեծ տուն սարքեց, նվիրատվություն արեց մեզ»:

Միքայել Միրզոյանը 12 երեխա է ունեցել: Ավագ որդին 3 տարի առաջ 25 տարեկանում մահացել է, 4 դուստրերն ամուսնացել են: Ընտանիքում հիմա 7 զավակ ունեն՝ մեծը 24 տարեկան, փոքրը՝ 10: Պատերազմի առաջին օրը Միքայելը ընտանիքին տեղափոխել է Երևան: Ասում է 9 հոգով տեղավորվել են մի  «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի մեջ ու փախել:

«Դե, որ առավոտը հելա, տենամ՝ գյուղի դեմն են խփում, քրոջս ավտոն մեր դուռն էր, երեխեքին հավաքեցի մի ձև, էդ ավտոյով բերի Երևան»:

44-օրյա պատերազմի ընթացքում մեկ անգամ է եղել իր տանը, որտեղ զորամասի պայթյունից հետո զինվորներն  էին մնացել: Պատերազմից հետո նույնպես որոշել էր իջնել գյուղ, բայց ճանապարհից որդին հետ էր դարձրել.

«Լսեցի, որ հանձնում են, ասի,  գնամ վեշերս հանեմ: Գնացի, որ իջնեմ Քարվաճառ, հասա Վարդենիս, երեխես զանգեց, ասեց մի գնա, մեր զույգ տունն էլ արդեն վառել են վեշը սաղ միջին, մեջը ոչ մի բան չկա»:

Սեպտեմբերի 27-ին տնից դուրս գալիս Միքայելն ու Աիդան՝ կինը, ոչինչ չէին վերցրել, բացի  մահացած որդու  հուշ-նվերից, որոնք միշտ պահում են աչքի առաջ.

«Էս սրբապատկերները տղաս էր առել»:

Ավագ որդին պայմանագրային զինծառայող էր, հերթապահության ժամանակ կայծակնահարվել էր:  24-ամյա Յուրան էլ է պայմանագրային զինծառայող: Իմ այցելության օրը արձակուրդ էր եկել: Արցախ վերադառնալ չի ուզում.

«Ես 24 տարեկան թամամ չկամ, բայց երկու պատերազմ եմ տեսել, հերիքա,  ես էդքանը տենալով, իմ ընտանիքի անդամները  էդքանը տենալով, հերիքա»:

Յուրան հոր հետ մտահոգված է իրենց ընտանիքի ճակատագրով, որոշել է թողնել զինվորական աշխատանքը, նոր գործ գտնել Հայաստանում կամ  մեկնել Ռուսատան: Իրենց խնամքի տակ դեռ 4 անչափահաս երեխա կա: Հովսեփը 16 տարեկան է, բայց չունի անձնագիր, դպրոց էլ չի գնում:  Անձնագիրը ստանալու է Ստեփանակերտից, բայց հիմա հնարավորություն չունեն: Միքայելը  Ստեփանակերտում որոշել էր վարձով տուն գտնել, բայց շատ թանկ են, մեկ սենյականոց բնակարանի վարձը հասել է 100 հազար դրամի:

«Նկարվավ, որ գնայինք պասպորտ, պատերազմը սկսվեց: Էդ 83 000 դրամը, 300 000 դրամը որ տալիս են՝ էս երեխու պահով էլ օգտվենք:  Հիմա եկել ենք Հայաստան, դիմում ենք, ասում են՝ պիտի գնա Ստեփանակերտ: Էս էրեխին ղրկեմ գնա Ստեփանակերտ մեն-մենա՞կ: Ոչ Ստեփանակերտ բարեկամ ունենք, ոչ էլ, որ ղրկեմ»:

Եղեգնուտը գտնվել է Ադրբեջանի սահմանին, 22 տարի ապրել են սահմանամերձ գյուղում: 2 պատերազմ տեսել, այլևս չեն ցանկանում ապրել սահմանին.

«Երկու անգամ թողել եմ էս եղած-չեղածը փախել: Էլ ինձ էդքան կյանք կունենամ, որ նորից ստեղծեմ, հնարավո՞ր ա»:

Բազմանդամ ընտանիքի հայրը մի խնդրանք ունի, հովանավորներ գտնվեն ու իր բազմանդամ ընտանիքը տնով ապահովեն:

Back to top button