ԿարևորՀասարակություն

Ականներ նախագծում․ապատեղեկատվության դեմ պայքա՞ր, թե՞ խոսքի ազատության սահմանափակում

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով: Առաջարկը մտահոգություններ է  առաջացրել ոչ միայն բովանդակության, այլ նաև այն  պատճառով, որ շրջանառության մեջ է դրվել՝ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու։ Լրագրողական և փորձագիտական շրջանակներում կտրականապես դեմ են գործընթացին և խոստանում են հակազդել դրան։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների, փորձագետների հետ չի քննարկվել, իսկ նրանք նախագծում ականներ են տեսնում՝ ուղղված լրատվամիջոցներին և խոսքի ազատությանը։ Նախագծի հեղինակներից  իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, մինչդեռ, որ մինչև պատգամավորական գործունեությունը լրագրությամբ է զբաղվել, վստահեցնում է.

«Ձեզ ուղղված ական չկա։ Ականներ կան միայն անանուն աղբյուրների համար։ Անանուն աղբյուրները նրանք են, որոնց նույնականացման տվյալները չկան։ Սրա մասին է խոսքը։ Իրական լրատվամիջոցները սկսում են փաստացի գովազդել աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին մեզանից որևէ մեկը, ընդհանրապես որևէ մեկը, տեղեկություն չունի»։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` թողարկման տվյալները ներկայացնելու պահանջ է դրվում նաև ինտերնետային ԶԼՄ-ների առջև։ Փոփոխությունների մյուս մասը վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության պահանջին: Դրված պահանջները խախտելու դեպքում էլ սահմանվում են տուգանքներ. օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով տուգանք (500 հազար դրամ), իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով գումար` մեկ միլիոն դրամ:

Պատգամավորների մտահոգությունը կարելի է հասկանալ, բայց այն ինչ առաջարկվում է, այն միջոցները, որոնցով նրանք ցանկանում են հարցը լուծել, սկզբունքորեն անընդունելի է՝ ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

 «Պատգամավորների մտահոգությունը հասկանալի է՝ նկատի ունեմ այդ անանուն աղբյուրներից կամ թաքնված աղբյուրներից օգտվելու ակնհայտ չարաշահումը, որ  նկատվում է մեր պայմաններում, երբ բազմաթիվ լրատվամիջոցներ անանուն աղբյուրներով քողարկվելով, փաստորեն, ապատեղեկատվություն են տարածում և թյուրիմացության մեջ գցում իրենց լսարանին։ Այդուհանդերձ, մենք չենք կարող «ունքը դզելու փոխարեն՝ աչքը հանել»։

Իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, սակայն, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում վստահեցրեց, որ  օրինագիծը չի վերաբերում լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին և որևէ կերպ չի սահմանափակում տեղեկատվության տարածման իրավունքը կամ խոսքի ազատությունը։     

 «Բացարձակապես դրա մասին չէ։ Այն որևէ կերպ չի սահմանափակում նաև տեղեկատվություն տարածելու ազատությունը։ Այսինքն, ցանկացած լրատվամիջոց կարող է այդ աղբյուրի տեղեկատվությունը վերցնել, կատարելով իր մասնագիտական պարտականությունը նաև՝ ստուգել այլ աղբյուրներից տեղեկատվության իսկությունը և, այնուհետև, իր անունից հրապարակել իր կայքում կամ այլ ռեսուրսում։ Իր անունից, այսինքն՝ հղում անելով արդեն, օրինակ, «համացանցային տիրույթում տարածված տեղեկատվություն»։ Անունը չգրվի, չգովազդվի»։  

Նույն օրենքում կա դրույթ, որ լրագրողի իրավունքն է աղբյուրը չբացահայտելը և նրան ստիպել կարող է միայն դատարանը, այն էլ՝  երբ դա անհրաժեշտ է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար, որի դեպքում լրագրողը կարող է պահանջել փակ նիստ՝ հիշեցրեց  փորձագետը։   

 «Ստացվում է օրենսդրական կազուս։ Մի դրույթով պաշտպանվում է աղբյուրը, այդ թվում նաև անանուն աղբյուրը, իսկ մյուս կողմից՝ պատգամավորները փորձում են արգելք դնել այդպիսի գործելաոճի համար։ Ավելին՝ վարչական պատասխանատվության ենթարկել ու տուգանել։ Սա անընդունելի է։ Որևէ ժողովրդավարական երկրում այսպիսի սահմանափակում գոյություն չունի։ Դա հակասում է նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։ Ես կարծում եմ, որ այս նախագիծը պետք է շրջանառությունից հանվի առհասարակ»։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ անձամբ ինքը համառ պայքարելու է, որ նախագիծն օրենքի ուժ ստանա, բայց՝ նաև նշեց, որ մեկ ամիս ժամանակ կա քննարկումների համար ու իրենք բաց են՝ լսելու նաև հասարակական հատվածի ներկայացուցիչներին ու լրագրողներին։

Back to top button