ԿարևորՀասարակություն

Լրագրողների դեմ հայցերը 2 տարում 3 անգամ ավելացել են

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն»  ներկայացրել է  ԶԼՄ-ների և լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի մոնիտորինգի արդյունքները։ Դրանց համաձայն՝  վերջին երկու տարիներին  գրեթե 3 անգամ ավելացել են լրատվամիջոցների ու լրագրողների դեմ ներկայացված հայցերը։  176 հայցերից  127-ը վերաբերել են հրապարակումներում վիրավորանքին  ու զրպարտությանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրերի իրավաբան Դավիթ Ասատրյանի դիտարկմամբ՝ սա պայմանավորված է համացանցի և սոցիալական մեդիայի զարգացմամբ։ Միևնույն ժամանակ  սրընթաց զարգացումը համընկել է քաղաքական ակտիվ իրադարձությունների հետ։

«Այս հետազոտությունը  ամենաթարմ ն է վիրավորանք զրպարտության գործերով։  Սա կարող է հիմք հանդիսանալ  իրավաբանների , փաստաբանների ինչու ոչ նաև դատական  իշխանության համար , որպեսզի քննեն ՝ ինչ խնդիրներ կան ոլորտում և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինչ քայլեր կարող են ձեռնարկել»։  

Կոմիտեն իր գործունեության 10 տարիների ընթացքում  լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ամենաշատ դատական հայցերն արձանագրել է 2019 թվականին։ Ցուցանիշը որոշակիորեն  նվազել է 2020-ին, ինչը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  նախագահը բացատրում է  համաճարակով ու  պատերազմով։ 

««Եթե հաշվի առնենք, որ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր մեր երկիրը զբաղված էր պատերազմական ու դրա հետ կապված խնդիրներով, ապա, կարծում ենք, որ դրանով էր պայմանավորված, որ լրատվամիջոցների դեմ դատական գործերի հոսքը նկատելի պակասեց: Ամեն դեպքում տարվա առաջին երեք եռամսյակի տվյալներով, տեսնում ենք, որ 2019-ի միտումը պահպանվել է»։

Վերջին երկու տարիներին նկատելի է նաև  լրագրողների՝ իրենց իրավունքների  դատական կարգով պաշտպանելու  ավելի ընդգծված միտում։ Լրագրողների իրավունքները հաճախ  խախտվում են  նաև խմբագրություններում։

«Դա կարող է լինել առանց պայմանագրի աշխատելը, ժամանակին վճարովի արձակուրդ չտրամադրելը, հիվանդության ժամանակ չվճարելը: Հիմա մենք տեսնում ենք, որ լրագրողները նաև այս հարցերով են դիմում դատարան իրենց իրավունքները պաշտպանելու: Այս տեսանկյունից  դատական նախադեպեր ստեղծելը կարևոր է»։

Կոմիտեի նախագահն արձանագրում է․ վերջին երկու տարիներին դատական գործերով ընդունված ակտերի համադրությունը ցույց է տալիս, որ դրանց որակը նկատելիորեն բարձրացել է թե՛ դատարանների ներկայացրած պատճառաբանությունների, թե՛ կողմերի բերած փաստարկների առումով։ Միևնույն ժամանակ, մոնիտորինգի արդյունքում ի հայտ են եկել պրակտիկ խնդիրներ, որոնք մի շարք դեպքերում թույլ չեն տալիս դատական գործերի վերաբերյալ ընդունված ակտերը որակել արդարացի և ճշգրիտ։

Back to top button