ԿարևորՀասարակություն

Ներքին գործերի նախարարություն՝ Ոստիկանության փոխարեն

Կձևավորվի Ներքին գործերի նախարարություն, որի մեջ կմտնեն Ոստիկանության քաղաքացիական ծառայությունները:  Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության և գործողությունների նախագծի լրամշակումը։

Կազմավորվելիք Ներքին գործերի նախարարությունը համակարգելու է ոստիկանության գործունեությունը։ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մշակող-հեղինակները կարծում են, որ այսպիսով, այս նախաձեռնության արդյունքն ապաքաղաքական մարմնի ստեղծումն է լինելու, որը չի սպասարկելու գործող իշխանությունների շահերը, այլ՝ պարզապես զբաղվելու է իրավակարգի պահպանության խնդիրներով։ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը համոզված է, որ նման մարմինն այլեւս անհրաժեշտություն էր. 

«Քաղաքացիական եւ քաղաքական պատասխանատվությամբ, հակակշիռների եւ բալանսավորման մեխանիզմներով, քաղաքացիական եւ պառլամենտական վերահսկողության ենթարկվող եւ նման կառուցակարգեր ունեցող նախարարությունը այլեւս անհրաժեշտություն է»։

Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ համոզված են, որ ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ ոստիկանության կառուցվածք ունենալու անհրաժեշտությունը բավականին մեծ էր։ Այս տեսակետին է, օրինակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Ըստ էության, ոստիկանությունը կմնա ուղղահայաց սիստեմ՝ ամբողջությամբ եւ կլինի նաեւ ՆԳ նախարար։ Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից ոչ թե նախարարի, բայց՝ նախարարի առաջարկությամբ»։ 

Նախագծի կարեւոր կետերից մեկն էլ պարեկային ծառայության ստեղծումն է։ Այս ծառայության գործառույթները բավականին շատ են՝ հասարակական կարգի պահպանությունից, հասարակական անվտանգության ապահովումից մինչեւ ճանապարհային ոստիկանության անվտանգություն ու հետախուզվող անձանց հայտնաբերում։  Ովքե՞ր են լինելու պարեկները․հեղինակներն ասում են, որ ապագա պարեկների առջեւ բարձր չափանիշներ են դրվելու։ Միաժամանակ  ոստիկանության պատասխանատուները վստահեցնում են, որ կադրային ջարդ չի սպասվում։ Օրինագծի քննարկումների նախնական փուլում փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը վստահեցրել էր. «Բոլոր նրանք, ովքեր մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին, կմնան եւ կաշխատեն՝ անկախ նրանց ով լինելուց»։

Դրվում են չափանիշեր, հստակեցվում են պարտականությունները, իսկ ինչ իրավունքներ կունենան ոստիկանները։ Արդարադատության նախարարությունից վստահեցնում են, որ հստակեցվել է բոլոր այն գործողությունների շրջանակը, որոնք որ ոստիկանը կարող է կոնկրետ իրավիճակում իրականացնել ու այդ գործողությունների համար չենթարկվել պատասխանատվության։ Սա նախկինում խնդիր է եղել՝ շեշտում է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը.   

Կարեւոր փոփոխություններից մեկն էլ այն է, որ որոշ հանցագործություններ ի դեպքում նախաքննություն իրականացնելու գործառույթը վերադարձվելու է ոստիկանությանը։ Ոստիկանության պատասխանատուները կարծում են, որ դա կնպաստի հանցագործությունների առավել արագ բացահայտմանը, ապացույցների առավել լիարժեք  ձեռք բերմանն ու հավաքմանը, ինչպես նաեւ, ինչպես ձեւակերպում են ոստիկանության պատասխանատուները, տաք հետքերով հանցագործությունների բացահայտմանը։ Ոստիկանության բարեփոխումների հարցում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության տեսակետները, կարծես թե, համընկնում են։  ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կարծում է, որ ընդհանուր քրեական գործի հետաքննությունը պետք է մի մարմնում իրականացվի։

«Այս պահի դրությամբ մենք ունենք մի քանի քննչական մարմիններ՝ ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ-ի քննչական, ՊԵԿ-ի քննչական վարչություն, այսինքն՝ մարմիններ, որոնք առանձին-առանձին կարող են որոշակի գործառույթներ իրականացնել։ Ես գտնում եմ, որ մասնագիտացված քննությունը մի բան է,  սակայն ընդհանուր քրեական գործի հետաքննությունը, ինձ թվում է, մի մարմնում պետք է լինի»։        

Բարեփոխումներով առաջարկվում է նաեւ զուտ ոստիկանական գործառույթներն առանձնացնել վարչական գործառույթներից։ Այս դեպքում խոսքը վերաբերում է վիզաների, անձնագրերի, վարորդական վկայականների, ավտոմեքենաների համարանիշների տրամադրման գործառույթներին։ Այդ բոլոր հարցերով զբաղվելու է առանձին գերատեսչություն, որը ենթարկվելու է համակարգին։

Back to top button