ԿարևորՔաղաքական

Հայաստանն ակնկալում է ճնշում Ադրբեջանի վրա, Մոսկվան խոսում է Թուրքիայի մասին

ԵԺԿ–ի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները արդյունավետ են համարում դիվանագիտական «փոքր» քայլերը։

Այդ տրամաբանությամբ  է գնահատվում նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակույան աշխատանքը։ Այն վերջին օրերին քննարկումների առանցքում էր․ կար դժգոհություն, որ մեր պատվիրակներին չհաջողվեց Վեհաժողովում օրակարգային դարձնել Ադրբեջանում պահվող գերիների հարցը։ Պատվիրակության անդամներն արդեն  վերադարձել են Երևան և ներկայացրել իրենց պարզաբանումները։  

Ռուսաստանի Դաշնությունը քննարկման նոր «թեզ» է շրջանառության մեջ դրել, համաձայն որի Արցախի կարգավիճակի բանակցություններում պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի կարծիքը։

Սա այն դեպքում, երբ պաշտոնական Երևանի արձագանքը մշտապես հայտնի է․Թուրքիայի որևէ մասնակցություն արցախյան բանակցություններին Հայաստանի համար ընդունելի չէ։ Սա այն եզակի հարցերից է, որում իշխանության և ընդդիմադիրների դիրքորոշումները համընկնում են։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան․ «Թուրքիան չպետք է բանակցային գործընթացի մաս կազմի, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆոևրմատը պետք է պահպանվի։ Թե ինչ տեսակի մասնակցության մասին է խոսում Մեդվեդևը, ես այդ հարցազրույցից չեմ կարողանում հասկանալ, որովհետև, օրինակ՝ չի ասում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ։ Դա կլիներ կոնկրետ առաջարկ, մենք էլ կասեինք՝ դեմ ենք։ Բայց  խոսքը դրա մասին չէ։ Թուրքիան խաղաղության դերակատար չի եղել, այս ամբողջ ագրեսիայի ընթացքում աջակցել է Ադրբեջանին, պատերազմի կողմ է, իսկ պատերազմի կողմը չի կարող արբիտր լինել»։

Ռուսաստանի նախկին նախագահ և նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախօրեին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պետք է նկատի ունենալ ներկա իրողությունները։ Դրանցից ելնելով՝ հարցն անհրաժեշտ է քննարկել նաև Թուրքիայի հետ։

Ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավորը․ այս հարցում արդեն Հայաստանում հակասություններ կան․ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի կարծիքները չեն համընկնում։  

Ռուբեն Ռուբինյան ․ «Հայաստանը շարունակում է մնալ Արցախ անվտանգության երաշխավորը»։

Էդմոն Մարուքյան ․ «Եթե չլինեին խաղաղապահները, մենք պետք է շարունակեինք պնդել, որ երաշխավորը ՀՀ–ն է։ Բայց հիմա խաղաղությունն այնտեղ պահպանվում է խաղաղապահ ուժերի միջոցով, որովհետև այն խաղաղությունը, որը կար, կոտրվել է պատերազմով և վերահաստատվել խաղաղապահ ուժերի ներմուծումով։ Հետևաբար՝ անվտանգության երաշխավորը  խաղաղապահ ուժերն են»։

Միջազգային հարթակներում այժմ Ադրբեջանը փորձում է իրեն դիրքավորել որպես «կառուցողական» երկիր, լուծված է համարում հակամարտության խնդիրը՝ դրանից բխող հետևանքներով։ Առաջին իսկ փորձությունը, սակայն, չհաղթահարվեց ԵԽԽՎ նստաշրջանում․լիագումար նիստում նույն կեցվածքի էին, հանձնաժողովների քննարկումներում՝ տարբեր։

Հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն անձամբ  է զգացել ադրբեջանական պատվիրակության «հարձակումներն» ու դրա միջոցով ցուցադրել Ադրբեջանի իրական նպատակները․

«Ադրբեջանական պատվիրակությունը հիմնականում փորձում էր դիրքավորվել որպես ավելի կառուցողական, որ եկել է երկխոսության և փորձում էին ներկայացնել, որ մենք դրան ընդառաջ չենք գալիս։ Բայց այն փաստերը, որոնցով մենք հանդես եկանք և ցույց տվեցինք, թե ինչ է կատարվում ամբողջությամբ հօդս ցնդեցրին այդ միֆը, որ փորձում էին իրենք ստեղծել։ Օրինակ, երբ Միգրացիայի փախստականների հարցերի հանձնաժողովում ես բարձրացրեցի գերիների հարցը, հատկապես հաշվի առնելով, որ այդ հանձնաժողովի անդամ Փոլ Գավանն է զեկուցող նշանակցվել հումանիտար խնդիրների հարցով, նրանք բավական ագրեսիվ էին իրենց դրսևորում և հենց այդ պահվածքով բոլորին զարմացրեցին, որովհետև պարզէ՝ հումանիտար խնդիր է, պետք է լուծում ստանա և, կարծես, ինքնաբացահայտվեցին, թե իրականում շարունակում եբն նույն ձևով հանդես գալ և նույն ագրեսիվ ոճով հանդես գալ»։   

Պատերազմի հետևանքով այժմ մոնիտորինգի տակ են և Հայաստանը, և Ադրբեջանը։ Մի շարք միջազգային կառույցներ Ադրբեջանին արդեն հորդորել են վերադարձնել այնտեղ պահվող հայ գերիներին։ Այսօր ավելացավ ևս մեկ կոչ-հայտարարություն։ ԵԺԿ-ի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը արդյունավետ են համարում դիվաագիտական «փոքր» քայլերը։

Ռուբեն Ռուբինյան ․ «Կարծում եմ, այդ միջազգային ճնշման առաջին դեպքերը արդեն իսկ կան։ Այն, որ ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն է անում, որ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները հայտարարություն են անում, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում կոչ է արվում անհապաղ ռազմագերիներին փոխանակել․ սրանք բոլորը ճնշման դրսևորում են։ Արդյո՞ք միայն դրանոց արդյունք կլինի, կարծում եմ՝ ոչ, բայց սա պրոցես է և պետք է ուժեղացնել միջազգային ճնշումը։ Մեր նպատակն էր ցույց տալ, որ կան կոնկրետ խնդիրներ և Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության այն դրույթը, ըստ որի՝ պետք է բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է անհապաղ փոխանակվեն»։

Վլադիմիր Վարդանյան ․ «Ադրբեջանը հստակ հասկանում է, որ միջազգային ճնշումը  ռազմագերիների հայրենադարձման հարցով շատ ավելի կոշտանալու է և դրա դրսևորումներին մենք պարզապես պետք է հետևենք և չթուլացնենք այն միջազգային ճնշումը, որը փորձում ենք գործադրենք»։

Իշխանական պատգամավորները սա ասում են որպես պատասխան այն մեղադրանքների, թե  ԵԽԽՎ-ում աշխատռանքը տապալվել է։ Հայտնի է, որ պատվիրակությունը մեկնում էր Ստրասբուրգ Ադրբեջանում պահվող գերիների հարցը օրակարգային դարձնելու համար, բայց Բյուրոյում այն մերժվեց․ ԵԽԽՎ-ն կարևորեց ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործը։

Ամեն դեպքում, առանձին հանդիպումների առումով հայ պատվիւրակները այցը օգտակար են համարում։ Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանն անգամ հաստատում է՝ արվել է ամենը, ինչ հնարավոր էր։ Բոլորովին այլ կարծիքի է տարբեր պետություններում Հայաստանի դեսպանատների աշխատանքի վերաբերյալ․ ասում է՝ ԵԽԽՎ-ում տարբեր պատվիրակություններին ստիպված են եղել զրոյից ներկայացնել արցախյան իրողությունը։

Back to top button