ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերին

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, ինչպես նաև, կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել իր մոտ պահվող բոլոր հայ զինվորականներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Այսօր` փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ։

Պատգամավորները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են առավել քան երբևէ, մասնավորապես նշելով, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների՝ այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները ափսոսանք են հայտնել, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջապես չի իրականացվել, ողջունել են անցած շաբաթ մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով ազատ արձակել մյուսներին ևս»,- ասված է Եղոյանի գրառման մեջ։

Հայտարարությունն ամբողջությամբ` այստեղ

Back to top button