ԿարևորՏնտեսական

Եկամուտների նվազումը բանկերին ավելի զգուշավոր է դարձնում

Այսօր ԿԲ խորհուրդը որոշել է  0.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 5.5%: Գլխավոր դրամատանը պարզաբանել են՝  համաշխարհային շուկայում գնաճային ռիսկերն ավելի ճնշող են դառնում։ Կանխատեսվում է, որ բնակչության եկամուտների նվազմամբ պայմանավորված՝  բանկերն այս տարի վարկեր տրամադրելիս առավել զգուշավոր կլինեն։ 

Կենտրոնական բանկում սպառողական վարկավորման  ծավալների նվազում են  արձանագրել, բայց  վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով   աճել է։ Վճռորոշն այստեղ եղել են պետական աջակցության ծրագրերը։

Դրամի արժևորում․ մասնագետները վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հիմնավորում  են այս նպատակով։ ԿԲ խորհուրդը որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 5.5%: 1․5 ամսում Կենտրոնական բանկն արդեն  երկրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման   տոկոսադրույքը։  Նախորդ բարձրացումը դեկտեմբերին էր՝  1 տոկոսային կետով։ Քայլը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը դրական է գնահատում։ Կարծում է՝ նախորդ անգամ  տոկոսադրույքի բարձրացումը ներքին գնաճը զսպելու, իսկ այս անգամ արտաքին շուկաներից եկող գնաճին հակազդելու նպատակն ունի։

«Գնաճային ճնշումները բավականին մեծ են, ինչի  պատճառով ԿԲ-ն փորձում է, այսպես ասենք, թանկացնել դրամը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն, ըստ էության, փորձում է ապահովել դրամի թանկացումը»։

2020–ին գնաճը Հայաստանում 3․7 տոկոս է կազմել։ Կենտրոնական բանկում արձանագրել են՝ արտաքին հատվածից  եկող ազդակները հուսադրող չեն, կոնկրետ գործողություններով փորձելու են հակազդել դրանց ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․

«Առկա է գնաճային սպասումների որոշակի արագացում։ ԿԲ–ն նպատակահարմար է  գտել  բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հետևողական ենք լինելու որոշակի գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ցանկացած ռիսկ։  Գնաճը կլինի 4 տոկոսի շրջակայքում»։

Համավարակի ու պատերազմի պատճառով  վարկավորման աճի տեմպերը դանդաղել են։  Վարկ տրամադրելիս բանկերն առավել զգուշավոր են դարձել։ Ազդակները  հասել են նաև Կենտրոնական բանկ։

«2020–ին ակնկալում ենք ՀՆԱ–ի 7․8 տոկոս անկում։ Դա նշանակում է, որ մեր հայրենակիցների եկամուտների նվազում ենք ունենալու։ Այդ պարագայում ակնկալել, որ հիպոթեքն ու  երկարաժամկետ այլ վարկատեսակներն ավելանալու են, նույն թափով աճելու են, մի քիչ լավատեսական է»։

Վերաֆինանսավորման նոր տոկոսադրույքը վարկերի տոկոսների վրա անմիջապես չի ազդի։ Նախ՝ կազդի միջբանկային շուկաների, պետական պարտատոմսերի, հետո միայն՝ վարկերի տոկոսադրույքների՝ ասում է տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։ Վարկերի տոկոսադրույքները նվազում են աստիճանաբար, ավանդներինը՝  միանգամից․եթե 2019–ին բանկերը դրամային ավանդներ  էին ներգրավում օրինակ 12 տոկոսով, ապա այժմ միջին տոկոսադրույքը 8 տոկոսի շրջանակներում է։

Էդգար Աղաբեկյանը սա  իրացվելիության ավելցուկով է պայմանավորում․

«Բանկերը,  ըստ էության, վարկավորման ծավալները կրճատել  են։ Այս պահին լրացուցիչ իրացվելիության կամ դրամի կարիք չունեն, քանի որ ծավալները շատ չեն աճում։ Դրանով պայմանավորված՝ ավանդների տոկոսները չեն բարձրանում»։

Կենտրոնական բանկում վարկային պորտֆելում սպառողական  ու չաշխատող վարկերի նվազում են արձանագրել։  Թվերը դեռ ամփոփված չեն։  Հայտնի է միայն, որ տարեկան կտրվածքով, վարկային պորտֆելն աճել է։ Այս հարցում  վճռորոշ են եղել  համավարակով ու սահմանափակումներով  պայմանավորված պետության կողմից բիզնեսին տրամադրած  պետական աջակցության ծրագրերը, որոնք իրականացվել են բանկային համակարգի միջոցով։

Back to top button