ԿարևորՀասարակություն

Դասագրքից՝ իրականություն․ ինչպես իրատեսական դարձնել ներառական կրթության գործընթացը

Ոչ միայն հայատառ, այլև հայալեզու՝ հարմարեցված հայ հանրության մտածողությանն ու խնդիրներին։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը այսպես է նկարագրում իր և գործընկերների հեղինակած «Ներառական կրթության ռազմավարություն» դասագիրքը։

«Երբ ծնվեց այս դասագիրքը ստեղծելու գաղափարը, մենք փորձեցինք, այսպես ասած, ցուցումներ, մեթոդներ մշակել ու ներկայացնել այն բոլոր օղակներին, որոնք այսպես, թե այնպես հանդիսանում են այդ խնդրի կրողը մեր հասարակության մեջ։ Փորձեցինք ավելի գործնական մոտեցումներ առաջարկել, որոնք կարող են իրատեսական լինել մեր հասարակության համար»,-ասում է Մարիաննա Հարությունյանը։

Արդեն մի քանի տարի Հայաստանի կրթական համակարգը համընդհանուր ներառական է․ տարիների ընթացքում տարբեր բարեփոխումներ են իրականցվել, բայց, այնուամենայնիվ, ձեռնարկի հեղինակի կարծիքով, մեր դպրոցը, հայ ուսուցիչը, ծնողը, երեխան ու հասարակությունը առհասարակ նոր համակարգին պատրաստ չէին։

«Եթե երեխան տանը ճիշտ է դաստիարակվում շատ ավելի հեշտ է լինում նրան ներառել կրթական ու շփման։ Հենց այս պատճառով մենք ծնողին դիտարկում ենք որպես որոշիչ դեր ունեցող մեկը»,- ասում է մանկավարժական գիտությունների թեկնածու Մարիաննա Հարությունյանը։

Մարիաննա Հարությունյանը անկյունաքարային է համարում այն մոտեցումը, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխան երբեք ու երբեք չպետք է իմանա ու զգա, որ իրեն հատուկ մոտեցում է ցուցաբերվում ուսուցիչների ու դասընկերների կողմից։

«Ինչպես ներառել երեխաներին խմբային աշխատանքների մեջ, ինչպես խթանել կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող և չունեցող երեխաների համագործակցությունը, շփումն ու ընկերությունը․ այս ամենը շատ կարևոր է, որ իրական ու իրատեսական դառնա ներառական կրթական գործընթացը»,-ասում է դասագրքի հեղինակը։

Նոր դասագիրքը մանկավարժական համալսարանի ուսանողների ու ապագա ուսուցիչների համար է։ Նույն լսարանին է ուղղված նաև համալսարանի դասախոսների հեղինակած մյուս ձեռնարկը։

Բուհում համոզված են, որ մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը պետք է սկսել դպրոցից, ավելին՝ տարրական դասարաններից։ Համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում» ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակն է։ Ասում է՝  ուսուցիչն ինքը պետք է կարողանա տարբերակել ճիշտ և սխալ տեղեկատվությունը և այս հմտությունները փոխանցի նաև երեխաներին։

Թոփուզյանը կարծում է, որ ռիսկերը մեծացել են  հատկապես վերջին շրջանում․ համավարակով պայմանավորված՝  կրթությունն առցանց է, հեռավար, սովորողները՝ էլ ավելի կախված ժամանակակից տեխնոլոգիաներից։

«Ես շատ մեծ ռիսկեր եմ տեսնում․ տարրական դպրոցի երեխան ավագ դպրոցի երեխաների նման ծանրաբեռնվեց։ Խախտվեցին էթիկետի բոլոր կանոնները․ այդ տարիքի երեխան օրական 25 րոպե իրավունք ունի լինելուհամացանցում և օգտվելու դրանից, իսկ մենք օրական 4 դասերը համացանցում արեցինք»,-ասում է Աիդա Թոփուզյանը։

Մանկավարժության ամբիոնի վարիչը կարծում է՝ երեխաների ուսուցման գործընթացը կազմակերպելիս պետք է առաջնահերթ կարևորել երեխայի առողջությունը և ցանկացած որոշման հիմքում դնել երեխայի շահն ու կարիքները։

Back to top button