ԿարևորՀասարակություն

270 մլն դոլար. մեկ «Բայրաքթար» կամ վերջին 10 տարում Հայաստանի գիտությանն ուղղված գումար

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները պնդում էին խորհրդարանական և արտախորհրդարանական ձևաչափով փաստահավաք հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, դրան դեմ արտահայտվողները հակադարձում էին, թե այս փուլում աշխատանքը քաղաքականացվելու է, և ճշմարտությունը չի բացահայտվելու։

44–օրյա պատերազմի խնդիրներն ու հետևանքները այսօր քննարկվել են ԱԺ–ում, բայց գիտության և կրթության զարգացման համատեքստում։ Ուշագրավ տարբեր փաստեր են հնչել։ Մեկ «Բայրաքթար» ստեղծելու  համար անհրաժեշտ է 270 միլիոն դոլար, շուրջ այդքան է կազմել Հայաստանում գիտության ոլորտին վերջին 10 տարում հատկացված գումարը։  

Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա աշխատանքը ղեկավարող Արծրուն Հովհաննիսյանի համար կան պատերազմական շատ դրվագներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Բայց հանրությունը Արծրուն Հովհաննիսյանից նույնպես պարզաբանումների է սպասում։ Մասնավորապես այն տեղեկությունների վերաբերյալ, որոնք այսօրվա իրողությունների համատեքստում մոլորեցնող են գնահատվում։ Հովհաննիսյանը վկայակոչում է պատերազմից մեկ ամիս անց իր աշխատանքները վերլուծած միջազգային մի կառույցի եզրակացությունը։   

«400 հրապարակում եմ ունեցել 44 օրվա ընթացքում, մոտավորապես 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք», ոչ թե՝ «Հաղթում ենք»․ խիստ տարբեր բաներ են։ 160 –ից ավելի են եղել այն հրապարակումները, որ իրավիճակը շատ ծանր է, սթափեցնող և այլն, և այլն։ Փորձագետներն իրենց գնահատականը տալիս են, որ քարոզչությունը շատ ճիշտ համամասնությամբ է իրականացվել։ Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս մոտ շատ ծանր էմոցիոնալ վիճակ է։ Մենք անպայման ուզում ենք մեր մեջ գտնել դավաճանների, ու շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճաններ գտնել»։

Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում էր։ Պատերազմից հետո ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին խորհրդարանից դուրս ստեղծել փաստահավաք խումբ՝ Արցախյան երկրորդ պատերազմի անպատասխան հարցերը պարզաբանելու համար։ Իշխանական թևը վաղաժամ է համարում այդ աշխատանքը։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հիմնավորմամբ՝ այս փուլում նման հանձնաժողովի աշխատանքը կքաղաքականացվի, ինչը կշեղի ուշադրությունը հիմնական հարցերից։

Թեև Արծրուն Հովհաննիսյանը ցավում է, որ կասկածների սլաքներն ուղղվում են դեպի զինվորական շրջանակներ, բայց նույն պահին էլ թվարկում է այն հարցերը, որոնք մտահոգում է իրեն․

«Չափազանց շատ, բայց առաջին հերթին կազմակերպչական, պատերազմավարման, մարտավարության, կոնկրետ անձանց գործողությունների՝ նկատի ունեմ զինվորականների։ Ես քաղաքական դաշտ չեմ մտնում, քաղաքական թեմաներին չեմ տիրապետում։ Պատերազմից անցել է 3–4 ամիս, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, դրվագ առ դրվագ, բայց բաներ կա, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում։ Ինձ համար անհասկանալի է Շուշիում լիքը բաներ»։

Ոչ թե քննիչ հանձնաժողով, այլ պարզապես՝ խորհրդարանական լսումների ձևաչափ և ոչ թե կասկածների ու մտահոգությունների քննարկում, այլ՝ հետագա անելիքների։ Այս աշխատանքներն էին այսօր խորհրդարան բերել բազմաթիվ մասնագետների։ Արցախյան երկրորդ պատերազմը՝ գիտության և կրթության ոլորտի առջև հետևություններ անելու խնդիր է դրել։ Խոշորացույցի տակ է ռազմարդյունաբերությունը։ Բայց նախ՝ պետք է հասկանալ առաջ շարժվելու ճիշտ ուղղությունը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան․ «Մերը պետք է մեկ քայլ առաջ լինի։ Վաղվա պատերազմը, որը պարտադրված կարող է լինել, լինելու է հեռահար, հեռահար կառավարվող, բայց հստակ ոգեղեն զինվորով, ոչ անտարբեր հրամկազմով, և մեր առաջնահերթությունները պետք է հենված լինեին այդ կարողությունների միասնականության վրա։ Գիտությունը դրա մեջ պետք է լինի առաջատար ուժը»։

Արցախյան երկրորդ պատերազմի դասերից մեկն այն է, որ ծանր սպառազինությանը զուգահեռ զարգանում և որոշիչ են դառնում թեթև և գիտատար սպառազինություններն ու տեխնոլոգիաները։ Խնդրի վրա ուշադրություն է հրավիրում Հայաստանի գիտական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Այս խնդիրը  պահանջում է այլ մակարդակի հմտություններ և կարողություններ․ խոշոր գործարանների փոխարեն՝ զարգացած գիտություն ու գիտատար արդյունաբերություն։

«Սա հնարավորություններ է բացում փոքր պետությունների համար, այս խաղի մեջ մտնելու նպատակով և որոշ դերակատարում ունենալու համար։ Այս մրցավազքին չմասնակցելը կարող է ճակատագրական լինել հատկապես մեզ համար։ Պետք է նաև հասկանանք, որ ապագայի պատերազմը և անվտանգային մարտահրավերները կարող են տրամագծորեն տարբերվել նրանից, ինչը մենք տեսանք։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ պետք է տարվեն՝ դրանց բնույթը կանխատեսելու և դրանց նախապատրաստվելու ուղղությամբ»,- ասաց Հայաստանի գիտական կոմիտեի նախագահը։

Մեր ներուժը կարող է դա ապահովել՝ աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում։ Դիտարկվում է Սփյուռքի մասնագետների ներգրավվածության անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանի գիտությունն այժմ համարվում է ծերացող։ ԱԺ–ի կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույն «Բայրաքթար»–ի օրինակն է բերում։ Անօդաչու թռչող սարքը իր տեսակի մեջ լավագույնը չէ, բայց այս պատերազմում վճռորոշ դերակատարում ունեցավ։ Իրականում, այս ԱԹՍ–ի մասերից ոչ մեկը Թուրքիայում չի արտադրվել։

«Մի փոքր հետազոտություն անելու պարագայում կտեսնեք, որ մենք ունենք տարբեր երկրներում, անուններ հիմա չեմ ուզում հնչեցնել, նույն «Բայրաքթար»–ի մասերի վրա աշխատող գիտնական–ինժեներներ, որոնք աշխատել և արդյունք են ստեղծել։ Այսինքն՝ իրենք իրենց աշխատանքն են արել։ Այդ տեսանկյունից Գիտության պետական կոմիտեն անելիք ունի, որպեսզի այդ ներուժը մենք կարողանանք բերել։ Պետք չէ այդ մարդիկ գան Հայաստան, նրանք կարող են մնալ իրենց տեղերում, բայց ստեղծեն «դպրոցներ» և դրանց միջոցով իրենց գիտելիքները փոխանցեն երիտասարդ սերնդին և փորձեն համագործակցության տարբեր մեխանիզմների միջոցով գալ ինչ–որ լուծումների»։          

Արդեն խմբավորված խնդիրներից կարևորագույնը կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորումն է։ Մեկ «Բայրաքթար» ստեղծելու վրա ծախսվում է 270 միլիոն դոլար, այդքան գումար 10 տարում հատկացվել է Հայաստանի գիտությանը։

Ռոբոտաշինության ինժեներ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը ոչ թե վերացական ծրագրերի, այլ շոշափելի և արդեն հանդիպած խնդիրների մասին է խոսում․

«Հայաստանում այս պահին չկա կառավարման համակարգերով զբաղվող գոնե մեկ առաջադեմ գիտական խումբ, որի հետ ավտոմատ համակարգեր, մասնավորապես՝ ԱԹՍ–ներ նախագծող ընկերությունները կարող են համագործակցել։ Այն բոլոր տեխնոլոգիական հաջողությունները, որ անկախ Հայաստանում գրանցվել են մինչև այսօր, խորհրդային հզոր գիտության հետևանքն են։ Բայց վերջին 30 տարվա ընթացքում այդ կարևորագույն ենթակառուցվածքը միայն քամել ենք և շարունակում ենք քամել։ Գիտության զարգացման ծրագրերը եղել են ու կան, բայց անհայտ պատճառներով այդ ծրագրերի մեջ ներդրումներ չեն արվում»։  

«Եթե 2000-ականներին այսպիսի քննարկում ունենայինք և ճիշտ ուղղությամբ գնայինք, հիմա անվտանգություն կունենայինք»․ սա արդեն գիտության կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի կարծիքն է։ Քննարկումից բացի, սակայն, կարևոր է ելույթներից հետևություններ անելը, դրանցից  իրական աշխատանքի անցնելն ու արդյունքի վերածելը։

Back to top button