ԿարևորՀասարակություն

Կրակոցներ կան, խուճապ՝ ոչ․Սյունիքի սահմանամերձ գյուղերի համայնքապետերը՝ իրավիճակի մասին

Ահաբեկել կապանցիներին չի ստացվի՝ Ճակատեն վարչական շրջանի ղեկավար Հուսիկ Սարուխանյանն է ասում «Ռադիոլուրին»՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի վերջին դիտարկումներին, թե Սյունիքի մի շարք գյուղերի անմիջական հարեւանությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանցիները պարբերաբար կրակ են արձակում, ըստ ամենայնի՝ երբեմն հարբած վիճակում։ Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Երբեմն վիճարկելի  սահմանազատման հետեւանքով Կապանի որոշ գյուղերի հեռավորությունն ադրբեջանական հենակետերից որոշ տեղերում չափազանց փոքր է, 1 կմ-ից ընդհուպ մինչեւ 1 մետր։ Մեզ հետ զրույցի պահին Ճակատենի ղեկավարը սահմանին էր՝ այն հսկողների  կողքին ծանոթանում էր անվտանգային իրավիճակին։  

«Հիմա նայում եմ՝ քայլում են, իրար հետ խոսում։ Օդային սահմանը 250 մ է մինչեւ գյուղի՝ իրենց կողմից առաջին տունը։ Գյուղի վերջում կանգնած նայում եմ իրենց։ Թուրքն այնտեղ կանգնած է, իսկ 5 մետր հեռավորության վրա մեր սահմանապահ ջոկատն է։ Գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել, մենք կրակոց չենք լսել։ Կրակոցներ արձակելու դեպքում ձայնը լսելի է լինում գյուղի ցանկացած հատվածից։ Բայց անվտանգության հարցը ճակատենցիներին շատ է անհանգստացնում»։  

Կապանի մյուս համայնքում՝ Ներքին Հանդում, առօրյա հոգսերը գրեթե նույնն են, ինչ Ճակատենում, բայց սոցիալ-տնտեսականից ավելի անհանգստացնում են անվտանգային հարցերը։ Գյուղացու եւ գյուղի համար երկու ամիս մշտական դարձած հարցերին ավելացել են գարնանացանի կազմակերպման, ինչպես նաեւ խոշոր եղջերավորներին արոտավայրեր տանելու հարցերը։

«Արոտավայրերի մի մասը հենց սահմանին է»,–ասում է Ներքին Հանդի վարչական ղեկավարը եւ իրավիճակը ներկայացնելով՝ հավելում․ «կրակոցների հաճախակի չեն, բայց սխալ է ասել, որ ընդհանրապես չեն կրակում»։

«Երկու օր է՝ ընդհանրապես կրակոց չկա, բայց մի քանի օր առաջ կրակում էին։ Գյուղից մինչեւ ադրբեջանական պոստեր 400 մետր է։ Գյուղի ուղղությամբ չեն կրակում, բայց ավտոմատից կրակ արձակվում է տարբեր ժամերի՝ գիշեր, թե ցերեկ։ Անվտանգ չէ, սահմանին ո՞նց կարող է անվտանգ լինել։ Կրակոցների վերաբերյալ տեղեկությունները փոխանցվում են Կապանի քաղաքապետարան, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին։ Երեխաները տանից հաճախ դուրս չեն գալիս, հիմնականում տանն են, իսկ դպրոց հաճախում են։ Կապի երեք ալեհավաք իրենց կողմում մնաց, հիմա կարողացանք երկուսը բերել, մեկը՝ մնաց»։

Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը ցավով նկատում է՝ նախորդ տարիներին համայնքը՝ որպես հնագույն բնակավայր, զբոսաշրջիկների սիրելի վայրերից էր։ «Զբոսաշրջությունը 2020–ին անկում ապրեց, եւ երեւի Շիկահողը երբեմնի հետաքրքրությամբ չառանձնանա»։ Զբոսաշրջիկների աշխույժ շարժին այսօր փոխարինում է ադրբեջանցիների զենքի ձայնը։ Շիկահողի գյուղապետ․

«Կրակոցներ լինում են, թե ո՞րն է պատճառը՝ չգիտեմ։ Գյուղին չի հասնում, բայց լսվում է։ Մենք կունենանք վախեր այնքան ժամանակ, քանի դեռ կանոնավոր բանակը չհսկի սահմանը, գյուղի բնակիչները դեկտեմբերի  25–ին են վերադարձել տուն, հիմա հսկում են կամավորականները։  Չգիտենք՝ թշնամուց ինչ սպասել։ Շատերը մտածում են երեխաներին գյուղից տեղափոխել՝ անորոշությունից դրդված։ Սահմաններն այնքան անկանոն են գծված, որ իրենց տարածքից մտնում ենք մեր տարածք եւ հակառակը՝ հստակ գիծ չկա։ Ուղիղ գյուղի կենտրոնից 1 .5 կմ է՝ մինչեւ սահման։ Գյուղամիջից չէ, բայց գյուղի վերեւի հատվածից տեսնում ենք իրենց շարժը»։

Շիկահողի անմիջական հարեւան, անտառապատ հարուստ բնությամբ առանձնացող Սրաշենը եւս խնդիրներ ունի, բայց այստեղ ավելի լավատես են։ Սրաշենի անտառի անմիջապես ճանապարհից սրաշենցի Մայիս Ստեփանյանը պատմում է՝ ինչ իրավիճակ է գյուղում․ «անհանգստացնող կրակոց չկա»՝ «Ռադիոլուրին» ասում է Սրաշեն գյուղի բնակիչը։

«Եթե ասեմ՝ ամբողջ օրը կրակում են, ես էլ կրակոցների արանքով քայլում եմ՝ սխալ է։ Անհանգստություն կա, թուրքը եկել է, դարավոր թշնամի է, բայց բոլորս մեր տեղերում կանգնած ենք»։

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցների վերաբերյալ իր մտահոգությունները ՀՀ ՄԻՊ-ը ներկայացնելու է ԵԱՀԿ, ՄԱԿ, ԵԽ՝ շեշտելով՝  սա նպատակ ունի ահաբեկել խաղաղ բնակիչներին։ Մինչ միջազգային կառույցները կարձագանքեն՝ արձագանքում են սյունեցիները՝ իրենք ամուր են իրենց գյուղերում, սակայն սահմանների անվտանգության ապահովումն օրախնդիր է։

Back to top button