Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտից հետո լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց


Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 64 ապօրինի ցանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հսկողության միջոցառումները շարունակվում են։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվել է «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը
- Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 255 պայմանագիր շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար
- Որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ
- Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։