ԿարևորՀասարակություն

ՌԴ օդային դարպասները բացվում են, բայց մեկ ամսով ու քովիդ-թեստի հստակ պահանջներով

Այսօրվանից մեկնարկած թռիչքներին պատրաստվող քաղաքացիները արդեն որոշ խնդիրների բախվել են։ Դրանք միայն փետրվարի մեկին, որպես բացառություն, կշրջանցվեն, սակայն պատկան մարմինները քաղաքացիներին զգուշացնում են՝ ՌԴ մեկնելու համար պարտադիր է ունենալ կոնկրետ լաբորատորիաներում հանձնած քովիդ-թեստի պատասխան։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունից  Ռադիոլուրին փոխանցել են, որ այսօր  դեպի ՌԴ վեց  չվերթ է կատարվել,  4–ը՝  Մոսկվա, 1–ը՝ Դոնի Ռոստով, ևս մեկ չվերթ էլ կատարվել է  դեպի Միներալնիե Վոդի։

Մոտ  տասը ամիս փակվելուց հետո դեպի ՌԴ օդային դարպասները  մեկ ամսով   բացվում են։ Բացվում են, բայց ոչ նախկինի պես․ Ռուսաստան գնալու համար պարտադիր է դարձել սմարթֆոն ունենալն ու «Ճամփորդում եմ առանց  Covid 19-ի» հավելվածը։  Ռուսաստանը մուտքի թույլտվություն է տալիս այն անձանց, որոնք կոնկրետ  լաբորատորիաներում հանձնել են covid-թեստ և ունեն դրա բացասական պատասխանը՝ QR կոդով։ Ընդ որում՝ թեստի պատասխանի վավերականությունը պետք է լինի առնվազն 72 ժամ։ Մինչդեռ չվերթերից առաջ պարզվեց՝ ոչ բոլոր քաղաքացիներն են փոփոխությանը տեղյակ։ QR կոդերն էլ իրենց չէին բացվում։ Հենց  այս պատճառով  Զվարթնոց  օդանավակայանում  վաղ առավոտից  խաթնաշփոթ էր․  ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները տոմսը ձեռքին՝ մեկնել չէին կարողանում։

«Երեկ եկել ասել եմ, որ ունեմ Մոսկվայի տոմս։ Թեստը հանձնալ եմ, կոդը չի բացում, որ կարողանամ գնալ։ Տոմսը 151 հազար դրամով եմ գնել։ Աշխատողն ասել է, որ եթե թեստի պատասխանը դրական լինի, տոմսը չի կորի, կպահեն մինչև վարակն անցնի»։

Այս խնդրին բախված  քաղաքացիների համար միայն այսօր բացառություն կարվի․ մարդիկ Հայաստանից կարող են մեկնել առաջիկա օրերին՝ «Արմենիա» ավիաընկերությունից խոստացան ու բացատրեցին՝ տոմսերն առանց հավելավճարի կփոխեն, բայց քովիդ-թեստը կրկնելու պայմանով․ Արմենիա»  ավիաընկերության պարզաբանումն է․ փոխտնօրեն՝ Գևորգ Խաչատրյան։

«Քանի որ միայն այս ավիաընկերության չվերթով մեկնողների թիվը գերազանցում էր շուրջ երկու տասնյակը, ապա  ավիաընկերությունը բացառության կարգով միայն փետրվարի 1–ի ուղևորների համար տոմսերն անվճար  փոխելու հնարավորություն տվեց։ Քաղաքացիները արդեն իսկ մոտեցել են գրասենյակ, ու խնդիրը մեր մասով արդեն լուծված է։ Սակայն չէի ցանկանա, որ սա նախադեպ դառնար, որ քաղաքացիները սխալ թեստավորում անցնեն ու պահանջեն փոխել ավիատոմսը»։

ՀՀ-ՌԴ ավիատոմսերն այս օրերին կտրուկ թանկացել են։ Գևորգ Խաչատրյանը «Ռադիոլուրին» պարզաբանում է՝  սա բացառապես առաջարկ-պահանջարկով է պայմանավորված։  Մինչ փետրվարի 1-ն օդանավերը թերի էին ծանրաբեռնված՝ մոտ 50 տոկոսով, ուստի տոմսերն էժան էին։ Մինչդեռ սահմանների բացումը կտրուկ մեծացրել է պահանջարկը, տոմսերն ակնթարթորեն պառվել են։ Այս շաբաթվա համար դեպի ՌԴ   հատուկենտ տոմսեր են մնացել։ ՏՄՊՊՀ–ից էլ «Ռադիոլուր»–ին փոխանցեցին՝ հետևում են ավիաշուկայի զարգացումներին․ տոմսերի գների վայրիվերումները դիտարկվում են։

Համավարակից ու համատարած սահմանափակումներից հետո   ամենաշատը տուժած ոլորտներից մեկն էլ ավիացիան է։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննսիյանը  «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝ ինչպես են փոխվել ուղևորահոսքերն անցյալ ու նախանցյալ տարիներին։ Տարբերությունն ակնհայտ է՝

«2020-ին իրականացվել է 10,185 թռիչք-վայրէջք, իսկ 2019-ին՝ 27,431: Թռիչք-վայրէջքների քանակը նվազել է շուրջ 63 %-ով»:

Փետրվարի 1-ին դեպի ՌԴ միանգամից վեց թռիչք է իրականացվել։  Սահմանները բացելու այս նախաձեռնությունը դեռ փորձնական է՝ մինչև մարտի 1-ը։  Հայաստանի կառավարությունում, սակայն,  հույս ունեն, որ ժամկետը կերկարաձգվի։ Իսկ Ռուսաստանն այս ընթացքում, համավարակով պայմանավորված սահմանափձակող միջոցառումներից բացի, նաև միգրացիոն քաղաքականությունն է խստացնում։

Կանխատեսվում է, որ միգրացիոն հաշվառումը զգալիորեն բարդանալու է։  Ըստ այդմ՝ եթե ոչ եռակի, ապա կրկնակի անգամ կավելանան մուտքի արգելքները։

Back to top button