Հայ երիտասարդը՝ տիեզերագնացների թեկնածուների շարքում


Շուրջ 1,5 տարի տևած ընտրության արդյունքում Ռուսաստանը չորս նոր թեկնածու է ընտրել տիեզերագնացների մարզումներին մասնակցելու համար։ Մեր հայրենակից Հարություն Կիվիրյանը ևս ընտրված տիեզերագնացների շարքում է։
«Ռոսկոսմոսը» ՝ Ռուսաստանի Դաշնային տիեզերական կորպորացիան, հունվարի 28-ին, ներկայացրել է ընտրության արդյունքները։
«Հաղթողների անուններն են Սերգեյ Իրտուգանով, Ալեքսանդր Կոլյաբին, Սերգեյ Տետերյատնիկով և Հարություն Կիվիրյան»,- ասված է «Ռոսկոսմոսի» կայքում:
Տիեզերագնացության մասնագիտությունը յուրացնելու են Սերգեյ Իրտուգանովը, Ալեքսանդր Կոլյաբինը, Սերգեյ Տետերյատնիկովը և Հարություն Կիվիրյանը: Մոտ ապագայում նրանք կսկսեն ուսումնասիրել «Ընդհանուր տիեզերական ուսուցում» դասընթացը, որը կտևի երկու տարի:


Ընտրված անձինք տիեզերք կթռչեն։
Ընտրության նպատակը Ռուսաստանի Դաշնային տիեզերական ծրագրի իրագործումն ապահովելու համար լավագույն մասնագետ աշխատակիցների հավաքագրելն է:
Բոլոր մասնակիցներն անցել են մի քանի փուլեր.
1. Կրթության և մասնագիտական համապատասխանության պահանջներին համապատասխանության ընտրություն,
2. բժշկական համալիր հետազոտություն,
3. հոգեբանական գծերի գնահատում,
4. ֆիզիկական պատրաստվածության պահանջներին համապատասխանության փորձարկում:
27- ամյա Կիվիրյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ուստինովի անվան Բալթյան պետական տեխնիկական համալսարանը՝ ստանալով հրթիռների մասնագիտությամբ ինժեներական կոչում, աշխատել է որպես փորձարկող ինժեներ «Ռոսկոսմոս»-ում: