Կարմիր Շուկայի կիսավեր տունը չեն թողնի․ Մանասյանները կվերադառնան Արցախ


Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկան հիշվում է պատերազմի օրերին թեժ մարտերով ու դպրոցի շենքում տեղակայված զինվորական հոսպիտալով: Պատերազմի ընթացքում Կարմիր Շուկայում մնացել էին հիմնականում տղամարդիկ, Կարոտ Մանասյանը՝ նույնպես։ Մանասյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, բայց այստեղ մշտապես բնակվելու մտադրություն չունի: Հաստատակամ որոշել են տուն վերադառնալ ու վերանորոգել իրենց կիսավեր տունը։
Մանասյանների տունը պատերազմի պատճառով ավերվել է: Պատերազմը ծանր հետքեր է թողել նաև երեխաների առողջության վրա: Նրանց աջակցել են հոգեբանները:
Արմավիրի մանկավարժահոգենբանական աջակցության կենտրոնում ժամանակավորապես ապրող արցախցի քույր ու եղբայր Գոռն ու Անժելիկան հոգեբանների օգնությամբ հաղթահարել են պատերազմից ձեռք բերած վախերը:
Մայրը՝ Մարինե Մանասյանը, ասում է, որ երեխաները որոշակի խնդիրներ են ունեցել, տղան 7 տարեկան է, աղջիկը՝ 13.


Հոգեբանների աշխատանքից հետո երեխաները փոխվել են, ավելի շփվող են դարձել, չեն խուսափում խմբակային պարապմունքներից:
«Առաջին օրերին նրանք չէին էլ ուզում գալ, խնդրելով եկել են, ներգրավվել աշխատանքների մեջ: Հիմա արդեն Գոռն ու Անժելիկան իրենց ցանկությամբ են գալիս այստեղ, մեծ սիրով են գալիս», -ասում է հոգեբանը։
Անժելիկան ու Գոռը պատերազմից մեկ շաբաթ անց են մոր ու տատիկի հետ եկել Հայաստան, իսկ արդեն 2 ամիս ապրում են Արմավիրում: Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայից են: Այս գյուղը շատերը դեռ երկար կհիշեն զինվորական հոսպիտալով, որը գտնվել է դպրոցի շենքում: Պատերազմի ընթացքում Կարմիր Շուկայում մնացել էին հիմնականում տղամարդիկ, Կարոտ Մանասյանը նույնպես.
«Ընտանիքս ուղարկել եմ հոկտեմբերի 3-ին, ես տանն եմ մնացել, ասի՝ դե, գամ, ինչ անեմ, ամեն դեպքում մնամ գյուղում, մենակ ես չէի, տղերքով էինք: Ճիշտն ասած՝ ես վաբշե ծառայող չեմ, 2-րդ խմբի հաշմանդամ եմ, իմ ողնաշարը լավ չի, ինձի վաբշե չեն տանում: Կովեր ունեի, այծեր ունեի, խնամում էի»:


Գյուղը չի անցել թշնամուն, բայց Կարոտ Մանասյանի տունը պայթյուններից կիսավեր է դարձել: Ասում է՝ հին շինություն էր, նոր էր գնել, պարտքն էլ ամբողջությամբ չէր փակել
«3 սենյակ էր, հին տուն, ռմբակոծությունից փլվեց: Երկու տարի առաջ եմ առել, մինչև այդ ապրել եմ ուրիշի տներում: Տան փողն էլ լրիվ չեմ տվել»:
Պատերազմը դեռ չէր ավարտվել: Նոյեմբերի սկզբին Կարոտն անասունները մի քանի օրով թողել էր հարևանի խնամքին ու եկել Հայաստան՝ ընտանիքին տեսնելու: Եկավ, պատերազմն ավարտվեց, ինքն էլ մնաց: Արդեն 3 ամիս Արցախում չի եղել, իրականությանը մոտիկից չի առնչվել.


«Ես մինչև վերջ տանն էի, գյուղում էի: Նոյեմբերի 7-ին եկել էի, որ իրանց տենամ, հետ դառնամ՝ 7-ին եկա, 8-ին մնացի, ասի՝ 9-ին գնամ: Բայց դե դառավ էն, ինչը որ դառել ա, ես էլ մնացի, էլ չգնացի»:
Հայաստանում մշտապես բնակվելու մտադրություն չունի: Հաստատակամ որոշել է տուն վերադառնալ, սպասում է ձմռան ավարտին.
«Եղանակները կլավանան, կգնանք, կսարքենք, հո չեմ թողնելու տենց մնա»:
Երեխաներն էլ են կարոտել իրենց գյուղն ու տունը: Մանասյանները հույս ունեն, որ կառավարության կամ հովանավորների օգնությամբ կկարողանան վերականգնել իրենց տունն ու նորից ապրել հարազատ գյուղում: