ԿարևորՀասարակություն

Ժամկետանց վերելակների ապագան

Այսօր վերելակի մասնագետի միջազգային օրն է։ Հայկական լեզվամտածողությունն ու կենցաղը ստեղծել են այսօրինակ ձեւակերպումներ՝ լույսի մարդ, գազի մարդ, ջրի մարդ, լիֆտի մարդ․ վերջինն ավելացնում է զրուցակիցս՝ վերելակի մասնագետ Արամ Պետրոսյանը։ Նա այն վերջին սերնդի ներկայացուցիչն է, որին Հայաստանում պատրաստում էին հատուկ որպես վերելակի մասնագետների։

Արամը «Հայէլէկտրամեքենա» գործարանին կից ուսումնարանի՝ վերելակների մասնագետ պատրաստող բաժնի վերջին շրջանավարտներից է։  1973 թվականից մինչ օրս աշխատում է իր մասնագիտությամբ։ Մասնագիտություն, որն ունի միջազգային օր, բայց ինքն այս մասին այսքան տարվա ընթացքում լսում է առաջին անգամ։ «Ռադիոլուրի» շնորհավորանքից շոյվում է, ապա փոխանցում իր սպասարկման թաղամասի վերելակների ընդհանուր վիճակի ամփոփ պատկերը։

«Ընդհանրապես Արարատյան մասիվի բոլոր վերելակները շատ հին են, դրանք նույն ժամանակ են տեղադրվել, բոլորն  էլ ժամկետանց են»,-ասում է Արամ Պետրոսյանը։

Վերելակի մասնագետներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան 9-ից երեկոյան 9-ը։ Սակայն վերելակի խափանումներն օր ու ժամ չեն ճանաչում։ 

«Գիշերային ժամերին հերթապահություն չունենք, քաղաքացիներն են զանգահարում․ գալիս ենք, իսկ եթե ԱԻՆ են զանգում, իրենք գալիս են, բայց շատ են վնասում վերելակը, միայն թե մարդուն հանեն ու գնան, հետո մենք չարչարվում ենք, որպեսզի իրենցից հետո  վերելակը սարքին դարձնենք»,-պատմում է զրուցակիցս ։

Ապա զրուցակիցս խոստանում է մի շարք գաղտնիքներ պատմել՝ ինչպես են կառավարվում վերելակները։ Բարձրանում ենք տանիք, որտեղ վերելակը կառավարվում է մագնիսական վահանակի միջոցով։ Մագնիսական վահանակը մեղմ ասած չէր համապատասխանում իմ պատկերացումներին, մինչև վահանակ տանող ճանապարհը՝  սարսափ ֆիլմից կադր։

Մագնիսական վահանակի կողքին էլեկտրական անիվն էր, որի վրա հաճախ, ինչպես ասում է զրուցակիցս, առնետներ են պտտվում։  Դա կարող է պատճառ հանդիսանալ, որ վերելակի լույսերն անջատվեն, կամ քաղաքացին ուղղակի մնա վերելակի մեջ։  Այս վերելակները ժամկետն անց են, բայց այնուամենայնիվ  դիմացկուն, ի տարբերություն նոր վերելակների, նշում է զրուցակիցս։  Նոր վերելակները բելառուսական են, խափանվելու դեպքում վերանորոգելը բարդ է լինելու, որովհետև  պահեստամասերը պետք է դրսից բերվեն։  Նոր վերելակի առաջին թերությունը որ ակնհայտորեն նկատելի էր,  խցիկի ներսում  վատ կամ կարելի է ասել լուսավոչության բացակայությունն էր։ Տեխնիկական խնդիր է, որը կլուծեն այն ժամանակ, երբ  վերելակի մասնագետները սկսեն սպասարկել այն։

«Այս նոր վերելակը դեռ մեզ պետք է հանձնեն, ես փաստորեն սա դեռ չեմ սպասարկում, երբ որ հանձնեն կզբաղվենք  անսարքության հարցերով»,-նշում է Արամ Պետրոսյանը։

Վերելակի արտաքին տեսքն ամեն դեպքում անհամեմատելի է,  վերելակի մեջ մնալու հավանականությունը՝ գրեթե ի սպառ բացակայում է։

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն շուրջ 4400 վերելակ, դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: 2007-2008թթ. պետական բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով Երևանում տեղադրվեց 35 նոր վերելակ, նորոգվեց շուրջ 2500-ը: Սակայն նորոգվածներն արդեն վերանորոգման կարիք ունեն, խնդիրը պահանջում է համապարփակ լուծում: Ըստ նախատեսված ծրագրի,  վերելակների մեծ մասը փոխված պետք է լինեն մինչև 2023 թվականը։Նոր վերելակները տրվում են  շահագործման  կրկին 25 տարով, հուսանք՝ կայուն ու անվտանգ։

Back to top button