ԿարևորՎերլուծական

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ. նախապատրաստություն պատերազմի՞, թե՞ հոգեբանական ճնշում

Ի՞նչ նպատակ ունեն Կարսում այսօր մեկնարկած  թուրք–ադրբեջանական  հերթական զորավարժությունները և  ի՞նչ խնդիր են փորձում լուծել։ Փորձագետները կարծում են, որ դրանց ուղերձը հստակ է․զորավարժություններ ուղղված են  Ռուսաստանի դեմ, միաժամանակ՝ նպատակ ունեն հոգեբանական լրացուցիչ ճնշում գործադրել հայ հանրության վրա։ Փորձագետների գնահատմամբ, այնուամենայնիվ, նոր պատերազմի վտանգը իրական է։

Անիպեմզա բնակավայրը Հայաստանի՝ Կարսին ամենամոտ բնակավայրերից է։ Համայնքի ղեկավար Հարություն Թառլանյանը «Ռադիոլուրի» հետ զրուցելիս թեև գյուղում չէր, բայց մեկնարկած զորավարժությունների ձայները հասցրել էր լսել։ 

 «Ձայները լսել եմ։ Դրանք հաճախակի չէին, բայց ժամանակ առ ժամանակ հնչում էին։ Կարծես «գրադի» ձայն լինեին»։

Փորձագետները կարծում են, որ այս զորավարժությունները, մի կողմից, ուղղված են Ռուսաստանի դեմ, մյուս կողմից՝ նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի հանրության վրա։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյան.

 «Սա առաջին հերթին ուղղված է ՌԴ-ի դեմ, քանի որ թուրք-ադրբեջանական ուժերը փորձում են հաղթանակի ֆոնի վրա ցուցադրել իրենց ուժը, որ իրենք տարածաշրջանում մարտունակ են ու ամենակարեւոր բանակն ունեն։ Մյուս կողմից՝ նպատակը նաև ՀՀ բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է»։ 

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Կարսում մեկնարկած  զորավարժությունները թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության շարունակությունն են։ Մտահոգվելու առիթ թուրքագետը տեսնում է.

«Ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ զորավարժություններին պետք է մասնակցեն հարձակվողական զորատեսակների ներկայացուցիչներ։ Դրանք պետք է ուղղված լինեն Հայաստանի դեմ հարձակում նախապատրաստելուն։ Այնպես որ՝ դրանք ե՛ւ նախապատրաստական զորավարժություններ են, ե՛ւ ունեն հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ»։

Կարսին սահմանակից Անիպեմզայում, սակայն, համայնքապետ Հարություն Թառլանյանի փոխանցմամբ, զորավարժությունները մարդկանց տրամադրությունների վրա որեւէ կերպ չեն ազդել։

 «Մտավախություններ, մտահոգություններ չկան։ Դե, ժողովուրդը վաղուց արդեն լսել է, որ փետրվարի 1-ից էդ զորավարժություններն անցկացվելու են։ Մտավախություններ չկան, միայն տարբեր խոսակցություններ են։ Չնայած մենք բավարար քանակությամբ թաքստոցներ ունենք, որ բավականացնի մեր բնակիչներին՝ հարկ եղած դեպքում, Աստված մի արասցե։ Թող խաղաղություն լինի մեր երկրին, մե զինվորներին ուժ ու կորով»։ 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Կարսում զորավարժությունների ուղերձը շատ հստակ է. դրանք անցկացվում են Գյումրիի ռուսական ռազմակայանի հարեւանությամբ, իսկ մտահոգվելու առիթ կա, քանի որ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանային երկրների համար քաղաքական նոր իրողություններ են ձևավորվել։ 

«Մենք հաճախ զգայական գնահատական ենք տալիս, բայց  իրականում պետք է հստակորեն հասկանանք․ անդրկուլիսյան շատ խաղացողներ չեն ստացել այն, ինչը պետք է ստանային կամ ակնկալում էին, ուստի տարածաշրջանի խնդիրների բարդ հանգույցը մնում է չլուծված, հետեւաբար՝ պատերազմի վտանգը մնում է իրական»։   

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է, որ իրականում այս զորավարժություններն ամենամյա են, բայց նաև ընդգծում է, որ  դրանց անցկացումն այսօրվա իրողությունների ֆոնին, այն էլ՝ Հայաստանի Հանրապետության սահմանին այդքան մոտ, բավականին խնդրահարույց է։

 «Սա, իսկապես,  Հայաստանի հանրապետության բնակչության վրա հոգեբանորեն ազդելու է։ Բայց այս զորավարժություններից հետո իրական ռազմական գործողություններ ակնկալել սահմանին՝ Հայաստանի Հանրապետության դեմ, այդքան էլ իրատեսական չեմ համարում։ Մյուս կողմից՝ ավելի իրատեսական եմ համարում նման վտանգի առկայությունը Նախիջեւանում թուրք-ադրբեջանական համատեղ պատասխան զորավարժություններից հետո»։

Այդ զորավարժություններից հետո մտահոգության իրական առիթներ կարող ենք ունենալ, քանի որ հնարավոր են որոշակի սադրանքներ Ադրբեջանի կողմից»։

Սադրանքներ, ըստ փորձագետի հնարավոր են, քանի որ Նախիջևանում  Ադրբեջանը դիրքային խնդրահարույց հարցեր ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button