ԿարևորՀասարակություն

Ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է խմբագրվեն հայոց պատմության դասագրքերը

Հայոց պատմության դասագրքերում նորագույն շրջանի պատմությունն Արցախի մասով հասնում է մինչեւ Ապրիլյան քառօրյա պատերազմ։ Նախորդում են արցախյան առաջին պատերազմի իրադարձություններն ու 1994 թ․-ի հաղթական զարգացումները։ Իսկ քաղաքական զարգացումներն, առհասարակ, բավականին արագ են ներառվել դասագրքերում, օրինակ, դրանցում արդեն տեղ են գտել 2018-ի «Թավշյա հեղափոխության» իրադարձությունները։

Արցախյան վերջին պատերազմի ընթացքը ե՞րբ ու ինչպե՞ս պետք է ներկայացվի դասագրքերում։ Հարցին ի պատասխան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշում է՝ շտապել պետք չէ։ Նախ՝ զգայական առումով․ որովհետեւ հաղթանակի մասին ավելի հեշտ է գրել, քան պարտության։ Բացի այդ՝

«Կարելի է դա այսօր չգրել, ես ընդունում եմ, որ կարելի է մի քիչ սպասել, իրոք պարտություն կրեցինք, և այն էլ խայտառակ։ Դասագրքերը, բնական է, որոշ ժամանակ անց պետք է խմբագրել։ Ճիշտը դա է, անմիջապես պահի ազդեցության տակ չգրենք։ Իրականը պիտի գրվի, բայց ոչ հիմա՝այս պահին, որովհետև, կարծում եմ, որ մեկ–երկու տարի դեռ կա, մինչև նոր դասագրքեր գրելը»,–ասում է Էդիկ Մինասյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն այլ մոտեցում ունի՝ հապաղել պետք չէ․ իրադարձությունների ընթացքը պարզ է, և պատմական վերջին իրադարձությունները դասագրքերում արտացոլելու համար  կարիք չկա սպասել ասենք 20–30 տարի։
 
«Նախ արձանագրենք, որ պատերազմը փաստացի և պաշտոնապես դեռ ավարտված չէ, քանի չկա զինադադար, խաղաղության պայմանագիր, իսկ կողմերը դեռ պատերազմական իրավիճակում են։ Երբեմն պատմաբանները, որպես սեփական կարծիք չունենալու արդարացում, ասում են՝ պետք է անցնի այս պատմական  դրվագը, փաստաթղթավորվի, այսինքն՝ արխիվներ պետք է գնանք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։ Սա խուսափելու ձև է, ցանկացած պատմաբան ընթացիկ պատմությանը հետևելու ունակություն պետք է ունենա՝  վերլուծության ենթարկելու և հետևություններ անելու համար»,– նշում է Դեմոյանը։

«Ռադիոլուրի» զրուցակիցները նաեւ դասագրքերը խմբագրելու հարցում մոտեցումների հնարավոր տարբերության մասին են խոսում։ Էդիկ Մինասյանը հիշում է՝ երբ դասագրքերում իր շարադրմամբ ներառվում էին Արցախյան եւ Ապրիլյան քառօրյա պատերազմների զարգացումները, դրանց ներկայացման ձեւը միանշանակ չէր ընկալվել որոշ շրջանակների կողմից։ Իր շարադրանքը Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների որոշ հեղինակներ քննադատել էին՝ պատճառաբանելով, թե հայրենասիրության թեզերի փոխարեն պետք է Թուրքիայի հետ համերաշխություն և խաղաղ գոյակցություն քարոզել։ Մինչդեռ, Էդիկ Մինասյանի կարծիքով․

«Այդ նույն դասագրքերով 90–ական թվերին հայրենասիրական սերունդ ենք դաստիարակել, որոնք հերոսաբար կռվեցին։ Մարդիկ կան, որոնք քննադատում են, այդ մասերը համարում են ոչ պետքական։ Այնինչ, իմ կարծիքով, հենց այդ պատերազմի  հայրենասիրական իրադարձությունները արտացոլելն է կարևոր՝ հերոսական սերունդ դաստիարակելու  համար»,– նշում է Մինասյանը։

Հայկ Դեմոյանն իր հերթին հայոց պատմության մատուցման գործընթացում լրջագույն խնդիրներ է տեսնում, գերակշռում է առասպելականացումն ու բացարձականացումը՝ ասում է։ Զրուցակիցս ռիսկ է տեսնում, որ օրվա իշխանությունները կարող են պատմությունը հարմարեցնել քաղաքական հռետորաբանությանն ու տեսակետերին։

«Սա ամենավտանգավորն է, որ կարող է ցանկացած երկրում տեղի ունենալ, այսինքն՝ պատմության մեկնաբանում և վերամեկնաբանում՝ կապված քաղաքական օրակարգի հետ։ Պատմությունը մեր աչքի առաջ շարադրվում է։  Պետք է ունենալ այդ ունակությունը և քաջությունն իրերն իրենց անունով անվանելու»,– ասում է Դեմոյանը։

Ուշագրավ է, որ պատմության ներկայիս դասագրքում Արցախյան հարցի շարադրանքից հետո հարց է ուղղվում աշակերտին․«Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի հիմնախնդրի լուծումը»։ Սա հարց է, որի պատասխանը դեռ պատմաբաններն էլ պետք է փնտրեն՝ դասագրքերը խմբագրելուց առաջ։ Իսկ մինչ այդ՝ կա նաեւ հարցի տեխնիկական կողմը․ դասագրքերի տպագրության համար, որպես կանոն, որոշակի պարբերականությամբ մրցույթ է հայտարարվում, հանձնաժողով է ձեւավորվում։

Back to top button